«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Մարտի 1»-ի սպանությունների վերաբերյալ առաջիկայում ՀՔԾ-ում քննվող քրեական գործով այլ ձերբակալություններ կլինեն: Սակայն երեկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, անդրադառնալով այդ հարցին, հայտնեց. «Ես չեմ կարող կանխակալ կարծիք ասել, թե ապագայում կլինեն ձերբակալություններ»:
Երեկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, անդրադառնալով «Մարտի 1»-ի քրեական գործի առանձնացված մասի ու դրանով անցնող այլ հնարավոր մեղադրյալներին, ասաց. «Թե ինչ կարգավիճակով կհարցաքննվեն, երբ կհարցաքննվեն, այդ հարցերին խնդրում եմ չպատասխանել»:
Անդրադառնալով նույն գործի առանձնացված մասով ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին առաջադրված սպանության մեղադրանքին` Խաչատրյանը նշեց. «Դուք էլ համոզվեցիք, որ սպանության հետ կապված աշխատանքները շարունակվում են ակտիվ: Ես չեմ կարող կանխակալ կարծիք ասել, թե ապագայում կլինեն ձերբակալություններ»:
Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության համար, եւ նա կալանավորված է:
Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար:
Ի դեպ, ՀՔԾ պետը նկատեց, որ «Մարտի 1»-ի քրեական գործի նախաքննության ընթացքում բարդություններ կան. ի վերջո, տասը տարի է անցել, ինչի ընթացքում բազմաթիվ իրեղեն ապացույցներ են կեղծվել. «Բայց ես լավատես եմ, մեր ամբողջ ծառայությունը լավատես է, մենք ամեն ինչ անելու ենք, որ բոլոր սպանությունները, դեպքի բոլոր հանգամանքները բացահայտվեն»:
«Ժողովուրդ» օրաթերթը «Մարտի 1»-ի քրեական գործի եւ այլ հարցերի շուրջ զրուցեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ:
-Պարո՛ն Խաչատրյան, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս օրերին իրավապահ համակարգում քննարկումներ են ընթանում ՀՔԾ-ի հնարավոր լուծարման մասին. առաջարկվել է ստեղծել հակակոռուպցիոն մարմին ու Հատուկ քննչական ծառայությունը լուծարել, եւ, ասում են, վերոնշյալ մարմինը ստեղծելուց հետո Դուք չեք լինի ղեկավար:
– Անկեղծ եմ ասում` ես տեղյակ չեմ:
-Հայտնի պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել, սակայն նախաքննական մարմինը նրանց կա՛մ չի կարողանում գտնել, կա՛մ չի կարողանում բերել Հայաստան: Դուք Ձեր մտերիմների շրջապատում անգամ հայտնել եք, որ ներքին արտահոսք է լինում նախաքննական մարմնից: Դա՞ է պատճառը, որ հայտնի պաշտոնյաները իմանում են ու հասցնում են երկրից փախչել:
-Մենք հերքեցինք դա, ես դա չեմ կարող կապել արտահոսքի հետ: Մենք չենք կարող անձի տեղաշարժ արգելափակել միայն այն պատճառով, որ քրեական գործ է քննվում նրա անվան հետ կապված: Մենք տեղաշարժը կարող ենք արգելափակել միայն խափանման միջոցի առկայության պայմաններում, իսկ խափանման միջոց ընտրվում է կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ. ինչպես նոր ասեց քիչ առաջ, որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը ապացույցների համակցությունն է, կասկածյալ ներգրավելու հիմքը այդ հանցանքը կատարող որոշակի տվյալներ պետք է լինեն: Մենք չենք կարող քրեական գործի առկայության պայմաններում արգելափակել նրա ելքը:
-ԴԱՀԿ նախկին պետի մասին դեռեւս 2016 թվականից քրեական գործ կա, որը կարճվեց, իսկ հեղափոխությունից հետո` մի քանի ամիս անց, նախաքննական մարմինը հայտնեց, որ քրեական գործը բացվել է, եւ որոշ ժամանակ անց արդեն Միհրան Պողոսյանը ներգրավվեց որպես մեղադրյալ: Այսինքն` նախքննական մարմինն այդ ընթացքում չէ՞ր կարող քայլեր իրականացնել Միհրան Պողոսյանի` Հայաստանը լքելու հնարավորությունը արգելափակելու ուղղությամբ, որ հիմա չնստեր սպասեր՝ ՌԴ-ն կարտահանձնի, թե չի արտահանձնի:
-Մինչեւ մեղադրյալ կամ կասկածյալ չներգրավենք, չենք կարող արգելափակել նրա ելքը: Ու ոչ միայն նրան, այլեւ ցանկացած անձի չենք կարող արգելափակել:
-Սահմանադրական կարգի տապալման հոդվածը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից անընդունելի է ճանաչվել 2008 թվականից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի եւ մյուս անձանց վրա էր այդ քրեական գործը հարուցվել: Հիմա այստեղ հարց է առաջանում՝ այդ մերժված հոդվածը առաջադրվել է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում էլի պարտվե՞նք:
-Չի հանվել, Ձեր հարցի մեջ արդեն անճշտություն կա: Նախկին խմբագրմամբ այդ հոդվածը նախատեսում էր իշխանության յուրացում, այդպես էր կոչվում, որը նախատեսում էր իր մեջ իշխանության յուրացման տարատեսակներից, եւ նշում էր նա սահմանադրական կարգի տապալումը, որը հետագայում ավելի հստակեցվեց, թե ինչ է նշանակում այդ սահմանադրական կարգի տապալումը, եւ նախատեսվեց առանձին հոդվածով: Դա ես մի քանի անգամ ասել եմ, որոշ իրավաբաններ նաև այդ մասին ասուլիսներ են տվել:
– Այսինքն` Եթե գործը գնաց ՄԻԵԴ, սահմանադրական կարգը տապալելու մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում չե՞նք պարտվի:
-Ո՛չ, մեղադրանքը հիմնավոր է:
Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում տպագրված հարցազրույցում եղել են տեխնիկական վրիպակներ, որոնք ուղղվել են, և ՀՔԾ պետի հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ: Մասնավորապես ՀՔԾ պետը նշել է. «Մենք չենք կարող անձի տեղաշարժ արգելափակել միայն այն պատճառով, որ քրեական գործ է քննվում նրա անվան հետ կապված: Մենք տեղաշարժը կարող ենք արգելափակել միայն խափանման միջոցի առկայության պայմաններում»: Իսկ անդրադառնալով Սահմանադրական կարգի տապալման հոդվածը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից անընդունելի է ճանաչվելու հարցին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշել է.Չի հանվել, Ձեր հարցի մեջ արդեն անճշտություն կա: Նախկին խմբագրմամբ այդ հոդվածը նախատեսում էր իշխանության յուրացում, այդպես էր կոչվում, որը նախատեսում էր իր մեջ իշխանության յուրացման տարատեսակներից, եւ նշում էր նա սահմանադրական կարգի տապալումը, որը հետագայում ավելի հստակեցվեց, թե ինչ է նշանակում այդ սահմանադրական կարգի տապալումը, եւ նախատեսվեց առանձին հոդվածով: Դա ես մի քանի անգամ ասել եմ, որոշ իրավաբաններ նաև այդ մասին ասուլիսներ են տվել:
Քնար Մանուկյան