«168 ժամ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունում որոշում է կայացվել՝ ակտիվանալ տեղեկատվական դաշտում: Ընտրվել են նույնիսկ, այսպես ասած՝ կուսակցության «ֆասադային» դեմքերը, որոնք, ըստ էության, երկու խնդիր պիտի լուծեն՝ ապահովեն դատական համակարգում տեղի ունեցող պրոցեսների հանրային իրազեկվածությունը՝ թույլատրելի «դոզայով», մյուս կողմից՝ բարձրացնել իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության իմիջը՝ մեծ քայլերով օր օրի արձանագրվող անկումից փրկելու համար:
Ինտելեկտուալ դեմքերը, որոնք իրականում ներմուծված մարդիկ են, ոչ մի կապ չունեն Փաշինյանի քաղաքական ուղեգծի և գաղափարների հետ, պիտի ցույց տան, որ վարչապետն աստիճանաբար գնում է կադրային նոր ռեզերվի ձևավորման ճանապարհով, և որ իր համար այլևս արդիական չեն միայն իրենց հետ հեղափոխության օրերին «քայլածի վաստակով» ինքնագոհ ու ապաշնորհ երիտասարդները:
Կառավարության ներսում ևս զուգահեռաբար խոսվում է կառավարական կորպուսում մի քանի անձանց նկատմամբ վարչապետի փոխված վերաբերմունքի մասին: Ասում են՝ նկատելի է, որ հարաբերություններ են փոխվել, վարչապետն իր ստացած ազդակներից որոշակի հետևություներ է անում և չի թաքցնում, որ օրենսդիր ու գործադիր մարմինների անհաջող կադրերից հասարակական մեծ դժգոհություն է փոխանցվում իրեն: Թերևս այս պատճառով է նաև, որ իշխանական թևին սպասարկող մամուլը հաճախ է այս կամ այն նախարարի հնարավոր պաշտոնանկության մասին լուր շրջանառում:
Այսօր էլ ԱԺ «Իմ քայլ»-ական որոշ պատգամավորներ չեն թաքցնում, որ գործադիրի կազմում մինչև սեպտեմբեր ակնկալվող փոփոխություններ կլինեն: Պատգամավորները խոստովանում են, որ վարչապետն իր նոր ընտրյալ կադրերով փորձելու է ցույց տալ, որ ինտելեկտուալ ներուժը կարևորվում է «քայլողներից» (ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան, մեկ այլ՝ Կրթության և մշակույթի հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյան, իրավաբան Վահե Գրիգորյան):
Իհարկե, վարչապետի որդեգրած նոր մոտեցմանը թիմի ներսում քչերն են հավատում, քանի որ Փաշինյանը քաղաքական թիմի ներսում, այդուհանդերձ, շարունակում է հենվել իր համար հուսալիների սեղմվող՝ 5 հոգանոց դարձած թիմի վրա՝ ընդգծելով, որ յուրայիններից ամեն դեպքում փորձառու գործիչներ են Լիլիթ Մակունցը, Հակոբ Արշակյանը, Հակոբ Սիմիդյանն ու Արման Բոշյանը, Սուրեն Պապիկյանը:
Կուսակցության ներսում զարմացած արձանագրում են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դիրքերի նահանջը, Լենա Նազարյանի՝ «աութում» հայտնվելը շատերն են նկատել։ ԱԺ փոխոսնակ Լենա Նազարյանն անգամ ընդգրկված չէ կուսակցության ներսում մոտալուտ ընտրական գործընթացներում։ Դե, իսկ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ոչ յուրային լինելու մասին զանազան լեգենդներ շրջանառվում են դեռ անցած տարվանից: Ընդ որում, մի քանի թևերի բաժանված իշխանական թիմը միմյանց նկատմամբ շատ անհանդուրժող է»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում