Մի քանի տարի առաջ` մինչեւ 2016 թվականը ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Գանձաքար համայնքում խմելու ջրագծի անցկացման աշխատանքներ իրականացնելու համար ծախսել է շուրջ 600մլն դրամ: Բայց չնայած այդ աշխատանքներին`մինչեւ հիմա ջուր չի մատակարարվում: Կառուցվել է 3 պոմպակայան: Սկզբում ջրի հոսքն է նախատեսվածից քիչ մղվել, հետո էլ դեղնաջուր է եկել:
Գանձաքար համայնքը 2016թ. սեպտեմբերի 18-ից ղեկավարող,ՀՅԴ անդամ Վարդգես Դովլաթբեկյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ ջրագիծը գործարկելու համար խմելու ջրի մաքրման կայան պետք է կառուցվի, այդ նպատակով պետական բյուջեից տրամադրել է 55 միլիոն դրամ։ Համայնքի ղեկավարն ասաց, որ ներկայումս այդ ջրագծում առկա է քլորակայան, սակայն սարերի առուների ջուրը մաքրելու համար առաջիկա ամիսներին նաեւ քլորակայանը պետք է գործարկվի։
Գանձաքարի մի խումբ բնակիչներ տարիներ շարունակ օգտվում են ինքնահոս ջրատարից, նաեւ «Վեոլիա ջուր» ընկերության միջոցով ինքնահոս եղանակով խմելուջուր են ստանում գյուղիբժշկական ամբուլատորիան, մանկապարտեզը, Գանձաքարի շուրջ 50 ընտանիք։ Գանձաքարում խմելու ջրի մաքրման կայանը գործարկելուց հետո համայնքի ղեկավար Վ. Դովլաթբեկյանի վկայությամբ՝ համայնքը կստանա վայրկյանում 10-15 լիտր խմելու ջուր: Սակայն գյուղի բնակիչները ջրաչափեր չեն տեղադրել, Գանձաքարում խմելու ջրի վարձավճարներ չեն գանձվում։
Դրա հետեւանքով խմելու ջուրը օգտագործվելու է նաեւ տնամերձ հողամասերը ոռոգելու համար, նաեւ կենցաղային նպատակներով, խմելու ջրագիծը գործարկելու պարագայում ավելի քան 3600 բնակիչ ունեցող գյուղի ներքին թաղերում խմելու ջրի պակաս է զգացվելու։
Ոսկան Սարգսյան
Տավուշ