ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է, որ պետության հոգածության տակ գտնվող հաստատությունների՝ մանկատների, ցերեկային կամ գիշերային խնամքի կենտրոնների և նախարարաության ենթակայության տակ գործող որևէ ՊՈԱԿ-ի կողմից դրամահավաք չի իրականացվել՝ ո՛չ համացանցում, ո՛չ փողոցներում:
Արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին այն մասին, թե Գավառի մանկատան սաներին աջակցելու պատրվակով օրերս Հյուսիսային պողոտայում դրամահավաք է իրականացվել, հարկ ենք համարում պաշտոնապես հայտարարել, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործող որևէ ՊՈԱԿ-ի անունից կազմակերպվող դրամահավաքի նախաձեռնողները զբաղվում ենխարդախությամբ՝ շահարկելով մանկատան սաների անունը:
Հիշեցնենք, որ խնդրի մասին բարձրաձայնել է ArmLur.am-ը` մասնավորապես նշելով, որ Վերջին շրջանում բավականին ակտիվացել են փողոցային դրամահավաքները, որոնցով խնդրում են գումար փոխանցել այս կամ այն մանկատանը, ծանր հիվանդությամբ տառապող երեխայի կամ վիրավորված զինվորի բուժման համար: Կամ ինչ-որ երիտասարդ աղջիկներ հենց փողոցում մոտենում են անցորդներին եւ առաջարկում գումար հանգանակել նման նպատակներով:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ մի քանի օր Երեւանի Հյուսիսային պողոտայում մի քանի հոգի իբր բարեգործական համերգ են կազմակերպել` Գավառի մանկատանը օգնելու նպատակով:
Եւ դրա անվան տակ անցորդներից գումարներ են հավաքել: Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը ArmLur.am-ին փոխանցեց, որ «բարեգործական» ակցիայի համար իրեն զանգահարել են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Կենտրոնական բաժնից եւ տեղեկացրել ստեղծված իրավիճակի մասին:
Մանկատան տնօրենից ArmLur.am-ը տեղեկացավ, որ բարեգործական համերգ կազմակերպողներից մեկը ներկայացել է որպես մանկատան նախկին սան: Սակայն Նիկոլայ Նալբանդյանը պնդում է, որ մանկատունը նման սան չի ունեցել:
Հյուսիսային պողոտա է գնացել Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը: Վերջինս ասաց, որ այդ մի քանի հոգին հասարակական կարգ են խախտում: «Մարդիկ եկել են հանգստանալու, եթե ուզենան, գնան համերգ լսել, կգնան օպերա կամ այլ տեղ, բա էլ հանդիսությունների սրահները ինչի համար են: Լավ բան եք անում, ես դեմ չեմ, բայց սա դրա տեղը չէ: Տեղեր կան, որ պետք է մի քիչ հարգանք ունենալ»,- ասաց թաղապետը: