Հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Ժիրայր Գլենց» հեռուստասերիալը` նկարահանված Մկրտիչ Արմենի համանուն ստեղծագործության հիման վրա, հեռուստադիտողին էկրաններից կառչած է պահում ոչ միայն հետաքրքիր սյուժեի, այլեւ դերասանական կազմի խաղի շնորհիվ: Իր խաղով հատկապես առանձնանում է գլխավոր հերոսուհուն մարմնավորող Ռուզան Վիթը: Առաջին հայացքից չոր եւ սառը կին է, բայց ներքուստ անչափ զգայուն եւ ուժեղ է: Իր կերպարի հետ ընդհանրությունների, դասականների գործերն էկրանավորելու կարեւորության, թատրոնում հանդես չգալու պատճառների մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է դերասանուհու հետ:
-Ռուզա՛ն, Ձեր կերտած կնոջ կերպարն ունիկալ է իր տեսակով: Ի՞նչ ընդհանրություններ ունեք նրա հետ:
-Գիտե՞ք, բոլոր կերպարները կանանց մեջ առկա են, պարզապես դերասաններին թույլատրված է անցկացնել դրանք սեփական պրիզմայով: Յուրաքանչյուրի մեջ կա ամեն ինչ, եւ բոլոր պատմությունները կարող են պատահել յուրաքանչյուրի հետ: Կերպարիս հետ ընդհանրություն, իհարկե, ունեմ, նա շատ հոգեհարազատ է ինձ: Տիկին Գլենցը անկեղծ կին է ինքն իր, ամուսնու, երեխաների առջեւ: Գիտի` սերն ինչ է` կին-տղամարդ սերը, ապրել է այդ զգացմունքը, բարոյական նորմերի կրող է, հոգով ստրուկ չէ: Գերագույն հաճույքով եմ նկարահանվել սերիալում: Ինձ համար մեծ բախտավորություն էր աշխատել ռեժիսոր Գրիգոր Վահրամյանի հետ: Նա ոչ միայն բեմադրիչ է, այլեւ հոգեբան: Նկարահանման տաղավարում տիրում էր երջանկություն, սեր եւ պրոֆեսիոնալիզմ:
-Փորձը ցույց է տալիս, որ մեր դասականներին եւս կարելի է էկրանավորել ու հաջողություն գրանցել թե՛ որակի, թե՛ վարկանիշի առումով: Որքանո՞վ եք կարեւորում անդրադարձը մեր գրական գանձարանին:
-Կարեւոր է այնքանով, որ նախ պետք է ճանաչել մեր գրողներին այս խառնիխուռն ժամանակների մեջ: Նրանց գործերը մաքուր են, ամբողջական, առանց աղավաղումների, ի վերջո, դիմացել են ժամանակի փորձությանը: Անդրադարձը դասականներին փորձ է մաքրելու, զտելու ու փրկելու մեր հասարակությունը:
-Որքանով տեղյակ եմ, Դուք եւս գրում եք կինոսցենարներ: Դա նախասիրությո՞ւն է, թե՞ մտադիր եք լրջորեն զբաղվել այդ գործով, կյանքի կոչել սցենարները:
-Այո, գրում եմ, բայց ես գրող չեմ, պարզապես ստեղծագործող դերասանուհի եմ, որը չի կարողանում անտարբեր անցնել մարդկային ճակատագրերի կողքով, ու իմ ապրած ամեն մի ցավից ծնվում է ստեղծագործություն: Շատ եմ ուզում` սցենարներս էկրանավորվեն: Գրում եմ 1997-ից, երբ գլխավոր դեր մարմնավորելու հրավերով մեկնեցի Փարիզ: Ապրում էի ֆրանսիական միջավայրում, հայտնի դերասանների կողքին, բայց այնպիսի սաստիկ կարոտ էի զգում, որ պետք է անպայման ինչ-որ կերպ արտահայտեի այն:
-Դուք խաղացել եք Երեւանի Համազգային, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոններում: Այսօր ինչո՞ւ Ձեզ չենք տեսնում թատրոնում:
-Թատրոններում բավական վատ մթնոլորտ է տիրում: Երբ մեկնեցի Փարիզ, փախա այդ տգեղ ու զզվելի միջավայրից: Որքան էլ պաշտում եմ թատրոնը, իրականությունն այդպիսին է: Երբ վերադարձա Փարիզից, նորից թատրոն մուտք գործելու փորձեր արեցի, բայց էլի հանդիպեցի նույն տգեղ երեւույթներին: Պարզապես գլուխ չդրեցի: Բայց ասեմ, որ կա մի նախագիծ, որը եթե ֆինանսավորվի, կյանքի կկոչենք բեմադրիչ, իմ հին ու լավ ընկեր Նիկոլայ Ծատուրյանի հետ:
-Երբ ասում եք, որ թատրոններում միջավայրը վատն է, նկատի ունեք, որ, օրինակ, դերի կռի՞վ են անում: Ի՞նչ խնդրի մասին է խոսքը:
-Այո, դա էլ: Բայց ես անուններ ու իրավիճակներ չեմ նշի: Ուղղակի կասեմ, որ զզվելի է այդ ամենը: Ես ազատ ստեղծագործող եմ, ու ինձ պետք չէ, որ հայտնվեմ նման միջավայրում, կորցնեմ դրական էներգիաս: Արվեստի մարդը պետք է հեռու մնա այդ ամենից:
-Եվ վերջին հարցը. Ձեր դուստրը Ձեզ հետ միասին նկարահանվում էր «Նռան հատիկ» սերիալում: Հնարավո՞ր է` հետագայում նա բռնի հենց Ձեր մասնագիտական ուղին: Ինքը նման ցանկություն ունի՞:
-Դուստրս տասը տարեկան է, եւ երբ նրան առաջարկեցին նկարահանվել սերիալում, ի դեպ` առանց իմ միջամտության, շատ ոգեւորվեց: Պատճառներից մեկը, որ ինքս ընդունեցի նկարահանվելու հրավերը, դա էր. չցանկացա փոքրիկիս կոտրել: Բացի այդ, ֆինանսապես ձեռնտու առաջարկ էր: Դուստրս արվեստի մարդ է, եւ ես վստահ եմ, որ հետագայում նա հենց արվեստի ուղին էլ կբռնի:
Աննա Բաբաջանյան