ՀՀ կառավարության այսօր՝ հունիսի 13-ին հրավիրված նիստում հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Նախագիծը ներկայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
«Առաջարկվում է վերացնել գործող օրենսդրությամբ չափագիտական վերահսկողություն իրականացնելու համար ստուգումը սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու սահմանված պահանջը՝ հաշվի առնելով, որ տնտեսվարող սուբյեկտները նախապես տեղեկանալով ստուգման մասին՝ չափագիտական վերահսկողության ենթակա օբյեկտների թերությունները վերացնում են եւ պահանջվող նորմերին համապատասխանեցնում են միայն տվյալ օրը»,–նշեց նա։
Աղաջանյանի խոսքով՝ վերոհիշյալ օրենքի կարգավորմամբ՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը չի կարողանում գազալցակայաններում բացահայտել թերլցումները. «Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարբերաբար ահազանգեր է ստանում բենզալցակայաններում թերլցումների վերաբերյալ եւ փաստացի գործող կարգավորումները, մասնավորապես, 3–օրյա ծանուցման պահանջը գործնականում անհնար են դարձնում բացահայտել եւ արձանագրել այդ խախտումները։ Առաջարկվող օրենքի փոփոխությամբ մենք կարողանում ենք այդ խոչընդոտը վերացնել»։
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն առաջարկեց, որ ստուգման ակտը դիտվի որպես ապացույց. «Քրեական գործերի քննության ընթացքում գերատեսչությունների կողմից անցկացված ստուգման ակտերը չենք կարողանում դիտել ապացույց, միայն այն հանգամանքի համար, որ ստուգողները չեն նախազգուշացվում ակնհայտ կեղծ եզրակացության կամ ակնհայտ կեղծ ակտ տալու համար, սակայն ի վերջո ստուգման ակտը ստանալուց հետո մեր կողմից նշանակվում է դատաֆինանսատնտեսագիտական եւ դատահաշվապահական փորձաքննություններ, որոնց եզրակացությունը, ըստ էության, մի քանի ամիս հետո նույն ստուգման ակտն են արտացոլում»։