Հաստատվել են Ազատամուտում փայտածուխի արտադրության բացասական հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատամուտում փայտածուխի արտադրամասերի գործունեության հետեւանքներն ուսումնասիրող հանձնաժողովը պարզել է, որ համայնքի բնակիչների մոտ շնչառական հիվանդությունների ցուցանիշները մոտ 40 անգամ գերազանցում են հարեւան այլ համայնքների ցուցանիշներին:

Մասնավորապես, եթե 20000 բնակիչ ունեցող Իջեւան քաղաքում ալերգիկ ռինիտ գրանցվել է 4 բնակչի, 2700 բնակիչ ունեցող Գետահովիտում՝ 1, ապա 2800 բնակիչ ունեցող Ազատամուտում՝ 50 բնակչի մոտ:

Համեմատական կարգով՝ Ազատամուտում բարձր են նաեւ ասթմայի, թոքային այլ քրոնիկ խցանող հիվանդությունների մակարդակները:
Հաշվի առնելով ուսումնասիրության նման մտահոգիչ արդյունքները, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանձնարարել է, որպեսզի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ամբողջական հաշվետվություն պատրաստվի, մշակվի առաջարկությունների փաթեթ, գործողությունների ծրագիր, համապատասխան գրություններ կուղարկվեն գերատեսչություններին:

Եվս մեկ անգամ հաստատում ենք, որ հանձնաժողովի գործենության նպատակը ոչ թե որեւէ աշխատատեղ փակելն է կամ տնտեսվարողներին իրենց գործունեությունից զրկելը, այլ’ համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ’ փայտածուխի արտադրության ռիսկերի նվազեցումը, արտադրության արդյունավետության բարձրացումը:

Հանձնաժողովը տնտեսվարողներին առաջարկել է արդիականացնել արտադրության պրոցեսը, ինչը հնարավորութուն կտա կատարել արտանետվող գազերի եկրորդական այրում: Խոսքը կոնվեկցիոն վառարանների կիրառման մասին է, որոնց մեկը հատի միջին արժեքը 150 հազար դրամ է:

Տավուշի մարզպետարանը նախատեսում է իրականացնել 2 պիլոտային ծրագիր:




Լրահոս