Դատավորի պակաս աշխատավարձից մինչև ՍԴ նախկին նախագահի գործուղումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դատարանում մտերմիկ խոսակցություների ժամանակ բարձրացրել է ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի գործուղումերի վրա ծախսված 30 միլիոնի դրամի հարցը եւ որոշակի մտահոգություներ առաջ քաշել: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեց ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի հետ:

Ինչպես հայտնի է, ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը հաղթեց ՍԴ աշխատակազմին: Գյուլումյանը դատի էր տվել ՍԴ աշխատակազմին, քանի որ ՍԴ-ն սխալ էր հաշվարկել իր աշխատավարձը` վճարելով մոտ 840 հազար դրամ պակաս: Ընդ որում, այս խնդիրը նոր չէ, այլ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակներից: Ավելին, խնդիրը լուծում չի ստացել նաեւ Հրայր Թովմասյանի` ՍԴ նախագահության օրոք:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել էր Ալվինա Գյուլումյանի հետ, եւ վերջինս պատմել էր. «Եվրոպական դատարանի իմ աշխատած տարիները չեն համարել դատավորի աշխատանքի ստաժ: Դեռեւս 2014 թվականին էի դիմել, ասել էի` հաշվարկե՛ք, չէին արել` ասելով, որ մեր օրենքով դա ստաժ չի համարվում, հետո դատական օրենսգրքում միջազգային դատարաններում աշխատանքը նշվեց, որ համարվում է դատավորի փորձառություն, եւ դրա հիման վրա խնդրեցի` վերահաշվարկ կատարեն, չկատարեցին, դիմեցի դատարան»:

Արդյունքում, 2019 թվականի հունվարի 18-ին ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրոզյանը հրապարակեց վճիռը` ընդդեմ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի: Ըստ այդմ, դատարանը պարտավորեցրել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին Ալվինա Գյուլումյանի համար հաշվարկել եւ վճարել հավելավճար` իր աշխատավարձի 130 տոկոսի չափով, այն է` 840 հազար 047 դրամ: Ֆինանսների նախարարությունը որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում, եւ դեռեւս ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում չի կայացրել այս առումով:

Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի հետ:

-Պարո՛ն Ղազարյան, ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի պահանջը` աշխատավարձի վերաբերյալ, դեռ չի բավարարվել. այժմ դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարանում:

– Առաջին ատյանի դատարանը բավարարել է տիկին Գյուլումյանի հայցը, բողոքարկումը արել է ոչ թե Սահմանդրական դատարանի աշխատակազմը, այլ Ֆինանսների նախարարությունը: Իհարկե, Սահմանադրական դատարանը հանդիսանում է կողմ, դատավարության սահմանված ժամկետում Ֆինանսների նախարարությունը բողոքարկել է, եւ երկրորդ ատյանը դեռեւս որոշում չի կայացրել:

-Այս իրավիճակը չի՞ ազդում դատավորի եւ ՍԴ աշխատակազմի հարաբերությունների վրա:

-Բացարձակ, մենք ունենք փոխադարձ հարգանքի վրա հիմնված աշխատանքային մթնոլորտ, ու դատական պրոսեցը քաղաքացիական հայց է, որը որեւէ ձեւով չի անդրադառնում ո՛չ ներքին հարաբերություներին, ո՛չ էլ, ամենակարեւորը, տիկին Գյուլումյանի պարտականությունների համար:

-Մեզ հասած լուրերի համաձայն` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ներքին խոսացությունների ժամանակ մտահոգվել է, թե ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը գործուղումների վրա 30 միլիոն է ծախսել, եւ այդ գործուղումների մեջ մութ կետեր կան: Դուք այդ մասին գիտե՞ք, ի՞նչ մութ կետերի մասին է խոսքը:

-Նման անհրաժեշտություն էլ չի եղել, որովհետեւ բոլոր գործուղումները եղել են օրենքով սահմանված կարգով, բոլոր գործուղումների մասին եղել են հանրային իրազեկումներ, եւ նման անհրաժեշտություն էլ չի առաջացել:

-Այսինքն` Դուք մութ կետեր, խախտումներ չարաշահումներ չե՞ք հայտնաբերել` ՍԴ նախկին նախագահի գործուղումների հետ կապված:

-Մենք նման խնդրի հետ չենք առնչվել:

-Բարձրագույն դատական խորհրդում վերջին շրջանում երկու հրաժարականների դիմումների մասին հրապարակվեց: Նախ` առաջինը հրաժարական տվեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, հետո հրաժարական տվեց ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Դանիելյանը, իսկ այժմ խոսակցություններ կան, որ չի բացառվում` հրաժարական տա ՍԴ նախագահ Հրայր Թովասյանը: Նման խոսակցություններ կա՞ն Սահմանադրական դատարանում: Դուք` որպես աշխատակազմի ղեկավար, լսե՞լ եք այդ մասին:

-Նման տրամադրություն դատարանում ես իմ աշխատանքի ընթացքում չեմ տեսել:

Հ.Գ. Նկատենք, որ մինչ նախկին իշխանություների հետ կապ ունեցող պաշտոնատար անձինք հրաժարականի դիմումներ են ներկայացնում, Էդգար Ղազարյանի դեպքում պատկերը այլ է. նա հեղափոխությունից հետո նոր պաշտոն ստացավ: Վերջինս 2012թ. հունիսի 22-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ եւ երկու տարի անց` 2014թ. հոկտեմբերի 23-ին, ազատվել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից: 2014թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել էր Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, որից հետո նշանակվեց ՍԴ նախագահի աշխատակազմի ղեկավար:

Քնար Մանուկյան




Լրահոս