«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովում շարունակվում են 2018թ. բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները: Հունիսի 5-ին Ազգային ժողովում պետք է տեղի ունենար ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով հանձնաժողովի փակ նիստ, որի ժամանակ պետք է քննարկվեր պաշտպանության նախարարության բյուջեի կատարողականը:
Սակայն ինչպես հայտարարվեց այդ օրը, նախարար Դավիթ Տոնոյանը գործուղման էր մեկնել, ուստի նա Աժ-ում այսօր կներկայացնի 2018թ. բյուջեի կատարողականը: Բայց պարզվում է, որ օրվա տեղափոխությունը նախապատմություն ունի: Մասնավորապես, հունիսի 5-ին Ազգային ժողովում է եղել պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը եւ իշխող խմբակցության հետ լուրջ խոսակցություն է ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Գաբրիել Բալայանն ասել է, որ ինքը կարող է ներկայացնել 2018թ. բյուջեի կատարողականը, սակայն նրան բացատրել են, որ նման բան չի կարող լինել, քանի որ վարչապետի կողմից ասվել է, հրահանգվել է, որ առաջին դեմքերը պետք է ներկա լինեն քննարկումներին:
Նկատենք, որ վարչապետի հրահանգից «վախեցած» անգամ արձակուրդի մեջ գտնվող Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն էր երեկ ներկայացել ԱԺ ու անձամբ մասնակցել 2018թ. բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումներին:
Միայն գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այդպես էլ ԱԺ չեկավ բյուջետային քննարկումների»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում