Առանց նրա շատ դժվար է, բայց կան բաներ, որոնք մեր ձեռքերում չեն. Արման Էլբերտը՝ Արփինե Բեկջանյանից առանձին ապրելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մոտ երկու տարի է՝ երգչուհի Արփինե Բեկջանյանը դստեր հետ բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում, սակայն նրա ամուսինը՝ երգիչ, երգահան Արման Էլբերտը, որդու հետ մնացել է Հայաստանում: Ի՞նչ դժվարություններ է ստիպված հաղթահարել աստղային զույգը, նրանք, ի վերջո, կապրեն հայրենիքո՞ւմ, թե՞ ԱՄՆ-ում, ով ում կտանի իր մոտ. այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արման Էլբերտի հետ:

Նա խոստովանել է, որ թեեւ պատրաստ է մեկնել ԱՄՆ եւ ուժերը փորձել այնտեղի երգարվեստի շուկայում, միեւնույնն է, իր ապագան տեսնում է Հայաստանում: Արմանը պատմել է, որ մի քանի անգամ առիթ է ունեցել հրաժարվելու շքեղ կյանքից՝ հանուն հայրենիքի. կարոտը, կոկորդից բռնած, բերել է Հայաստան:

-Արմա՛ն, դժվար չէ՞ ապրել առանց Արփինեի. ի՞նչն է պատճառը, որ ստիպված եք առանձին ապրել:

-Դժվար է, շատ դժվար է: Պարզապես կան բաներ, որոնք մեր ձեռքերում չեն: Սպասողական վիճակ է: Տեսնենք՝ ինչպես կստացվի:

-Պատկերացնու՞մ եք Ձեզ Միացյալ Նահանգներում: Եթե գնաք, ինչո՞վ եք զբաղվելու: Հնարավո՞ր է` այնտեղ ստեղծագործեք, որպես մանսագետ՝ Ձեզ վերագտնեք:

-Մինչեւ չգնամ, այնտեղ չապրեմ, այդ ճանապարհը չանցնեմ, չեմ կարող այդ հարցին հստակ պատասխանել: Գուցե գնամ, իմ մասնագիտական ոլորտում պրակտիկա ձեռք բերեմ, գուցե արդեն ուշ լինի… Չգիտեմ… Թեպետ ասում են՝ երբեք էլ ուշ չէ որեւէ բան սկսելու համար: Ամեն դեպքում, կարելի է փորձել:

-Իսկ եթե գնաք, չհարմարվեք այնտեղի միջավայրին, բայց Արփինեն ցանկանա մնալ, ու Դուք կանգնեք երկընտրանքի առաջ, ինչպե՞ս կվարվեք:

-Չեմ կարծում, թե մեր միջեւ նման խնդիր կծագի: Ես գիտեմ, որ Արփինեն առաջին իսկ հնարավորության դեպքում կգա ու իր հայրենիքում կապրի:

-Եթե Ձեզ առաջարկվի շքեղ կյանք Միացյալ Նահանգներում եւ բարեկեցիկ կյանք՝ Հայաստանում, ո՞րը կընտրեք:

-Ժամանակին Մոսկվայում ես երեք անգամ ունեցել եմ շքեղ կյանքով ապրելու հնարավորություն, բայց թողել եւ եկել եմ Հայաստան: Շատ են փորձել հետ պահել, բայց կարոտը, կոկորդիցս բռնած, չի թողել, որ մնամ: Ամեն դեպքում, չեմ ուզում ամպագոռգոռ խոսքեր ասել: Բնական է, որ բոլորն էլ կուզեն շքեղ կյանքով ապրել, բայց բաներ կան, որ թանկ են ու անփոխարինելի: Ես տեսակով նվիրվող մարդ եմ` կլինի հայրենիքին, ընկերոջը, կնոջը, թե երեխաներին:

-Մի փոքր Ձեր ներկայիս գործունեությունից խոսենք: Ինչո՞վ եք զբաղված, արդյոք ստացվու՞մ է ռեալիզացվել հայկական էստրադայի շուկայում: Երգեր գրու՞մ եք:

-Շատ երգեր ունեմ, որոնք 1990-ականներին ձայնագրել եմ, հետո դրել եմ մի կողմ, ինչ-որ բանից հիասթափվել եմ: Երեւի իմ էությունն է այդպիսին` մի գործի դիպչել, հետո, մի որեւէ բանից դրդված, հետ քաշվել… Բայց անպայման ուզում եմ դրանցից մի քանիսը ներկայացնել հանդիսատեսին: Այս տարի պետք է որ ստացվի:

Ուրիշ երգիչների համար ստեղծագործո՞ւմ եք: Համագործակցության առիթներ լինո՞ւմ են:

-Ոչ, ուրիշների համար չեմ գրում, կարծում եմ, որ նրանք իմ գրած երգերի կարիքը չունեն: Այսօր երգիչ-երգչուհիների մեծ մասը բոլորովին այլ ժանրում է իրեն դրսեւորում, որը ինձ բացարձակ հոգեհարազատ չէ: Բայց, միեւնույնն է, զբաղվում եմ ստեղծագործական կյանքով, օրինակ՝ ֆիլմերի համար սաունդթրեքներ եմ գրում, ներկայացումների երաժշտական ձեւավորում եմ անում, գործիքավորում եմ իրականացնում: Այնպես որ, իմ գործունեությունից չեմ շեղվում:

-Եվ վերջում՝ Ձեզ քսան տարի հետո պատկերացնում եք Հայաստանո՞ւմ, թե՞ արտերկրում:

-Հայաստանում: Բոլոր դեպքերում, մենք շատ կապված ենք մեր երկրի հետ: Ուր էլ գնանք, մեզ խորթ ենք զգալու: Չընդունելով մի շարք երեւույթներ` միեւնույնն է, մենք մեր ապագան դրսում չենք տեսնում:

Անի Անտոնյան




Լրահոս