«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հունիսի 13-ին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը հանդիպում է ունենալու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Գրիգորյանի հետ հանդիպումից հետո արդեն պետք է իշխանական պատգամավորները որոշում կայացնեն` արդյոք պատրաստվում են կողմ քվեարկել նրան, թե ոչ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի հետ` պարզելու համար, թե ինչ դիրքորոշում կա խմբակցությունում:
-Պարո՛ն Բոշյան, ի՞նչ դիրքորոշում կա` Վահե Գրիգորյանի թեկնածության հետ կապված, որովհետեւ արդեն նշվում է, որ Գրիգորյանը իշխանությունների համար «ցանկալի» թեկնածու է. կա՞ իրականում նման բան:
-Հանդիպելու ենք թեկնածուի հետ, անպայման հարցեր կլինեն` թե՛ իրավական, թե՛ թեկնածուի անցած ճանապարհի վերաբերյալ: Թեկնածուին ներկայացնում է նախագահը. իրեն ո՛չ կարելի է ասել իշխանական, ո՛չ ընդդիմադիր թեկնածու, քանի որ Սահմանադրական դատարանի թեկնածու է լինելու:
-Տպավորություն է, որ իշխանությունը, դեմ քվեարկելով բոլոր նախկին թեկնածուներին, ամեն գնով նպատակ ունի անցկացնել Վահե Գրիգորյանին. նման մտադրություն ունե՞ք:
-Մեր խմբակցությունը ունի պատկերացում ընդհանուր դատական համակարգի վերաբերյալ. մենք կհանդիպենք թեկնածուի հետ, մեր հարցերը անպայման կուղղենք: Եթե թեկնածուն բավարարի մեր պահանջներին, կլինի մեր թեկնածուն, եթե ոչ, ուրեմն չի լինելու: Ես կարծում եմ, որ մեր խմբակցության հարցերին պատասխանելուց հետո, մեր պատկերացումներին բավարար պատասխանելուց հետո պարոն Գրիգորյանը կարող է լինել մեր թեկնածուն:
Հ.Գ. Երեկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը հայտարարել է, թե Վահե Գրիգորյանի թեկնածությունը ներկայացնելու ժամանակ նշվել է նաեւ դրդապատճառները. «Հստակ նշված է, որ այս երկրում չկան շատ անհատ իրավաբաններ, որ կարող են հավակնել այդ պաշտոնին, հետեւաբար եղած շրջանակից ներկայացվել է Վահե Գրիգորյանը»:
Նյութը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ