Ով է դիմել ԱԱԾ և հայտնել Ռոբերտ Քոչարյանի սպանության նախապատրաստման մասին. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս մամուլը հրապարակեց այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 35-305 հոդվածի, 235 հոդվածի 2-րդ մասի եւ 236 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հրապարակվել էր մամուլում, նշված քրեական գործը հարուցվել էր Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ Ստեփան Ս.-ի նկատմամբ, որը դեռ 2001թ.-ին նախապատրաստել է ՀՀ պետական գործչի սպանություն, որի համար ստեղծված խմբի անդամների հետ ձեռք է բերել պայթուցիկ նյութեր եւ սարքեր, սակայն Ստեփան Ս.-ն հանցագործությունն ավարտին չի հասցրել:

«Ժողովուրդ» օրաթերթին վերոնշյալ դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` վերոնշյալ քրեական գործը հարուցվել է անձամբ Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ Ստեփան Ս.-ի հաղորդման հիման վրա: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` վերջինս դիմել է իրավապահներին ու մանրամասներ պատմել, թե տարիներ առաջ ինչպես են իրեն պատվիրել, եւ ինչպես է ինքը նախապատրաստել ՀՀ պետական գործչի սպանությունը: Արդյունքում, Ազգային անվտանգության ծառայությունում, Արարատի բնակչի հաղորդման հիման վրա, հարուցվել է քրեական գործ:

Իսկ հիմա ամենագլխավորի մասին. ո՞վ է եղել այն պետական պաշտոնյան, որին, ըստ էության, ցանկացել են սպանել ու նախապատրաստել այդ գործը: Մեզ հասած տեղեկություններով` գործով հաղորդում տված անձը իրավապահներին հայտնել է, որ նախապատրաստել են սպանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ անգամ տվել են պատվիրատուի անունը:

Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն` այս քրեական գործով շոշափվում է Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի անունը: Ինչ կպարզեն իրավապահները, սպասենք քննության արդյունքներին, սակայն նկատենք, որ այսքանով ամեն ինչ չի ավարտվում: Ուշագրավն այն է, որ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականը կապ ունի այս իրավիճակի հետ:

Մասնավորապես, նա իշխանական նեղ շրջանակներում կարծիք է հայտնել, որ Սպարապետի ընտանիքի անդամներից մեկի մասով քրեական գործ են քննում, ինչը անընդունելի է իր համար, եւ իր հրաժարականի դիմումների պատճառներից մեկն էլ հենց այդ հանգամանքն է: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ տեղեկությունը փորձեց անձամբ պարզել Արտակ Զեյնալյանից, սակայն վերջինս համառորեն չպատասխանեց մեր հեռախոսազանգերին եւ նամակին:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանության համար դիմեց նաեւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանին` պարզելու համար, թե արդյոք ինքը տեղյակ է այդ քրեական գործից, որտեղ շոշափվում է իր եղբոր անունը: Ի պատասխան` վերջինս ասաց. «Ես Ձեզանից եմ լսում եւ ոչինչ մեկնաբանել չեմ կարող»:

Քնար Մանուկյան




Լրահոս