Դիլիջան համայնքի մաս կազմող Հաղարծին եւ Հովք գյուղերում ավարտում են հունիսի 4-ի երեկոյան տեղացած կարկուտի վնասների հաշվարկումը:
Հաղարծին համայնքի վարչական ղեկավար Գեւորգ Թամրազյանն ասաց, որ այդ օրը` ժամը 19-ից 20-ի սահմաններում, մոտ 10 րոպե տեղացած շատ խոշոր կարկուտից, եւս 40 րոպե տեղացած մանր կարկուտից վնասվել են տների, շինությունների տանիքներ, գյուղատնտեսական ցանքեր: Վնասվել է Հաղարծնի գյուղապետարանի շենքի տանիքը, 10 առանձնատան տանիք, հենապատ է քանդվել, վնասվել են մոտ 7,5 հեկտար կարտոֆիլի ցանքեր:
Գյուղատնտեսական մշակաբույսերի վնասները մեծ են նաեւ Հովք գյուղում: Գեւորգ Թամրազյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ վնասների մասին տվյալները կներկայացնեն կառավարություն, սակայն ինքը չգիտի՝ վնասների համար պետությունից աջակցություն կամ փոխհատուցում կլինի, թե ոչ: