ԵԽ-ն գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու ՀՀ վարչապետի հանձնառությունը. Յագլանդը նամակ է հղել Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ընդգծելով, որ Եվրոպայի խորհուրդը մեծապես գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու ՀՀ վարչապետի հանձնառությունը:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Յագլանդի նամակի ոչ պաշտոնական թարգմանությունը, ինչպես նաև բնագրի պատճենը:

«Հարգելի պարոն վարչապետ,
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ եւ Ձեր կառավարությանն այն ջերմ ընդունելության համար, որ ցուցաբերվեց Եվրոպայի խորհրդի պատվիրակության անդամներին, ովքեր այցելեցին Հայաստան մայիսի 30-ին եւ 31-ին, ինչպես նաեւ նրանց հետ ունեցած կառուցողական քննարկումների համար:

Եվրոպայի խորհուրդը մեծապես գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու Ձեր հանձնառությունը: Մենք նաեւ կիսում ենք Ձեր գնահատականն առ այն, որ պետք է բազմապատկել կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերը եւ բարեփոխել ու վերակառուցել դատական համակարգը՝ Հայաստանի Սահմանադրությանը եւ Հայաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան:

Արագ եւ վճռականորեն իրականացված համապարփակ եւ հեռանկարային դատական բարեփոխումների ռազմավարությունը պատշաճ կերպով իրականություն կդարձնի Ձեր կառավարության օրինական նպատակները: Այդ ռազմավարությունը կարող է կառուցվել երեք հենասյուների վրա` կոռուպցիայի դեմ ուղղված եռանդուն ջանքեր, դատական համակարգի անկախության եւ արդյունավետության բարձրացում եւ մարդու իրավունքների խախտումների շտկում: Այն կարող է առաջնորդվել Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցների եւ մոնիթորինգի մեխանիզմների, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Վենետիկի հանձնաժողովի եւ GRECO- ի եզրակացություններով: Նման ռազմավարությունը կապահովի վստահություն բարեփոխումների նկատմամբ, դրանց կանխատեսելիությունը եւ միջազգային աջակցության շարունակականությունը:

Եվրոպայի խորհուրդը պատրաստ է ակտիվորեն մասնակցել այդ բարեփոխումների իրականացմանը Գործողությունների այն ծրագրի շրջանակներում, որի մեկնարկը մի քանի օրից կտրվի Երեւանում գլխավոր քարտուղարի տեղակալի մասնակցությամբ:

Շարունակական համագործակցության ակնկալիքով,

Անկեղծորեն Ձեր,

Թորբյորն Յագլանդ»:




Լրահոս