Իմ սիրտը հիմա ազատ է, ինձ հետաքրքրում են կայացած տղամարդիկ. Ռոզի Ավետիսովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերասանուհի Ռոզի Ավետիսովան է: Նա անդրադարձել է էկրաններին չերեւալու պատճառներին, հայկական կինոինդուստրիայի խնդիրներին: Ռոզին խոսել է նաեւ անձնական կյանքից՝ խոստովանելով, որ իր համար կարեւոր նախապայման է տղամարդու կայացած լինելը, այլապես անառողջ հարաբերություններն անխուսափելի կլինեն:

-Ռոզի, առաջիկայում էկրանին նոր կերպարով կհայտնվե՞ք:

-Ֆիլմերի եւ սերիալների մասով հիմա դադարի շրջան է: Առավել ակտիվ է թատերական գործունեությունս. ընդգրկված եմ երեք ներկայացման մեջ՝ «Նրանց անունն է կին», «Բայ-բայ լեդի» եւ «Շոու No 3»:

-Ժամանակին զբաղվում էիք բարմենությամբ, իսկ հիմա ժամանակ լինու՞մ է:

-Ո՛չ, շատ դժվար է բարմենությունը համատեղել բեմական եւ էկրանային գործունեության հետ: Լինում է, որ կարոտում եմ այդ աշխատանքը, մեկ օրով կատարում եմ, հետո էլի վերադառնումեմ իմ գործին: Այսինքն՝ դա ինձ համար զուտ հոբբի է:

-Ի՞նչ եք կարծում՝ վերջին հինգ տարում Հայաստանում լավ ֆիլմեր նկարահանվո՞ւմ են:

-Դրսի ֆիլմերիհետ նույնիսկ չեմ համեմատի. անիմաստ է: Ուստի պետք է համեմատենք մեր ունեցածի հետ: Ըստ իս՝ լավ կինո ունենալու համար հարկավոր է փող, լավ սցենար ու պրոֆեսիոնալ կազմ: Առաջին երկուսը մենք, միանշանակ, չունենք: Իսկ այն, ինչ ստեղծվում է եղածով, կարելի է ասել, բավարար է:

-Իսկ լավ դերասանների պակաս ունե՞նք:

-Դա ընդամենը տպավորություն է, թե մենք շատ լավ դերասաններ ունենք: Չկա նման բան: Պարզապես ամեն երկրորդն ուզում է դառնալ հայտնի եւ հայտնվել «հեռուստացույցի մեջ»: Արդյունքում մենք ունենք միայն քանակ, բայց ոչ որակ:

-Սցենարիստների պակասից խոսեցիք, նույն խնդիրն ունենք նաեւ թատրոնում: Լավ դրամատուրգներ քիչ կան, համաձա՞յն եք:

-Այո՛, հաճախ ներկայացումները հաջողվում են արտասահմանյան սցենարների շնորհիվ:

-Ձեր մարմնավորած կերպարներից ո՞րն է ամենահաջողվածը, այն, որ, իսկապես, Ձեր սրտով է:

-«Եվա» ֆիլմից Աննայի կերպարը, «Սահմանին» ֆիլմից՝ Լիլիթ, եւ «Խմբագրություն.am» սիթքոմից՝ Անուշիկը: Այս վերջին կերպարը բավական խարակտերային էր, նման չէր իմ նախորդ դերերին եւ իմպրովիզի լայն հնարավորություններ էր ընձեռում:

-Ռոզի՛, մի փոքր էլ անձնականից խոսենք: Եղե՞լ է այնպես, որ Ձեր՝ դերասանուհի լինելու հանգամանքը խոչընդոտ հանդիսանա հարաբերություններում:

-Երբեք: Հիմնականում հարաբերություններ եմ ունեցել մարդկանց հետ, որոնք դուրս են իմ մասնագիտությունից, եւ թեկուզ աննշան խնդիր չի ծագել դրա հետ կապված: Դա նաեւ ինձնով, ինքս ինձ մատուցելու ձեւով է պայմանավորված: Իսկ, առհասարակ, մարդու կրթվածության մակարդակից է կախված, թե նա ինչպես է վերաբերվում այս կամ այն մասնագիտությանը: Իմ շրջապատում չեն եղել մարդիկ, որոնք սխալեն ընկալել դերասանությունը:

-Երկրպագուներին կհետաքրքրի՝ հիմա Ձեր սիրտը զբաղվա՞ծ է:

-Ո՛չ, իմ սիրտն ազատ է:

-Ձեզ ինչպիսի՞ տղամարդիկ են հետաքրքրում:

-Կայացած տղամարդիկ՝ իրենց աշխատանքի մեջ, ընկերական շրջապատում, իրենց տանը, ներդաշնակիրենք իրենց հետ: Սարսափելի է, երբ տղամարդն այդպիսին չէ եւ հայտնվում է կայացած կնոջ կողքին: Դա հանգեցնում է անառողջ հարաբերությունների:

-Հեռանալիս տեսարաններ սարքու՞մ եք, թե՞ լուռ եք գնում:

-Եթե տեսարաններ եմ սարքում, կնշանակի՝ դեռ պայքարելու պատճառ ունեմ, իմաստեմ տեսնում եւ չեմ հեռանում: Իսկ հեռանալիս լուռ եմ ու կտրուկ: Եթե կտրեցի, ապաընդմիշտ, հետդարձի ճանապարհներ չեմ թողնում:

-Մի հարց էլ հայաստանյան ներքաղաքական կյանքիմասին: Ինչպե՞ս եք գնահատում ներկայիս իրավիճակը:

-Անժամկետ անորոշ: Այնքան պարադոքսներ կան, որ չես պատկերացնում՝ վաղն ինչ է լինելու, սլաքները որ ուղղությամբ են թեքվելու: Սպասելի է ամենալավից մինչեւ ամենավատ իրավիճակը: Իսկ անորոշությունը սարսափելի է: Մարդուն ստաբիլություն է պետք, կողմնորոշվելու ճանապարհներ: Հայաստանում շատերը դրանք չունեն՝ անկախ պաշտոնից ու դիրքից: Հուսանք՝ լավ կլինի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս