«Իմ քայլը» խմբակցությունը տեղյակ չի եղել Արմեն Խաչատրյանի նախագծից. ինչ է մանրամասնում Լիլիթ Մակունցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը շրջանառության մեջ է դրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը մեծ աժիոտաժ է առաջացրել անգամ խմբակցությունում: Ըստ մեր տեղեկությունների` Ա. Խաչատրյանը ինքնաբուխ է նախաձեռնել այդ նախագիծը, ու, կարելի է ասել, խմբակցությանը տեղյակ չի պահել:

Հիշեցնենք, որ պատգամավորն առաջարկում է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելու կամ նրա ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը եւ դրա համար պատժել տուգանքով կամ կալանքով:

Ըստ Խաչատրյանի նախագծի` իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը պետք է պատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` իշխանական խմբակցությունում այդքան էլ հակված չեն, որ քրեականացվի իշխանության ներկայացուցչի հրապարակային վիրավորումը:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ:

-Տիկի՛ն Մակունց, Ձեր ղեկավարած խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկվում է իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով: Դուք կո՞ղմ եք պատգամավորի նախագծին:

-Խմբակցությունում տեղյակ չենք այդ նախաձեռնության մասին, ես կխոսեմ պարոն Խաչատրյանի հետ, այնուհետեւ ես լրացուցիչ տեղեկություն կտրամադրեմ Ձեզ:

-Բայց, որպես ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, ի՞նչ դիրքորոշում ունեք Ա. Խաչատրյանի այն տեսակետի հետ կապված, որ պետք է իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելը քրեականացնել:

-Անձամբ ես գտնում եմ, որ ոչ, ես չեմ կարծում, որ դրա կարիքը կա, բայց, անկեղծ ասած, ես ծանոթ չեմ նախագծին, ինչի համար էլ չեմ ցանկանում այսպես կանխակալ վերաբերմունք ցույց տալ, որովհետեւ գուցե նախագծում ինչ-որ մանր բաներ կան, որը բոլորովին այլ բանի մասին է խոսում: Բայց այն,ինչի մասին Դուք հարցրեցիք, ես այդ ամենին կողմ չեմ: Բայց կխոսեմ պարոն Խաչատրյանի հետու կհասկանամ, այդ ժամանակ արդեն կկարողանամ հստակ պատասխանել Ձեր հարցերին:

-Իսկ ինչ-որ վտանգ զգո՞ւմ եք Հայաստանում, արդյոք իշխանության ներկայացուցիչները «վախեր» ունե՞ն, ինչո՞ւ են ուզում իրենց պաշտպանելու համար օրենք ընդունել: Ինչի՞ց պետք է վախենա այսօրվա իշխանության ներկայացուցիչը:

-Ես չգիտեմ` ինչ շեշտադրումների մասին է խոսքը, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը աշխարհի մակարդակով ամենաանվտանգ երկրներից է. դա իմ կարծիքն է, եւ դրա համար այսօր կան որոշակի վիճակագրական տվյալներ: Իսկ պարոն Խաչատրյանի նախագծի վերաբերյալ, կրկնում եմ, տեղյակ չեմ նախագծի բովանդակությունից. կտեղեկանամ, հետո նոր կկարողանամ տեսակետ հայտնել:

-Տիկի՛ն Մակունց, Ձեր խմբակցությունը հանդիպում է ունեցել ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հետ.ի՞նչ դիրքորոշում ունի խմբակցությունը, արդյոք Գրիգորյանի հետ հանդիպումը արդյունավե՞տ էր:

-Վահե Գրիգորյանը կլինի մեր թեկնածուն, թե ոչ, մենք դրա մասին քննարկում չենքունեցել, բայց խմբակցությունն ուներ դրական տպավորություն հանդիպումից: Շատ տարբեր հարցեր են քննարկվել, հարցադրումներ եղել են թե՛ նրա կենսագրությունից, թե՛ մամուլում շրջանառվող հարցեր, որոնք պարբերաբար հնչեցվել են, այդ թվում նաեւ` ՀՀ նախագահի հետ կապված, այսինքն` շատ բաց ու տարաբնույթ հարցեր են հնչեցվել: Բոլոր հարցերը հնչեցվել են,ու կարծում եմ, որ դրանք կհնչեցվեն նաեւ լիագումար նիստի ժամանակ,ու հանրությունը նույնպես հնարավորություն կունենա բաց տեղեկանալ, թե ինչ դիրքորոշում ունի այդ հարցերի վերաբերյալ Վահե Գրիգորյանը: Ես զերծ կմնամ այս պահին Վահե Գրիգորյանի մասին տեսակետ հայտնելուց, որովհետեւ նախ այս պահին ընդհանուր խմբակցության դիրքորոշում չեմ հայտնում:

-Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ պարտադրվել է Ձեր խմբակցության բոլոր անդամներին կողմ քվեարկել Վ. Գրիգորյանի թեկնածությանը: Կա՞ իրականում նման բան:

-Պարտադրանքի որեւէ հանգամանք չկա, ես նախկինում էլ նշել եմ` պարտադրանք չկա, մենք հնչեցնում ենքմեր հարցերը եւ ըստ այդմ կողմնորոշվում, թե ինչքանով է նպատակահարմար այս կամ այն թեկնածուին քվեարկելը: Նախկինում եղել է ազատ քվեարկություն, եւ պատգամավորները ազատ կամքով դրսեւորել են գաղտնի քվեարկության կարգով. կա՛մ տվել, կա՛մ էլ չեն տվել իրենց քվեն այդ թեկնածուներին: Խմբակցությունում այլ հարց չենք քննարկել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս