Հունիսի 9-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի ունեցավ համայնքապետի ընտրություններ, որի ժամանակ վերընտրվեց քաղաքապետ Վահագն Գեւորգյանը: Ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների` քվեարկելու իրավունք ունեցող 44519 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 18176-ը կամ 40.83 տոկոսը: Առաջադրված 5 թեկնածուներից Վահագն Գեւորգյանը ստացել է 8453 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանը` 8058: Երրորդ տեղում Սասուն Գրիգորյանն է, որը ստացել է 731 ձայն, Մանուկ Մկրտչյանը` 435 ձայն, իսկ Արթուր Ղազարյանը` 139 ձայն:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հետ` պարզելու համար` արդյոք այդ պարտությունը իշխանությունների սխալի հետեւանքն է:
-Պարո՛ն Սիմիդյան, Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, փաստորեն, ՔՊ-ն պարտվեց: Ըստ Ձեզ` ինչի՞ հետեւանք է այս ամենը, ինչո՞ւ պարտվեց իշխանությունը:
-Պարտվեց, որովհետեւ մեր թեկնածուին 400 ձայն պակասեց հաղթելու համար:
-Բայց ինչո՞ւ լավ չէիք աշխատել, որ այդքան քաղաքացի իր ձայնը տվեց գործող քաղաքապետին:
-Դա արդեն վերլուծելու հարց է, պետք է վերլուծենք, քննարկենք. հիմա այսպես միանգամից գնահատական չեմ կարող տալ:
-Գուցե Ձեր թեկնածուն «թույլ» էր, ու ավելի շատ շանսեր ուներ գործող քաղաքապե՞տը:
-Դա նորից վերլուծելու հարց է, հասկանանք: Այսինքն` ամեն մի քաղաքական իրադարձություն, որ լինում է, պետք է վերլուծենք, հասկանանք, թերությունները հասկանանք, առավելությունները գնահատենք:
-Տեսակետ կա, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը սատարում էր Վահագն Գեւորգյանին, կարողացել է ինչ-որ հատվածի վրա ճնշում գործադրել: Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը:
-Դա իրավապահ մարմինների գործառույթն է. եթե նման բան կա, ապա իրավապահ մարմինները պարտավոր են, եթե նման անհանգստություններ կան, նման տեղեկություններ կան, ճշտել ու մեզ բոլորիս իրազեկել` արդյոք կա նման բան, թե ոչ:
-Պարո՛ն Սիմիդյան, այս պարտությունը տեղակա՞ն իշխանությունների, թե հենց իշխանությունների՞ պարտությունն է. արդյոք ժողովուրդն այլեւ չի՞ վստահում Ձեր իշխանություններին:
-Գիտեք, համապետական ընտրությունները միշտ այլ տրամաբանությամբ են եղել, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները` այլ տրամաբանությամբ: Այսինքն` խորհրդարանական ընտրություններում մենք, օրինակ, Կապանում պարտվել ենք, հետո եղել է խորհրդարանական ընտրություն, մենք հաղթել ենք: Ես կարծում եմ, որ սա պետք է ֆիքսել, դրանից այսպես ապոկալիպտիկ հետեւություններ չանել: Այո, ընտրություններում մեր թեկնածուն շատ քիչ տարբերությամբ պարտություն է կրել, մենք էլ` որպես քաղաքական ուժ, կվերլուծենք, կքննարկենք, կհասկանանք, թե որտեղ էր մեր թերությունը, սխալը կամ խնդիրը:
-Դուք ինչպե՞ս եք գնահատում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի պահվածքը ընտրությունների ժամանակ. ինչո՞ւ էր մարզպետն այդպես խուճապի մատնվել: Ձեր կուսակցականի վարքը դո՞ւր է գալիս Ձեզ:
-Ի՞նչ պահվածք:
-Դուք չե՞ք նկատել իր ագրեսիվ պահվածքը թե՛ լրագրողների, թե՛ բոլորի նկատմամբ, ովքեր դրական էին արտահայտվում Վահագն Գեւորգյանի հասցեին. նույնիսկ արդեն համեմատում են Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին եւ Ռոմանոս Պետրոսյանին: Չե՞ք պատրաստվում մարզպետին նկատողություն տալ իր վարքի համար:
-Կարծում եմ` իմ գործընկերները, իմ ընկերները, իմ թիմակիցները, այո, ապօրինությունների հանդեպ անհանդուրժող են, եւ դա վրդովվմունք է առաջացնում, եւ կարծում եմ, որ սա յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է այդպես լինի: Յուրաքանչյուր անօրինականություն պետք է նաեւ մարդկային վերաբերմունքի արժանանա, եւ մարզպետը ֆիքսել էր, որ որեւէ գործընթաց կա, որ օրենքի սահմաններից դուրս է, արտահայտում էր իր կարծիքը:
-Այսինքն` Աբովյանի փողոցներում շրջելը, ագրեսիվ վարքագիծ դրսեւորելը մարզպետի հիմնական «գո՞րծն» եք համարում, այլ գործառույթներ չունի՞ մարզպետը: Նորմա՞լ է ՔՊ-ն գնահատում մարզպետի պահվածքը:
-Դա քաղաքացու անելիքն է, այսինքն` յուրաքանչյուր քաղաքացի ապօրինություն տեսնելու դեպքում պետք է խոսի դրա մասին: Ասեք` ինչն էր այդտեղ աննորմալ: Ես չեմ կարծում, որ այդպես է, ես Ռոմանոս Պետրոսյանին ճանաչում եմ շատ վաղուց, պարկեշտ անձնավորություն է, եւ չգիտեմ, ապօրինություն ֆիկսելու դեպքում, հնարավոր է, էմոցիոնալ խոսք է ասվել: Բայց նախկինների հետ համեմատություններ տանելը դա առիթ չի տալիս. լրագրողները պետք է սովորեն, որ մեզ չպետք է համեմատեն նախկինների հետ:
-Իսկ գուցե Ձեր մարզպետին էլ հորդորեք, որպեսզի իրեն չպահի նախկին իշխանությունների վարքագծի նման:
-Այսինքն` եթե մարդը որեւէ էմոցիոնալ խոսք է ասում, դա արդեն նախկին իշխանությունների հետ համեմատություն է պետք տանել. իհարկե, ոչ. սա սխալ մոտեցում է:
-Պատժելո՞ւ եք մարզպետին, պաշտոնանկություն սպասվո՞ւմ է:
-Ինչի՞ համար. ես կարող եմ անձնական կարծիք հայտնել, բայց հիմա կխուսափեմ: Եթե նման հարց առաջանա, քաղաքական թիմը կքննարկի այդ հարցը:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ