Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան ժամանել է 364 հազար 489 զբոսաշրջիկ: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` այս ցուցանիշն աճել է 5.2 տոկոսով: Որոշակի երկրներից, սակայն, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը զգալի պակասել է:
«ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հայաստան Ռուսաստանից այցելող զբոսաշրջիկների թիվը 5400-ով ավելացել է: Այս տարվա առաջին երեք ամիսներին ՀՀ ՌԴ-ից այցելել է 32 հազար 300 զբոսաշրջիկ:
Փոխարենը ԵՄ երկրներից Հայաստան զբոսաշրջիկների թիվը 5.6 տոկոսով նվազել է: Այսինքն` ԵՄ երկրներից դեպի ՀՀ 2900-ով զբոսաշրջիկների թիվը պակասել է: Բացի այս, պակասել է նաեւ Ուկրաինայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից, Վրաստանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը: Եթե Գերմանիայից նախորդ տարվա առաջին եռամսյակում Հայաստան այցելել է 4 հազար 400 զբոսաշրջիկ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 3 հազար 400: Իսկ, ահա, Միացյալ Թագավորությունից հունվար-մարտին Հայաստան ժամանել է 700 զբոսաշրջիկ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեր երկիր ժամանել է 3 հազար 300:
Փոխարենը Իտալիայի քաղաքացիների համար է սկսել Հայաստանը գրավիչ դառնալ. Իտալիայից Հայաստան հունվար-մարտ ամիսներին ժամանել է 800 հոգի` նախորդ տարվա նույն ժամանակահտվածի 700-ի դիմաց: Ֆրանիսայից ՀՀ ժամանած զբոսաշրջիկներն են զգալի ավելացել` 76.7 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ֆրանսիայից ՀՀ այս տարվա առաջին եռամսյակում ժամանել է 4 հազար 100 զբոսաշրջիկ:
Ի դեպ, ըստ վիճակագրական կոմիտեի` այս տարի պակասել է Թուրքիայից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը, այն էլ` 50 տոկոսով կամ 500-ով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ նաեւ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն է զգալի նվազել` 6 հազար 600-ով: Եւ սա այն դեպքում, երբ իրանցի տուրիստներն ամենաշատն էին ՀՀ գալիս: Ըստ մասնագետների` իրանցի զբոսաշրջիկները վերջին տարիներին նախընտրում են Վրաստանում անցկացնել իրենց հանգիստը, քան Հայաստանում: Ի դեպ, հանրության շրջանում կարծիք է ձեւավորվել, որ Վրաստանում հանգիստն անցկացնելն ավելի մատչելի է, քան մեզ մոտ: Մասնագետները, սակայն, հակառակն են պնդում. Հայաստանում հանգիստն ավելի մատչելի է, քան Վրաստանում:
Մյուս կողմից` խոստովանենք, որ ՀՀ-ում իրանցի զբոսաշրջիկների նկատմամբ այնքան էլ բարյացակամ չեն տրամադրված, էլ չենք ասում տաքսու վարորդների առաջարկած բարձր գները. այս մասին բարձրաձայնվել է ոչ մեկ անգամ: Անգամ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն էր նման հարց բարձրացրել:
Ինչեւէ, մինչ այդ նկատենք, որ, ըստ վիճակագրական կոմիտեի, Հայաստանից մեկնողների թիվը եւս ավելացել է 5.2 տոկոսով: Հունվար-մարտ ամիսներին մեր երկրից մեկնել է 317 հազար 891 զբոսաշրջիկ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 300 հազար 832-ի դիմաց: Սակայն նրանց մեծ մասը` 316 հազար 575 զբոսաշրջիկ, մեկնել է ինքնուրույն, առանց զբոսաշրջային գործակալությունների միջնորդության:
Ընդամենը 1316 զբոսաշրջիկի ուղեւորություն կազմակերպվել է տուրիստական գործակալությունների միջոցով:
Թեեւ Հայաստանում զբոսաշրջությունը համարվում է տնտեսության գերակա ճյուղ, բայց այդպես էլ մեր երկրում զբոսաշրջությունը չի զարգանում: Սա զարմանալի չէ, քանի որ Հայաստանը համաշխարհային զբոսաշրջության եւ ճամփորդության մրցունակության զեկույցում գտնվում է 84-րդ տեղում` տասը կետով զիջելով հարեւան Վրաստանին, Ադրբեջանին: Մասնագետների պնդմամբ` Հայաստանը տուրիստական գովազդի շուկայում պասիվ է: Փոխարենը Վրաստանն է ակտիվ, նաեւ Ադրբեջանը: Ի դեպ, «Marriott» ընկերությունը Վրաստանում ունի 8 հյուրանոց, մինչդեռ մեր երկրում ընկերությունն ունի երկուսը, եւ սա այն դեպքում, երբ մեզ մոտ գներն ավելի մատչելի են, քան Վրաստանում:
Սյունէ Համբարձումյան