«Մարտի 1»-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հորը` Սարգիս Ավագյանին սպանած անձը նախկինում կրկին մարդ է սպանել եւ ազատազրկման դատապարտվել:
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2019 թվականի հունիսի 10-ին` ժամը 13:05-ին, մարմնական վնասվածքներով երկու անձ են տեղափոխվել հիվանդանոց, որոնցից մեկը` 55-ամյա Սարգիս Ավագյանը, մահացել էր: Հրապարակվեց այն մասին, որ Սարգիս Ավագյանը «Մարտի 1»-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հայրն էր:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):
Գրել էինք, որ, հասած լուրերի համաձայն, միջադեպը, ըստ նախնական վարկածի, սկսվել է մեքենան հետուառաջ տանելու շուրջ: Դեպքի ականատեսները իրավապահներին պատմել են, որ բակում վիճաբանության ձայներ են լսել, տեսել են, որ անծանոթ երկու տղաներ մեքենան հետուառաջ տանելու շուրջ վիճում են տաքսու վարորդ Սարգիս Ավագյանի հետ: Ավելին, ականատեսները պատմել են, որ այդ ժամանակ Սարգիս Ավագյանը ասել է. «Դուք ինձ ճանաչո՞ւմ եք, որ նման բաներ եք ասում»: Բնակիչներից մեկը, տեսնելով, որ ծեծում են Ավագյանին, իջել է օգնության, եւ այդ ժամանակ 1995 թվականին ծնված երիտասարդին ու Ավագյանին դանակահարել են, որից հետո Սարգիս Ավագյանը հիվանդանոցում մահացել է:
Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն` իրավապահները միջադեպի տարածքի ողջ տեսախցիկները առգրավել են, որտեղ երեւում է, որ Սարգիս Ավագյանին դանակահարած անձինք չեն օգտվել տասքի ծառայությունից, եւ ոչ էլ միջադեպը կարող է կապ ունենալ մեքենայում ծխելու հետ:
Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները պարզել են, թե ովքեր են դանակահարել Սարգիս Ավագյանին. վերջիններս եղել են երկու հոգի: Նրանցից մեկը Զորիկ Մանուկյանն է, մյուսը` Գրիգոր Բողջողջյանը: Մեզ հայտնի դարձավ, որ Գրիգոր Բողջողջյանը 1993 թվականին զենքի գործադրմամբ սպանել է մի քաղաքացու, որի համար ազատազրկման է դատապարտվել 10 տարի ժամկետով:
Դատարանը նրան 2003 թվականին պայմանական ազատ է արձակել: Եվ, ահա, 16 տարի անց Գրիգոր Բողջողջյանին կրկին մարդ սպանելու համար մեղադրանք առաջադրվեց, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ասել է թե` իրավապահները չեն կարողանում գտնել սպանության համար նախկինում դատապարտվածին:
Քնար Մանուկյան