«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՅԴ-ն առարկում է իշխանությունների այն նախաձեռնության դեմ, որ պետք է խորհրդարանը քննի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը նշեց, թե դա բացառապես գործադիրի լիազորությունն է, ու անհասկանալի է, թե գործադիրի լիազորության տակ գտնվող գործառույթը ինչու են փոխանցել օրենսդիրին:
«Ու հարց է առաջանում. այսքան անհրաժեշտության պայմաններում ինչո՞ւ գործադիր իշխանությունը չի իրականացնում այդ աշխատանքը, հատկապես երբ խոսում ենք մենք միանշանակ մեծածավալ, պետական հույժ կարեւորության գաղտնիքների մասին: Այդ աշխատանքները, ինչպես ընդունված է միջազգային փորձում, ենթադրում է ծառայողական քննություններ, ռազմագիտական լուրջ ուսումնասիրություններ, որը բնորոշ է բացառապես գործադիր իշխանությանը»,- հայտարարեց Մինասյանը:
ՀՅԴ-ականը տարակուսանք հայտնեց, որ սա կարող է ընդամենը շոու լինել, որի դեպքում պետք է ամեն կերպ խուսափել բանակի հեղինակազրկումից»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում