Ինչո՞ւ Արտակ Զեյնալյանը իր ճիշտը ապացուցելու փոխարեն հրաժարական տվեց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Մեկնաբանելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից իր հրաժարականը` Արտակ Զեյնալյանը երեկ ասել է. «Ես, գնահատելով հրապարակումները եւ տեղեկատվական հոսքերը, հանգել եմ այն եզրակացության, որ պետք է հրաժարականի դիմում ներկայացնեմ»: Միաժամանակ նա մեկնաբանել է. «Այն ամենը, ինչ գիտեք, եւ այն, ինչ շրջանառվել է, դա հանգեցրել է այդ եզրակացությանը։ Բնականաբար, նաեւ դժգոհությունները՝ անկախ նրանից՝ դրանք օբյեկտիվ են, թե սուբյեկտիվ, հիմնավորված են, հիմնավորված չեն, ունեն գիտական հիմք, թե չունեն գիտական հիմք, այդ ամենը ուսումնասիրելով` ես նպատակահարմար եմ գտել ներկայացնել հրաժարականի դիմում»։ Զեյնալյանը նաեւ տեղեկացրել է, որ իր հրաժարականի դիմումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ չի եղել, այլ տեղյակ է պահել մտադրության մասին: Այսպիսով, նկատենք, որ Արտակ Զեյնալյանը որոշել է իր հրաժարականի պատճառների մասին խոսել ակնարկներով՝ մատնանշելով «հրապարակումներն ու տեղեկատվական հոսքերը»: Եթե նա նկատի ունի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների քննադատությունները, արտահայտած դժգոհությունները, ապա, համաձայնեք, սա չպետք է հրաժարականի պատճառ դառնար, եթե ինքն, այնուամենայնիվ, վստահ է, որ ճիշտ է իր գործողություններում:

Նախարարը պետք է ոչ թե հրաժարական ներկայացներ, այլ իր ճշմարտացիության մեջ համոզեր գործընկերներին ու հանրությանը: Իսկ եթե կան այլ պատճառներ, ապա ցանկալի կլիներ, որ Զեյնալյանն այս ամենի մասին խոսեր բարձրաձայն:

Ավելի մանրամասն’ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս