Քույր և եղբայր մեղադրվում են խարդախության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Ջեմմա եւ Վահան Մանուկյաննների դատավարությունը: Մեղադրյալի աթոռին Երեւան քաղաքում` նույն հասցեում բնակվող հարազատ քույր եւ եղբայր են: 1980թ. ծնված Ջեմմա Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, իր եղբոր` Վահան Մանուկյանի հետ նախնական համաձայնությամբ, Ռաֆայել Ճաղարյանին համոզելու եղանակով դրդել են կատարել խոշոր չափի կաշառք տալու փորձ, այնուհետեւ պաշտոնական դիրքն օգտագործելով` վերջինիս գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ չարաշահել են Ռաֆայել Ճաղարյանի վստահությունը եւ խաբեությամբ հափշտակել են իբրեւ կաշառքի առաջարկ հանդիսացող նրա ընդհանուր 486 հազար 788 դրամը:

Տեղեկացնենք, որ 1992թ. ծնված Վահան Մանուկյանը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում: Ջ. Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-32-312 հոդվածի 2-րդ մասով («Խոշոր չափով կաշառք տալու հանցակցությունը») եւ 178 հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով (Խարդախություն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով), Վ. Մանուկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312 հոդված 2-րդ մասով («Խոշոր չափով կաշառք տալու փորձին հանցակցությունը») եւ 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Խարդախությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»):

Ջեմմա եւ Վահան Մանուկյանների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս