Ուղղակի ներդրումները զգալի նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակում իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները: Ըստ այդմ, ընդհանուր ներդրումներն աճել են` նախորդ տարվա առաջին եռամսյակին իրականացված 32.2 մլրդ դրամից դառնալով 47.3 մլրդ դրամ:

Փոխարենը ուղղակի ներդրումներն են զգալի նվազել, եթե նախորդ տարվա առաջին եռամսյակում իրականացված ուղղակի ներդրումները 40.7 մլրդ դրամ են կազմել, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն 3.7 մլրդ դրամ է կազմել:
Նախ արձանագրենք, որ նախորդ տարվա առաջին եռամսյակում իշխանության ղեկին դեռեւս ՀՀԿ-ն էր, որի օրոք տնտեսությունը բազմիցս ենք այդ մասին գրել, հիմնված էր հանքարդյունաբերության վրա: Սա նշանակում է, որ անցած տարվա առաջին եռամսյակում ներդրումները հիմնականում ուղղված են եղել հանքարդյունաբերության ոլորտ, միայն 20.6 մլրդ դրամ ուղղակի ներդրում արվել էր Ջերսի օֆշորային կղզուց:

Խոսքը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի մասին է, որը սկսվել էր դեռ նախկին կառավարության օրոք: «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը նախատեսում էր շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի` օֆշորային է, որը 2006 թվականին գրանցվել է Ջերսիում` Չաննել կղզում: Տեղեկացնենք, որ օֆշորները` ոչ միայն արտասահմանյան, այլեւ տեղական, հարկերը շրջանցելու տարբերակ են: Օֆշորային գոտում գտնվող կեղծ ընկերություն կարելի է տանել կապիտալ, որտեղից «ներդրում» կատարել այստեղ, իսկ եկամուտը վերադարձրել օֆշորային գոտի: Բայց այս տարվա առաջին եռամսյակում Ջերսիից դեպի Հայաստան ներդրում չի իրականացվել: Բանն այն է, որ բնապահպանները տեւական ժամանակ պայքարում են Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ` պատճառաբանելով, որ այն բնապահպանական վտանգ է ներկայացնում: Ի նշան բողոքի` նրանք փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհը:

Հիմնականում ուղղակի ներդրումների ծավալների նվազման վրա իր ազդեցությունն է ունեցել հանքագործական արդյունաբերության եւ բաց հանքերի շահագործման եւ հանքագործական արդյունաբերության հարակից գործունեությունների տեսակները: Օրինակ` եթե 2018 թվականի հունվար-մարտին հանքագործական արդյունաբերության հարակից գործունեության մասով ներդրումները կազմել էին 20 մլրդ 640 մլն դրամ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում` պարզապես 0:

Չէ՞ որ թավշյա հեղափոխությունից հետո հանքերի շահագործման օրինականության վերաբերյալ մեծ աղմուկ բարձրացավ, եւ հիմա հայտնի հանքարդյունաբերողներն այս պահին կանգնած են, չեն աշխատում` միաժամանակ նվազեցնելով պետական բյուջե վճարվող հարկերը: Ավելին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի տնտեսության կառուցվածքը պետք է փոխել, այսինքն` տնտեսությունը չպետք է հիմնվի հանքարդյունաբերության վրա:

Եւ ուղղակի ներդրումների զգալի նվազումը հենց դրա հետեւանքն է: Զարմանալի չէ, որ Միացյալ Թագավորությունն է նվազեցրել ուղղակի ներդրումները. 992 մլն դրամի չափով կապիտալը դուրս է հանել երկրից: Հայաստանից իր կապիտալն արտահանել է նաեւ Ֆրանսիան` 3.6 մլրդ դրամի չափով, Վրաստանը` 956 մլն-ի չափով:

Ի դեպ, բացի այս` նվազել են նաեւ Գերմանիայից Հայաստան մտնող ուղղակի ներդրումների ծավալները: Ավելին` Գերմանիան Հայաստանից 3.1 մլրդ դրամի կապիտալը հանել է: Մինչդեռ նախորդ տարվա առաջին եռամսյակում Գերմանիայից Հայաստան մտել էին 8.3 մլրդ դրամի ուղղակի ներդրումներ: Նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններից վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստան եկած ներդրումների ծավալներն են նվազել. եթե 2018 թվականի հունվար-մարտին դրանք կազմել էին 1.2 մլրդ դրամ, ապա այս տարվա նշված ժամանակահատվածում այն եղել է 1 մլրդ դրամ: Միաժամանակ այս տարի իրենց ներդրումները նվազեցրել են մի շարք երկրներ: Օրինակ` Նիդերլանդներից ուղղակի ներդրումները պակասել են 10.5 մլրդ դրամի չափով, Լյուքսեմբուրգից` 62.8 մլն դրամի չափով, Միացյալ Նահանգներից` 188 մլն դրամով:

Փոխարենը ռուսական ներդրումներն են Հայաստանում ավելացել. օրինակ` այս տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանից Հայաստան մտած ուղղակի ներդրումների չափը կազմել է 12.5 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 5.7 մլրդ դրամի դիմաց: Նկատենք, որ Ռուսաստանի ներկայացումը հիմնականում մեծ է էներգետիկ շուկայում` գազամատակարարման եւ էլեկտրամատակարարման ոլորտում: Խոսքը «Հայաստան էլեկտրական ցանցեր» եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների մասին է: Ու, ընդհանրապես, Հայաստանի ներդրումների տեսակարար կշռի 40 տոկոսը միայն ռուսական ներդրումներն են կազմում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս