ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ իրենց կուսակցական առանցքային ծրագրում որեւէ փոփոխություն չի կատարվել, ու դա առաջիկայում կներկայացվի նաեւ ՔՊ արտահերթ համագումարի ժամանակ:
-Պարո՛ն Ուլիխանյան, Դուք եւս ինքնաառաջադրվել եք` որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի թեկնածու. ի՞նչ հույսեր ունեք, արդյոք պատվիրակները կընտրե՞ն Ձեզ, ի՞նչ ծրագիր եք պատրաստվում ներկայացնել Ձեր կուսակցական ընկերներին, որպեսզի Ձեզ ընտրեն վարչության անդամ:
-Հստակ ծրագիր ունեմ: Մի բան կարող եմ հստակ ասել, որ ես չգիտեմ` ինչ է նշանակում լինել ուղղակի կուսակցական։ Ես ունեմ անցած ճանապարհ, ես կուսակցության հիմնադիր անդամ եմ, ես անդամակցել եմ նաեւ այն ժամանակ, երբ դեռ կուսակցություն չէինք դարձել, այն ժամանակ կոչվում էր «Հանրային քաղաքական միավորում» «Քաղաքացիական պայմանագիրը»։ Ես ոչ միայն դրա ակունքներում գտնվելն եմ համարում մեծ առավելություն, այլ նաեւ այդ արժեքների իրական կրողն եմ, եւ, այո, ես մեծ նշանակություն եմ տալիս, թե մարդը միացել է ընդդիմադիր կուսակցությանը, թե այսօր արդեն իշխանության մեջ գտնվող կուսակցությանը։ Դա ինձ համար առանցքային խնդիր է։ Սովորաբար մարդիկ կուսակցականացվում են որոշակի նպատակներով։ Եթե դու նպատակ ունես ապագայում գալ իշխանության եւ որոշակի քո ծրագրերը, քո ներդրումը ունենաս պետականաշինության մեջ, դու պետք է այդ պահին ընտրություն կայացնես` կա՛մ արդեն գոյություն ունեցող կուցակցությունների մեջ ներգրավվես, կա՛մ որոշես, որ այդ կուսակցությունները որեւէ կերպ չեն բավարարում քո արժեքային համակարգին, եւ ֆիզիկապես հնարավոր չի գտնվես այդ մարդկանց միջավայրում եւ այդ դեպքում որոշում կայացնես անդամակցել նոր ստեղծվելիք ուժին, որն ապագայում կգա իշխանության եւ դրա միջոցով կիրականացնի իր ծրագրերը։
-Իշխանական կուսակցությունների վարչություններում ընդգրվելը բոլոր իշխանությունների ժամանակ համարվել է «պրեստիժ», արդյոք նույն իրավիճակը ՔՊ-ում չէ՞, քանի որ միայն վարչության անդամի համար առաջադրվել էին 65 թեկնածու, որոնցից մի քանիսն արդեն ինքնաբացարկ է հայտնել:
-Նախկինում դա պրիստիժ էր, ինձ համար դա երբեք պրիստիժ չի եղել: Ես Ձեզ վստահեցնում եմ, որ նախկինում էլ հնարավորություն ունեցել եմ իշխանական կուսակցությունների մեջ ներգրավվել, որովհետեւ թե՛ կրթական մակարդակով, թե՛ քաղաքականցվածության մակարդակով բավարարել եմ շատ պահանջների, սակայն ուղղակի իմ արժեքային համակարգը, իմ դաստիարակությունը, իմ էությունը, իմ տեսլականը ապագա Հայաստանի վերաբերյալ չեմ պատկերացրել` ինչպես եմ իրացնելու գործող այդ կուսակցություններում:
-Պետք է տեղի ունենա ՔՊ-ի հրավիրած արտահերթ համագումարը: Ի՞նչ նոր ծրագիր է պատրաստվում ներկայացնել կուսակցությունը հանրությանը, քանի որ ամիսներ շարունակ խմբեր էին աշխատում կուսակցության նոր ծրագրի վրա:
-Մեր կուսակցության առանցքային դրույթները չեն կարող փոփոխվել երբեք, այսինքն` ծրագրի մեջ էական փոփոխությունները, ես կարծում եմ, որ ավելի երկար ժամանակի համար են: Մեր կուսակցությունը չունի այն տարիքը, որպեսզի արդեն հասցրած լինի, ասենք, ինչ-որ ծրագիր իրականացնել, հետո անցնել մյուսին, մյուսին ժամանակագրական առումով: Չեմ կարծում, որ արդեն ժամանակն է առանցքային ծրագրային կետեր փոխելու: Առանցքային ծրագրերը լրիվ նույնն են. ես հիմա չեմ ցանկանում շարադրել, որովհետեւ կոնտեքստից դուրս կլինի, բայց մեր հիմնական ուղերձը, ասելիքը եղել է հետեւյալը՝ ազատ, արդար, երջանիկ Հայաստան, որի կառուցմանը մենք ամեն օր ներդրում ենք բերում: Եթե ես ասեմ, որ կուսակցությունը ավտոմատ բավարարել է հանրության պահանջները, ապա այս դեպքում այսուհետ կուսակցության գոյությունը կասկածի տակ կդրվի, որովհետեւ կուսակցությունը պետք է գոյատեւի եւ կարող է գոյատեւել այնքան ժամանակ, քանի կա դրա կարիքը: Քանի դեռ ժողովուրդը հույսեր է կապում այդ կուսակցության հետ, քանի դեռ ՀՀ քաղաքացին չիրականացված երազանքներ ունի, որը կապում է այդ կուսակցության հետ, մենք այդքան անելիք կունենանք:
-Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկումներին մասնակցո՞ւմ է, արդյոք վարչության նոր ընտրվելիք կազմը արդեն նրա հավանությանն արժանացե՞լ է:
-Որքանով որ ժամանակը ներում է, մենք պետք է հաշվի առնենք նաեւ պարոն Փաշինյանի այսօրվա դիրքը: Ժամանակը եթե ներում է, այո, մասնակցում է քննարկումներին: Հարցը պետք է ուղղեք Նիկոլ Փաշինյանին, ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, ինքն արդեն իր դիրքորոշումը կներկայացնի: Կարծում եմ` առաջիկայում ամեն ինչ ավելի հստակ կլինի, իսկ Դուք էլ կստանաք այն հարցերի պատասխանները, որոնք անպատասխան են մնացել:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ