ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Աշտարակի ճանապարհին

Այս ցուցանակը հավանաբար վթարի հետեւանքով է կոտրվել: Թերեւս ցանկալի կլիներ` պատկան մարմինները հետեւողական լինեին եւ կարգի բերեին կոտրված, ծռված ցուցանակը:

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ձկան խավիարի ներմուծման դեպքում ակցիզային հարկ վճարելու անհրաժեշտություն կա, թե ոչ:

Տիգրան Մկրտումյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի դրույթներով` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են գարեջուրը, խաղողի եւ այլ գինիները, սպիրտը (բացառությամբ կոնյակի սպիրտի) եւ սպիրտային խմիչքները, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները եւ սիգարետները` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, բենզինը, հում նավթը եւ նավթամթերքները, դիզելային վառելիքը, նավթային գազերը եւ գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ բնական գազի), քսայուղերը: Ձկան խավիարը ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք չէ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների անձանց կողմից ակցիզային հարկը վճարվում է ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

 

 

ՀԱՐՑ. Կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, վերականգնման տեխնիկական եւ այլ օժանդակ միջոցներ պետական պատվերի շրջանակներում ձեռք բերելու համար:

Օնիկ Դանիելյան (67 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Օ. Դանիելյանի հարցին ի պատասխան` տեղեկացնենք, որ անձը պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագա ստանալու համար դիմում է կազմակերպություն` ներկայացնելով.
– անձը հաստատող փաստաթուղթ (մինչեւ 16 տարեկան երեխաների համար` ծննդյան վկայական եւ նրա ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը),
– համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ,
– հաշմանդամներն առաջին անգամ դիմելու դեպքում` նաեւ վերականգնողական անհատական ծրագիր,
– լսողական սարք ստանալու համար` նաեւ սուրդոլոգի եզրակացությունը,
– աչքի եւ ձայնալարերի պրոթեզավորման համար` համապատասխան մասնագիտացված բժշկական կազմակերպությունների եզրակացությունները:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ բոլոր հաշմանդամներն ունեն անվճար բուժման արտոնություն: Բոլոր հաշմանդամները, իրենց վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան, ունեն անվճար պրոթեզաօրթոպեդիկ պարագա ստանալու արտոնություն: 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամները եւ հաշմանդամ երեխաներն ունեն անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները` 50 տոկոս զեղչով դեղորայք ստանալու արտոնություն: 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամներն ունեն քաղաքային էլեկտրատրանսպորտով անվճար երթեւեկելու արտոնություն: Հաշմանդամին սայլակը տրամադրվում է 3 տարի ժամկետով:




Լրահոս