Հունիսի 9-ին Հայաստանի 8 մարզերի 15 համայնքներում տեղի ունեցավ տեղական ինքակառվարման մարմնի ընտրություններ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համայնքների մեծ մասում ընտրությունները արտահերթ են եղել, քանի որ գյուղապետերը հրաժարական էին տվել թավշյա հեղափոխությունից հետո բնակիչների պահանջով: Նկատենք, որ ընտրված գյուղապետերի գերակշիռ մասն անկուսակցական է: Նրանցից միայն 3-ը ՔՊ-ական են, 1-ը` ԲՀԿ-ական, 1-ն էլ` ՀՅԴ-ական: Թե ընտրվելուց հետո կանդամակցեն ՔՊ-ին կամ մեկ այլ կուսակցության, ցույց կտա ժամանակը:
Օրինակ` Արարատի մարզի Սիս գյուղում առաջադրված երեք թեկնածուներից գյուղապետ է ընտրվել անկուսակցական Հայկ Մելքոնյանը: Սիսի նախկին գյուղապետ Արմեն Եղյանը հրաժարական էր ներկայացրել: Նա պատրաստվում է զբաղվել շինանյութի վաճառքով:
Նշենք, որ Ապագայի նախկին գյուղապետ Արտաշես Բարսեղյանը փետրվարի 28-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել: Նա արտագաղթել է ԱՄՆ: Ապագայի գյուղապետի պաշտոնի համար ընտրվել է անկուսակցական Պետրոս Ավագյանը: Նորակերտը նոր գյուղապետ ունի` Արման Պետրոսյանը: Նախկին գյուղապետ Շահեն Կարապետյանը եւս հրաժարականի դիմում էր ներկայացրել համագյուղացիների պահանջով:
Իսկ, ահա, Վարդանաշենում անհատ ձեռնարկատեր Միհրան Հովհաննիսյանն է գյուղապետ ընտրվել: Վարդանաշենի նախկին գյուղապետ Արթուր Մանուկյանն էլ է Հայաստանից մեկնել: ՀՀԿ-ական Արթուր Մանուկյանի գործելաոճից գյուղի բնակիչները դժգոհում էին, բայց այս տարվա փետրվարի 17-ին այս համայնքում տեղի էին ունեցել գյուղապետի արտահերթ ընտրություններ, եւ նա, հավաքելով բավարար ձայներ, վերընտրվել էր գյուղապետի պաշտոնում:
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտում ընտրությունները թեժ են անցել. առաջադրվել են 6 թեկնածու, 6-ն էլ` անկուսակցական: Վերընտրվել է գործող գյուղապետը` Վարդան Պողոսյանը (ըստ մարզպետարանի պաշտոնական կայքէջի` ՀՀԿ-ական է): Ծովասարում եւս գործող գյուղապետն է վերընտրվել: Լոռու մարզի Ղուրսալիում գործող գյուղապետ Մհեր Մինասյանը վերընտրվել է: Շենավանում գյուղապետի համար ինքնաառաջադրվել էին երեք թեկնածու` գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Նարեկ Աբրահամյանը, համայնքի ղեկավարի ՔՊ-ական ԺՊ Անդրանիկ Դունամալյանը եւ գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մխիթար Մխիթարյանը, որն էլ ընտրվել այդ պաշտոնում: Ասել է թե` ՔՊ-ական թեկնածուն 40 ձայնով պարտվել է:
Իսկ, ահա, Քարաձորում ՔՊ-ական թեկնածուն է հաղթել՝ Հրանուշ Ռոստոմյանը: Ընտրություններն ամենաթեժը, սակայն, Աբովյան քաղաքում էին: Առաջադրվել էր 5 թեկնածու, բայց պայքարը հիմնականում ընթանում էր գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանի եւ մարզպետարանի աշխատող ՔՊ-ական Գրիգոր Գուլյանի միջեւ: Նշենք, որ Վահագն Գեւորգյանը հավաքել էր 8453 ձայն, իսկ Գրիգոր Գուլյանը` 8058 ձայն: Սա երկրորդ համայնքն է, որտեղ ՔՊ-ական թեկնածուն պարտվել է: Իսկ, ահա, Գետարգել գյուղում վերընտրվել է ԲՀԿ-ական գյուղապետ Արսեն Կարապետյանը` հավաքելով 201 ձայն:
Սյունէ Համբարձումյան