Վստահաբար կարող եմ ասել, որ պատմական իրադարձության մասնակից եմ եղել: Մայիսի 30-ին Համահայկական խաղերի համաշխահային կոմիտեի պատվիրակության կազմում եղա Երեւան-Վան առաջին պատմական չվերթի ուղեւորներից մեկը: Ինքնաթիռի պատուհանից անվերջ դուրս էի նայում՝ չցանկանալով ոչ մի կադր բաց թողնել ուշադրությունիցս:
Նախ` մեզ դիմավորեց Արարատ լեռը (տե՛ս 1-ին լուսանկարը Թուրքիայի կողմից մի գագաթն է երեւում ու ոչ այսպիսի գեղեցկությամբ), ապա 914 կմ երկարությամբ Արաքս գետը ուղեկցեց ճանապարհի զգալի մասը, եւ 35 րոպե անց 2845-ամյա մեր առաջին մայրաքաղաքում էինք: Կարծես երազում լինեի: Օտար երկրի տիրապետության տակ գտնվող այդ բնակավայրում հարազատ շունչ կար:
Ընդունելությունն էլ ջերմ էր. Վանի քաղաքապետերը (մեր առաջին մայրաքաղաքում կառավարում են 2 համաքաղաքապետեր` կին եւ տղամարդ: Քանի որ քուրդ գործիչները հաճախ են կալանավորվում, 1 քաղաքապետի մեկուսացման դեպքում գոնե մյուսը կառավարում է համայնքը) մեզ դիմավորեցին, պատմեցին իրենց պայքարի մասին թուրք իշխանությունների դեմ, քաղաքային խնդիրների ու պարտքերով ժառանգություն ստացած բյուջեի մասին: Արդեն ավտոբուսի մեջ ուղեկցող գիդը թարգմանչի միջոցով ողջունեց մեր պատվիրակությանը այսպիսի խոսքերով. «Բարի՛ գալուստ Հայաստան»: Տեղեկացրեց, որ Վանում մոտ 480 հազար բնակիչ կա, որի 10 տոկոսը, տարբեր հաշվարկներով, հայեր են, այդ թվում եւ` ծպտյալ:
Վանա լիճ
Իր գույնով, շրջապատող լեռներով, սառնոտ կլիմայով Վանա լիճն ու հարակից տարածքը հիշեցնում էին մեր գեղատեսիլ Սեւանա լիճը` Գեղամա լեռներով, միայն թե Սեւանա լիճն իր չափով երկու անգամ զիջում է Վանա լճին: Բնականաբար, եղանք Ախթամար կղզում (տե՛ս 2-րդ լուսանկարը), որը թուրքերը անվանափոխել են` դնելով ԱկՏամար. այսինքն` սպիտակ երակ:
Նավը, որ մեզ տանում էր դեպի Ախթամար կղզի, հայկական երաժշտություն էր միացրել. սկզբում տխուր, ապա հաղթական երգերով ուղեւորվեցինք: Կղզու վրա ցամաքից մեկի-մեկիկ բերված քարերով 920թ. կառուցված Սուրբ խաչ եկեղեցին, վստահաբար կարող եմ ասել, որ հայկական ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկն է` նախշլիկ, բայց դատարկ, թալանված: Հնուց մնացած ոչինչ չկար բացի մի կամարաձեւ քարից, որի մոտ բոլորս լուսանկարվեցինք: Աղոթեցինք, «Տեր ողորմիա»-ն երգեցինք ու, սրտներումս մի գունդ ցավ, հեռացանք: Դե, իհարկե, փշոտ Տառեխ ձուկն էլ համտեսեցինք, բայց եկեղեցու հզորությունից հետո ո՞վ էր հիշում այդ մասին…
Բերկրիի ջրվեժ
Բերկրի գետի վրա գտնվող գեղեցիկ ջրվեժը (տե՛ս 3-րդ լուսանկարը), իհարկե, հասցրել է դառնալ շատ զբոսաշրջիկների սիրելի վայրը, բայց ինձ համար այդ ջուրը մի տեսակ այլ գույն ուներ: 1915 թվականի ջարդերի օրերին` Վասպուրականի նահանջի ժամանակ, մեր շատ հայրենակիցներ, թուրքական զորքի հետապնդումներից փախչելով, իրենց նետել են գետից 15 մետր բարձրության վրա գտնվող կամրջից. մայրերը իրենց երեխաներին են նախ ցած նետել, հետո իրենք են նետվել…
Պատմական Իգդիրում
Մեր պատվիրակությունը եղավ նաեւ Իգդիրում: Ճանապարհին արդեն հայկական բջջային օպերատորները հասանելի էին, պարզ երեւում էր Մեծամորի ատոմակայանը: Իգդիրի շրջանում բնակարանաշինությունը թափով ընթանում էր: Նախիջեւանից ազերիներ էին հայ-թուրքական սահմանին մոտ սարքված բազմաբնակարաններում ապրում. տարբեր հաշվարկներով` արդեն 20-30 հազար ազերիներ են բնակություն հաստատել այնտեղ:
Պատվիրակությունը եղավ Իգդիրի քաղաքապետարանում. երկու քաղաքապետերն էլ ընդունեցին մեզ: Պարզվեց, որ քաղաքապետ Յաշար Աքքուշի քեռին Հայաստանում է ապրել 30 տարուց ավելի: Համահայկական խաղերի կազմկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հեռախոսով հայերեն զրուցեց նրա` արդեն Կրասնոդարում ապրող քեռու հետ, եւ պարզվեց` Արարատ ցեմենտի գործարանի կառուցողներից մեկն էր: 87 հազար բնակիչ ունեցող Իգդիրի կին քաղաքապետը` Էյլեմ Չելիքն էլ պայքարող տեսակ էր` մեր հայրենակից Կարո Փայլանի ընկերը: Ասաց` եթե Կարոն գա խաղերի բացմանը, ինքն էլ կմիանա: Այս քաղաքում էլ, տարբեր հաշվարկներով, 10 տոկոսը հայեր են:
Հերոսական Մուսալեռ
Տպավորիչ էր, իհարկե, Մուսալեռը. երբ նայում էի իրականում լեռների հավաքածու գեղեցիկ կանաչով ներկված սարին: Ցավ էի զգում, երբ պատկերացնում էի, թե ինչպես են մոտ 2000 մարդ կոտորվել սարերի վրա, բայց միաժամանակ հպարտություն էի զգում, որ, ամեն դեպքում, 4000-ից ավելի հայեր, կյանքի ու մահվան կռիվ տալով, փրկվել են ու ֆրանսիական նավերով հասել Եգիպտոս: Սարի ստորոտում գտնվող 5 գյուղերում այլեւս ոչ մի հայ չի ապրում, միայն Վաքըֆլ (տե՛ս 4-րդ լուսանկարը) գյուղում են մնացել փոքրաթիվ հայ ընտանիքներ (գյուղը հիմնադրամի է վերածվել. առքուվաճառքը արգելված է, որ մահանա), որոնցից շատերը գյուղապետ Բերչ Քարթունի հետ եկել էին հայկական պատվիակության հետ հանդիպելու: Հայկական այնպիսի երգեր էին նրանք երգում, որ ոչ մեկս չէր լսել: «Մեր Մուսալեռի երգերն են, չե՞ք լսած»,- տարակուսում էին: Մուսալեռի ստորոտում վայելեցինք նաեւ Միջերկրական ծովի ջերմությունն ու արեւը… Ծով, որ ունենալն այդպես էլ մեր սերնդի համար երազանք է մնացել…
Եւ վառվեց ջահը
Վաքըֆլ գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Վարդանանց հոգեւոր առաջնորդ հայր սուրբ Թաթուլ Անուշյանի օրհնությամբ, ստամբուլահայ երգչուհի Սիբիլի քնքուշ երգի հնչյունների ներքո համահայկական խաղերի հիմնադիր անդամ, բարերար Ալբեր Բոյաջյանը վառեց համահայկական ջահը, որը պիտի հասնի Արցախ: Շատ հուզիչ պահ էր, երբ պատկերացնում ես, որ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության խորհրդանիշ ջահի վառման արարողության մեջ կոնկրետ դերակատարություն ունես. Ռոլանդ Շառոյանի հետ միասին հայկական եռագույնն էինք բռնել: (տե՛ս 5-րդ լուսանկարը):
Կիլիկիայի թագավորություն
Հայկական պատվիրակությունը եղավ նաեւ Կիլիկիայի երբեմնի հզոր հայկական թագավորությունում. ի~նչ երկիր, ի~նչ տարածքներ ենք կորցրել: Պատմական Ադանա քաղաքն այսօր Թուրքիայի թվով 5-րդ քաղաքն է` իրապես շքեղ, գեղեցիկ, հարդարված, բայց արդեն օտարացած… Բերդեր, ամրոցներ Սիսի, Լեւոնի` օձերի բերդը բարձրացանք: Թեեւ դժվար էր, բայց արեցինք այդ քայլը, որպեսզի հասկանայինք, թե մեր նախնիներն ինչքան խելք ու կարողություն են դրել` այդ բերդերին տիրանալու, կառուցելու համար, եւ ինչ ափսոս է, որ դրանք այլեւս մեր տիրապետության տակ չեն:
Մշո մշակված դաշտերը
Մշո դաշտերը հիշեցնում էին մեր Արարատյան դաշտավայրը, բայց` ավելի խնամված: Մուշում, ուր ապրում է մոտ 90 հազար մարդ, ըստ տարբեր գնահատականների, մոտ 15-20 տոկոս հայեր կան: Այնտեղ ձեւավորվել է Տարոն Տուրուբերանի հայրենասիրական միությունը, որտեղ մեր հայրենակիցները հաճախ հավաքվում են ինքնաճանաչման բնազդով: Այնտեղ Գեւորգ Չաուշի պատվին մեզ հյուրասիրություն էր սպասվում:
Սուլուխի կամուրջ
Այս կամուրջը պատմական է, քանի որ 1907-ի մայիսի 27-ին թուրք քրդական զորքի դեմ Գեւորգ Չաուշը մարտեր է տվել ու զոհվել հենց այդ վայրում: Կամրջից վարդեր նետեցինք դեպի գետը, լուսանկարեցինք վայրը, ուր նա վիրավորվել էր, եւ գետի մյուս ափը, որտեղ նա փչել էր վերջին շունչը: Ի դեպ, լողալ չի իմացել Չաուշի նման հերոսը եւ վիրավոր ժամանակ ասել է, թե չի կարող գետի մյուս ափը անցնել:
Կարս-Գյումրի քույրեր
Այսպես կարելի է ասել այս երկու քաղաքների մասին խոսելիս: Շենքերը, քարերի գույնը, փողոցների դասավորվածությունը, ամեն ինչ Գյումրին էր հիշեցնում: (տե՛ս 6-րդ լուսանկարը): Միայն ցավալի էր, որ 10-րդ դարի Առաքելոց եկեղեցու խաչը կոտրել էին` վերածելով մզկիթի: Իհարկե, հանդիպում եղավ նաեւ Կարսի քաղաքապետերի` Այհան Բիլգենի ու Շեւին Ալաջայի հետ. նրանք խոստացան անպայման մասնակցել համահայկական խաղերի բացման արարողությանը: Բայց ցավոք, մզկիթի վերածված եկեղեցին անդառնալիորեն հեռացել է մեզանից: Կարսի բերդի վրա էլ թուրքական դրոշն էր ծածանվում: Ազերի ուսանողներն էլ մեր գալուց հետո ակցիաներ են արել, թե ինչու է հայկական պատվիրակությունը Կարս հասել: Ինչեւէ…
Անին` անմոռանալի տպավորություններ
Անի հասնելու ճանապարհին հանդիպեցինք մի հուշարձանի, որը կառուցված էր հայերի կողմից կոտորված թուրքերի հիշատակին: Իհարկե, դժվար է այլ կերպ, քան ցինիզմ, բնութագրել կատարվածը, բայց, այնուամենայնիվ… թուրքերը պնդում են, որ իրենք են կոտորվել հայերի ձեռքով: Հուշարձանի տպավորություններով հասանք Հայաստանի երբեմնի մայրաքաղաք Անի: Հազար ու մի եկեղեցիների այդ քաղաքում տարբեր պատմաբաններ տեղում մոտ 263 եկեղեցի են հաշվել: Ու թեեւ քաղաքն ավերված է, բայց իր հզորությունն ու գեղեցկությունը պահպանել է: (տե՛ս 7-րդ լուսանկարը) Բոլոր եկեղեցիների վրայի խաչերը կոտրված էին, պղծված. մուսուլմանները բարձրանում էին խորանների վրա, սելֆիներ անում: Երբ երգեցինք եկեղեցում, «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» տողերի վրա թուրք զույգեր մտան եկեղեցի, սկսեցին տեսանկարահանել ու արտասվել մեզ հետ հավասար: Արդեն դրսում նրանցից մեկը մոտեցավ երչգուհի Սիբիլին եւ խնդրեց միասին կատարել «Սարի գելին» երգը` իր նվագակցությամբ, բայց պայմանով, որ այնպես նստեն` դեմքով դեպի Հայաստանը նայեն: Ու ըմբոշխնեցինք թուրք տղայի` դուդուկ հիշեցնող գործիքով հայ երգչուհու գեղեցիկ կատարումը, որը կողքից լսում էին արցունքներով:
Վերջաբանի փոխարեն
Իհարկե, մեկշաբաթյա ուղեւորությունը սահմանափակ նիշերով գրելն ու ամբողջ տպավորությունները փոխանցելը դժվար է, բայց պետք է արձանագրենք, որ իրապես հայկական պատվիրակությանը` ի դեմս ղեկավար Իշխան Զաքարյանի, հաջողվեց ճեղքեր բացել: Առաջինը Վան-Երեւան չվերթն էր, երկրորդը` հայերին հայերի հետ ծանոթացնելն ու շփումը, երրորդը` պատմական հայրենիքի քաղաքապետերին Հայաստան բերելու քսանամյա խաղերի ավանդույթի պահպանումը եւ, վերջապես, ինքնաճանաչողության բնազդը, որ արթնանում է յուրաքանչյուր հայի մոտ: Բայց հիմա կդժվարանամ ասել` արժե արդյոք տեսնել պատմական մեր հայրենիքը, թե ոչ: Տեսնում ես ու հասկանում, թե ինչքան հզոր ենք եղել ու կորցրել ենք, քանի որ միասնական չենք եղել: Ու պատմությունից դասեր քաղելու անհրաժեշտությունը ամեն քայլափոխի պետք է զգանք բոլորս` անկախ քաղաքական հայացքներից: Հայրենիքը բոլորինս է, կորուստն ու ձեռքբերումները եւս:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյան