Բիզնես պայմանները շարունակելու են բարելավվել. Տիգրան Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք հանրության հետ շփվելով` արդեն պարզել են, որ գոհ են կառավարության վարած քաղաքականությունից, քանի որ տարբեր ընթացակարգերում արգելքների չեն հանդիպում: Ավելին`ըստ Խաչատրյանի`իրենք շատ գործ ունեն անելու, բայց նաեւ չի կարելի հերքել, որ այսօր իրականությունում որեւէ բան չի փոխվել:

-Պարո՛ն Խաչատրյան, ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր տնտեսական հեղափոխության մասին, բայց կարծես թե դրա մեկնարկից բացի` այլ ռեալ քայլ չի նկատվում հանրության կողմից: Ի՞նչ է անում Ձեր գերատեսչությունը, որպեսզի իրականում եւս լինի այն հեղափոխությունը, որի մասին խոսում էր ՀՀ վարչապետը:

-Եթե ես ճիշտ եմ հիշատակում, ապա վարչապետը շարունակել է մեկնաբանել այն հիմնական կետերը, որոնք տնտեսական հեղափոխության բնութագրիչներն են: Դրանք վերաբերում են մարդու նախաձեռնողականության եւ իր ազատությունների ուժով, ավելի համարձակ եւ ավելի վստահ առաջ գնալու հնարավորությանը:

Ինչպես նաեւ այն հնարավորությունը, որ այդպիսի նախաձեռնություններին կառավարությունը ոչ միայն չի խանգարելու, այլեւ աջակցելու է, իր իրավասության սահմաններում: Եթե խոսեք այն անձանց հետ, ովքեր ներկայումս փորձում են իրենց նոր նախաձեռնություններն իրականացնել, վստահորեն կստանաք պատասխան, որ հիմա իրենց ազատության եւ վստահության աստիճանը հետագա անելիքների առնչությամբ անհամեմատ ավելի մեծ է, քան եւ՛ մինչեւ հեղափոխությունը եւ՛ ընդհանրապես: Այդպիսով է պետք զգալ փոփոխությունը:

-Բայց հանրությունը ե՞րբ է իր առօրյայում, իր կյանքում զգալու փոփոխություն, իր ապրելակերպում, արդյո՞ք այդ հեղափոխությամբ հասարակ ժողովրդի կյանքում լինելու է փոփոխություն:

-Եկեք, հանրությանը բաժանենք մասերի, հանրությունը բաղկացած է պետական համակարգում աշխատողներից, ովքեր ստանում են աշխատավարձ, բաղկացած է կենսաթոշակառուներից, ամենակարեւորը` բաղկացած է ձեռնարկատերերից, որոնք մեր հույսն են եւ, ընդհանրապես, տնտեսության, որովհետեւ պետք է աշխատեն, աշխատեն շատ, վաստակեն շատ, ապրեն լավ, վճարեն շատ հարկեր, իսկ այդ հարկերն էլ գնան, թոշակների ու աշխատավարձերի ձեւով վերադարձվեն ուսուցիչներին, թոշակառուներին եւ մնացածներին:

Հիմա, եթե մենք ասում ենք, որ այն հատվածը հասարակության, ովքեր ձեռնարկատերեր են, այլեւս չունեն որեւէ խոչընդոտ, ավելին` ստանալու են կառավարության լիակատար աջակցություն, իրենք պետք է որեւէ օր էլ չկորցնեն եւ իրենք պետք է սկսեն իրականացնել իրենց նախաձեռնությունները եւ վստահ լինեն, որ վաղը Հայաստանում լինելու է ավել լավ, քան այսօր: Մենք չենք ասում, որ բոլոր խնդիրներն արդեն լուծել ենք:

-Բայց Հայաստանում կան պայմաններ ներդրողների համար, ովքեր Հայաստանում վստահ կլինեն, որ կկարողանան ներդրումներ անել եւ արդյունք ունենալ: Կարծես թե այդքան էլ լավ պայմաններ չկան ՀՀ-ում ներդրումների համար:

-Ի՞նչն է այստեղ կարևոր առաձնահատկությունը: Կառավարությունն ասում է, որ եթե չկա ազատ մրցակցություն որեւէ բնագավառում, ապա մեզ ասենք, այսինքն`որտե՞ղ է, որ կառավարությունը թերացել է հավասար մրցակցությունը երաշխավորելու համար: Եթե չկա որեւէ տեղ մուտքի ազատություն, ապա մեզ ասե՛ք` որտե՞ղ է, որ մենք մեր կարգավորումներով խանգարում ենք, որ որեւէ տնտեսվարող սուբյեկտ, որ ցանկանում է դրանով զբաղվել, սահմանափակված է, եթե կազմակերպությունն իր գործելու ընթացքում հանդիպում է անարդար հարկային վարչարարության, ապա մեզ ասե՛ք, թե որտեղ է, որ հարկային տեսուչը ինչ-որ մեկի նկատմամբ արտոնյալ է եղել, մեկի նկատմամբ ոչ արտոնյալ:

Կամ եթե դա մաքսային ընթացակարգերում է, ինչպես կարող ենք դա լուծել: Գիտեք, եթե հանրության հետ խոսում ենք, ասում են` այո, գիտեք, մաքսայինում արդեն էլ կոռուպցիա չկա, ասում են` գիտեք, ճիշտ է, արդեն ներմուծման ու արտահանման ժամանակ մեզ համար անհաղթահարելի իրավիճակներ չենստեղծում:

Չի լինում, երբ բեռը գա, հասնի սահման, չթողնեն ներս մտնի, կամ թողնի, տանեն, կանգնացնեն: Երբ որ մենք իրավասություններով իջնում ենք ցած ու հասկանում ենք, որ համակարգը բաղկացած է հազարավոր մարդկանցից, որոնցից ամեն մեկը տեղական նշանակության որոշակի գործունեություն է իրականացնում. հնարավոր է լինեն մարդիկ, որոնք ինքնագործունեությամբ շարունակեն զբաղվել, բայց երբ կարող է կառավարությունը հակազդել այդ ամենին, երբ որ տեղեկանա դրա մասին հասցեով, տեղով, եւ եթե թողնենք, վաղն էլ դա շարունակվի, դա արդեն կառավարության մեղքն է:

Իսկ եթե գիտի ու թույլ չի տալիս, որ ինչ-որ սխալ բան տեղի ունենա, ապա դա թույլ է տալիս, որ հանրությունը վաղվա օրվան ավելի լավ նայի, քան երեկվան էին վերաբերում: Բիզնես պայմանները շարունակելու են բարելավվել, որովհետեւ այն, որ քաղաքական հանձնարարությունը տրված է բոլորին սկզբունքների շուրջ ու պետք է աշխատել, նպաստել ու չխանգարել, որոնք տվյալ պաշտոնյայի պարտականությունն են:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս