ՆԱԽԱՐԱՐ, ՈՐԻ ԳՈՐԾԸ ՓՈՂ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ում ձեռքում հսկայական լծակներ են կենտրոնացած, հաջողացնում է մի տեսակ աննկատ մնալ: Նա ո՛չ կառավարության նիստերի, ո՛չ էլ ԱԺ պատգամավորների հետ կառավարության հարց ու պատասխանի օրերին գրեթե երբեւէ աչքի չի ընկել որեւէ խելամիտ հայտարարությամբ: Տնտեսագիտության թեկնածու Վարդան Վարդանյանը քաղաքաշինության նախարար դարձավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվոտայով 2007-ին: Նա մինչ ուսումնառության տարիները աշխատել է Երեւանի «Ռելե»-ի գործարանում որպես խառատ, ապա 27 տարեկան հասակում ավարտել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը (չենք վիճարկում, թե ինչպես): Ուսանողի կարգավիճակում նա Երեւանի «Պոժտեխնիկա» գործարանում նաեւ էլեկտրիկ է աշխատել, ապա բուհ-ն ավարտելուց հետո նշանակվել տնտեսագետ-նորմավորող Աբովյան քաղաքի «Սիրիուս» գործարանում: Կոմունիստական տարիներին Վարդանյանը եղել է Կոտայքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի կազմբաժնի հրահանգիչ, ապա` Կոտայքի շրջանի Առինջի սովխոզի տնօրեն, շրջխորհրդի նախագահի առաջին տեղակալ: Հայաստանի անկախացումից հետո այսօրվա նախարարը նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի ջրմուղ-կոյուղու N2 դ/ձ տնօրեն: Այս պաշտոնից հետո 5 տարի եղել է «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալը, ապա` Կոտայքի մարզպետի խորհրդականը: Իսկ քաղաքաշինության նախարար դառնալուց 3 տարի առաջ Վարդան Վարդանյանը զբաղեցրել է տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալի պաշտոնը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում Վարդան Վարդանյանը բավականին ազդեցիկ դիրքեր ունի, համարվում է Գագիկ Ծառուկյանի հավատարիմներից, համենայնդեպս, քանի դեռ լուրջ փորձությունների միջով չեն անցել նրանց հարաբերությունները: Նշվում է, որ Վարդան Վարդանյանն է կուսակցության «ֆինանսների նախարարը». թե որտեղից, ինչ միջոցներով ու սկզբունքներով է նախարարն անում կուսակցության ծախսերի բաշխումները, գոնե մեզ անհայտ է: Թեեւ նախարարի անվան հետ են կապվում մի շարք սննդի օբյեկտների անունները Աբովյանի գյուղերից մեկում, Աշտարակում ու նաեւ Երեւանում (անունները չենք գրում չգովազդելու համար): Վարդան Վարդանյանի ազգականներն են ԲՀԿ-ական Սանթրոսյանները, «Ֆորում» ռեստորանի ու նաեւ «Գոշ գազ»-ի սեփականատերերը: Իսկ ինչ վերաբերում է նրա գործունեությանը նախարարի կարգավիճակում, ապա նշենք, որ թեեւ մի քանի անգամ հրապարակավ խոստովանել է, որ մայրաքաղաք Երեւանի այս կամ այն շինությունները ապօրինի են, բայց որեւէ քայլ չի արել դրանք շտկելու ուղղությամբ: Կան բազմաթիվ կապալառու կազմակերպություններ, որոնց կողմից շինարարական աշխատանքները իրականացվել են նորմատիվային բազմաթիվ խախտումներով, հավելագրումներով եւ  լուրջ թերություններով, որոնք ժամանակին չեն հայտնաբերվել ու չեն կանխվել: Իսկ որոնք որ հայտնաբերվել են, այլ նպատակ են հետապնդել, տարբերակված մոտեցում է ցուցաբերվել:Դրան էլ եթե գումարենք ՀՀ վերահսկիչ պալատի կողմից բացահայտված խայտառակ չարաշահումները, ամեն ինչ տեղն է ընկնում: Հիշեցնենք, որ նախարարության կողմից բավարար հսկողություն չէին սահմանել ծրագրերի իրականացման համար բյուջեից հատկացվող միջոցների պլանավորման, հիմնավորման, նպատակային ու արդյունավետ օգտագործման, ինչպես նաեւ համապատասխանության նկատմամբ: Քաղաքաշինության նախարարը ծախսերի ոչ ճիշտ ձեւակերպման հետեւանքով աղավաղել էր փաստերը: Բյուջեից ավել գումարներ էին դուրս գրվել, որը միայն «Տրանսպորտային ծառայությունների վճար» հոդվածով կազմել է 13 մլն 241 հազար դրամ: Քաղաքաշինության նախարարությունը չկատարված շինարարական աշխատանքների համար եւս պետբյուջեից բավականին գումարներ էր դուրս գրել: Իսկ ինչ վերաբերում է քաղաքաշինական մրցույթներին, որոնք հայտնի է, թե ինչքան եկամտաբեր բիզնես են համարվում, ապա հայտնի իրողություն է, թե ինչպես են շինարարները հաղթում մրցույթներում. դրա համար պետք է ունենալ նախարար ծանոթ եւ մի «բարի կամեցող» գնումների գործակալությունում:Բայց սա դեռ ամենը չէ: ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը հաճախ է սիրում խոսել աղետի գոտու մասին: Ներկայացնում է, թե ինչ հսկայական աշխատանքներ են տարվել: Բայց վերջերս հայտնի դարձավ, որ նախարար Վարդանյանին բավականին ուշացումով են ներկայացվել Գյումրի քաղաքում վկայագրի միջոցով աջակցություն ստացող ընտանիքների վերաբերյալ ցուցակները: Իսկ ուշացումը իր պատճառներն ուներ. տարեսկզբին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գինը 1 քմ 42.5 հազար դրամ էր, իսկ տարեվերջին` 51.3 հազ. դրամ: Հիմա հասկացա՞ք, թե ինչն էր ուշացման պատճառը: Վարդան Վարդանյանի գործունեության օրոք կեղծ տեղեկատվության հիման վրա սահմանված չափանիշերի չհամապատասխանող մարդիկ սողանքային գոտիներում բնակարանային խնդիրներ են լուծել, տուն են ստացել: Մինչդեռ բազմաթիվ ընտանիքներ, որոնք իսկապես ապրելու տեղ չունեն, մնացել են դրսում: Իսկապես որ ԲՀԿ-ի խոսքը գործ է: Նշենք նաեւ, որ երբ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը բացահայտումներ արեց Վարդան Վարդանյանի գործունեության մեջ, նախարարը սկսեց ամենուր հայտարարել, թե իր գլխին սարքում են, Զաքարյանն անձնական խնդիրներ ունի իր հետ: Ու դա պնդեց այնքան ժամանակ, մինչեւ Իշխան Զաքարյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հասկացրեց, թե ինչն ինչոց է: Եւ հենց Ծառուկյանը խառնվեց գործին, նախարարը մոռացավ իր հայտարարությունների մասին, սսկվեց տեղում` սուսուփուս հետ վերադարձնելով պետությունից գողացված գումարները: Բայց, չնայած այս ամենին, Վարդան Վարդանյանը հաջողությամբ շարունակում է կառավարել: Ու պաշտոնանկությունների մասին բոլոր լուրերն ու հրամանագրերը հաջողությամբ շրջանցում են նրան:12.03.11ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ




Լրահոս