Երեւանում բնակարանների գները շարունակում են բարձրանալ: Դրանք ապրիլին բարձրացել են` նախորդ տարվա ապրիլի համեմատ, իսկ գնորդները շարունակում են նվազել:
Տեղեկացնենք, որ միայն Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան շենքի բնակարանի մեկ քմ 2018 թվականի ապրիլին վաճառվել է 507 հազար 200 դրամով կամ 1050 դոլարով: Բայց այս տարվա ապրիլին Կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն կազմել է 590 հազար դրամ կամ 1220 դոլար: Այսինքն` մեկ տարվա ընթացքում 82 հազար 800 դրամով բնակարանի գինը բարձրացել է: Ի դեպ, Կենտրոնում բնակարանի գնի բարձրացում արձանագրվել է այս տարվա մարտի համեմատ եւս: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կենտրոն վարչական շրջանի 1-ին գոտու բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 700 հազար 50 դրամով (1450 դոլար):
Մայրաքաղաքի մյուս բանուկ թաղամասում` Արաբկիր վարչական շրջանում, բնակարանների գները եւս աճել են. այս վարչական շրջանում բազմաբնակարան շենքի բնակարանի մեկ քմ-ն 2018 թվականի ապրիլին վաճառվել է 360 հազար 100 դրամով, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում` 404 հազար 100 դրամով: Մեկ տարվա ընթացքում Արաբկիրում բնակարանի մեկ քմ-ն թանկացել է 44 հազար դրամով, իսկ մարտի համեմատ` 4100 դրամով: Երեւանի մյուս վարչական շրջաններում եւս բնակարանների գներն աճել են: Օրինակ` Նոր Նորքի զանգվածում մարտին բնակարանի մեկ քմ-ն ունեցել է 257 հազար դրամ արժեքը, իսկ ապրիլին` 260 հազար դրամ:
Ըստ մասնագետների` անշարժ գույքի շուկայի աշխուժացմանը նպաստել են «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնք հնարավորություն են տվել պայմանագրային աշխատողներին նորակառույցներում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերել եկամտահարկի հաշվին: Երկրորդ պատճառը բանկերի կողմից վարվող քաղաքականությունն է, ինչի արդյունքում նվազել է հիփոթեքային վարկի տոկոսադրույքը:
Անշարժ գույքի գործակալ Վարոս Աբնուսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանում նկատել է, որ ավելացել են այն երիտասարդ ընտանիքների թիվը, որոնք հիփոթեքային վարկով են բնակարան ձեռք բերում: Նրա խոսքերով` պատճառը բանկերի շատ ճկուն վարկային քաղաքականությունն է:
«Թանկացում կա, ընհանուր առմամբ թանկացումները կախված են շուկայի ակտիվությունից: Երբ առաջին ձեռքը թանկացնում է իր ապրանքը, բնականաբար այն շղթայաբար ազդում է երկրորդային շուկայի վրա: Բայց չնայած թանկացմանը` բնակարանները, ոչինչ, վաճառվում են: Ճիշտ է, անցած տարվա դեկտեմբերի համեմատ` հիմա վաճառքը փոքր-ինչ թուլացել է: Օրինակ` դեկտեմբերին մենք Կենտրոնում մեկ քմ-ն 900 դոլարով էինք վաճառում, հետո գինը բարձրացավ` դառնալով 1050 դոլար, եւ մի կարճ ժամանակահատված վաճառքի տեմպերը իջան: Իսկ հիմա վերջին մի քանի ամիսներին մարդիկ համակերպվել են այդ բարձր գներին, ընդունել են, որ այդ գինը պետք է 1050 դոլար լինի: Ու գնում են. հետագայում թանկանալու վախից են ավելի շատ մարդիկ սկսում բնակարան գնել»,- ներկայացրեց անշարժ գույքի գործակալը:
Մեր զրուցակիցը նկատեց նաեւ, որ Հայաստանի անշարժ գույքով հետաքրքրված են նաեւ այլ երկրների քաղաքացիները: Գնորդներ կան ե՛ւ Ռուսաստանից, ե՛ւ Ֆրանսիայից, ե՛ւ ԱՄՆ-ից, ե՛ւ Իրանից: Բայց, միեւնույնն է, հիմնական գնորդները հանդիսանում են եկամտահարկ վճարող մեր հայրենակիցները:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ, օրինակ, Ռուսաստանի քաղաքացիների կողմից այս տարվա ապրիլին իրականացվել է անշարժ գույքի գնման 139 գործարք: Նույն ժամանակահատվածում ռուսաստանցի քաղաքացիների կողմից վաճառքի գործարքները կազմել են 270:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` առաջիկայում կթանկանան բնակարանները, թե ոչ, անշարժ գույքի գործակալն արձագանքեց. «Ի վերջո, ամեն ինչն իր չափն ու սահմանն ունի: Չեմ կարծում, որ կբարձրանան»:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Էդգար Բաղդասարյան