Հայցվոր Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը դատարանում անակնկալ հայտարարություն արեց:
«Եթե մեր դատավարական հակառակորդը կհայտարարի աներկբա, որ այս հայտարարությունը անելով՝ պարոն Փաշինյանը նկատի չի ունեցել պարոն Քոչարյանին, ապա մենք պատրաստ ենք հրաժարվել հայցից: Նման դեպքում ես կխնդրեի նիստը նշանակել հնարավորինս շուտ»,- ասաց Ալումյանը:
Պատասխանողի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը հայտարարեց, որ իր վստահորդը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին:
Հիշեցնենք, որ Քոչարյանը 2018 թվականի սեպտեմբերի 17-ին դիմել է դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջով: Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է, որը վերաբերել է նաեւ Քոչարյանին: Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել, մասնավորապես՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի վերաբերյալ: Վերջիններիս զրույցը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին:
Հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետեւյալ հատվածը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»: