Շունը տիրոջը չի ճանաչում. տեսչական մարմնում 5 ամիս է` չեն կարողանում լուծել երեխայի խնամքի նպաստառուի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում քիչ չեն այն գործատուները, որոնք խուսափում են աշխատանքի ընդունել նոր ամուսնացած կամ հղի կանանց: Ավելին` աննշան առիթի դեպքում աշխատանքից ազատում են, որպեսզի ֆիզարձակուրդ չուղարկեն, չվճարեն արձակուրդի համար:
Օրերս «Ժողովուրդ» օրաթերթին է դիմել 30-ամյա Սոնա Գրիգորյանը, որը 5 ամիս աշխատել է Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնում, որից հետո գնացել է ֆիզարձակուրդ:

Նրան տրամադրվել է խնամքի արձակուրդ 2019 թվականի դեկտեմբերի 7-ից մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի 26-ը ընկած ժամանակահատվածի համար, որի հիման վրա էլ նշանակվել է խնամքի նպաստ այս տարվա հունվարի 1-ից: Նշանակված նպաստը վճարվել է մինչեւ 2019 թվականի փետրվար ամիսը ներառյալ, որից հետո դադարեցվել է, քանի որ պարզվել է, որ Սոնա Գրիգորյանը այս տարվա հունվարի 8-ից ազատված է աշխատանքից: Ապա ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունից պահանջել են հետ վերադարձնել ստացած 18 հազար դրամը: Այն, բնականաբար, հետ են գանձում քաղաքացուց:

«Փետրվարին` 18 հազար դրամ նպաստը ստանալուց անմիջապես հետո, զանգ եմ ստացել սոցիալական ապահովության ծառայությունից. ինձ տեղեկացրեցին, որ ես աշխատանքից ազատված եմ, ապա խնդրեցին ստացած 18 հազար դրամը հետ գանձել»,- իրավիճակը ներկայացրեց Սոնան:

Սակայն երիտասարդ մայրիկին խիստ զայրացրել է այն, որ ինքը աշխատանքից իր ազատման մասին տեղեկանում է սոցիալական ապահովության ծառայության զանգից: Պարզվում է` քաղաքացին տեղյակ չի եղել, քանի որ տեսչական մարմնից ոչ ոք չի բարեհաճել զգուշացնել, ալարել են անգամ ծանուցում ուղարկել:

Մինչդեռ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 123 հոդվածի համաձայն` գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու առանց աշխատողին ծանուցելու աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում, այն է` աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում, աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու դեպքում եւ այլն: Իսկ Սոնա Գրիգորյանն ընդամենը բալիկ էր լույս աշխարհ բերել եւ գտնվում էր ֆիզարձակուրդում:

«Ես անակնկալի եկա, երբ իմացա այդ մասին, ու անմիջապես կապ հաստատեցի տեսչական մարմնի ղեկավարի հետ (խոսքը Էդգար Խուրշուդյանի մասին է): Պարզվեց` ինքն էլ տեղյակ չէր, որ ազատել է ինձ աշխատանքից: Անձամբ զրուցեցի նրա հետ եւ փորձեցի հասկանալ` արդյոք իրավունք ունեն ինձ ֆիզարձակուրդում գտնվելու ժամանակ ազատել աշխատանքից: Ասաց` կփորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել: Հետո` երկա՜ր մտածելուց հետո, հասկացել են, թե ինչ է տեղի ունեցել. տեսչական մարմինը դարձել է կառավարության ենթակա, եւ իրենք իմ փաստաթղթերը չեն ներկայացրել կառավարություն»,- վրդովվեց մեր զրուցակիցը:

Ապա շարունակեց` նշելով, որ Խուրշուդյանն իրեն խոստացել է երկու օրվա մեջ «հարցը կարգավորել»: Թե ինչպես, չի մանրամասնել:
Սա դեռ ամենը չէ: Սոնա Գրիգորյանն իր համար անպատասխան դարձած հարցի շուրջ զրուցել է նաեւ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սամվել Սողոմոնյանի հետ, որն, ի դեպ, դարձյալ անկակնալի է եկել` լսելով ազատման մասին լուրը: Հետո, «փափուկ բարձ դնելով» Սոնա Գրիգորյանի գլխի տակ, ուղարկել է տուն` միաժամանակ հայտարարելով, որ դա մի քանի րոպեների հարց է եւ կլուծվի:
Հարցին, սակայն, այդպես էլ լուծում չի տրվել:

Քաղաքացին երկար քաշքշուկներից հետո, որպեսզի պարզի` ազատված է աշխատանքից, թե ոչ, գնացել է եւ ազատման դիմում գրել: Արդեն մարտի 29-ին Խուրշուդյանն իր դիմումը բավարարել է: Սա, համաձայնեք, աբսուրդի ժանրից է, քանի որ պետական այս կառույցում ավելի քան հինգ ամիս է չեն կարողանում լուծել երեխայի խնամքի նպաստառուի հարց: Այսինքն` այս պետական կառույցում, որին տարեկան միլիոններ են հատկացվում պահպանման, աշխատավարձերի վճարման համար, նման կիքսերով են աշխատում:

«Դե եթե ինձ աշխատանքից ազատել եք մարտի 29-ին, հետեւաբար, պահանջում եմ վճարել իմ հետ վերադարձրած եւ մարտ ամսվա 18 հազարական դրամը: Ինչո՞ւ են ինձ ազատում հունվարին, հետո` երկու ամիս անց, կանչում, ազատման դիմում գրել պահանջում: Ինչո՞ւ են իմ փաստաթղթերը կորում պետական կառույցում: Ես արդեն կես տարի կորցրել եմ` հասկանալու համար, թե ուր են իմ փաստաթղթերը, ինչու են կորել ու ես երբվանից եմ, ի վերջո, աշխատանքից ազատված»,- զայրացած նկատեց Սոնա Գրիգորյանը:

Ստացվում է, որ անօրինական ճանապարհով զրկել են ֆիզարձակուրդում գտնվող մորը 18 հազար դրամ խնամքի նպաստից: Ահա թե ինչպես են աշխատում տեսչական մարմնի աշխատողները, որոնք կոչված են զբաղվել աշխատողների իրավունքների պաշտպանությամբ: Բայց դարձյալ հղում անենք Աշխատանքային օրենսգրքին (113-րդ հոդված, 114-րդ հոդված). պայմանագիրը չի կարող լուծվել մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող աշխատողների հետ` բացառությամբ, եթե գործատու կազմակերպությունը լուծարվել է կամ ճանաչվել է սնանկ, այս աշխատողը փորձաշրջան է անցել եւ անբավարար արդյունք ցուցաբերել, իր պարտականությունները պատշաճ չի կատարել, գործատուն կորցրել է նրա նկատմամբ վստահությունը:

Բնականաբար, այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանի հետ. «Եթե չեմ սխալվում, ինքն իր դիմումի համաձայն էլ ազատվել է աշխատանքից: Ինքը եթե ինչ-որ խնդիր ունի` մեզ հետ կապված, թող գրավոր ներկայացնի, պատասխանները մենք կտանք: Այդքան թղթաբանության մեջ անգիր չեմ կարող հիշել ժամկետները»:

Հ.Գ. Նկատենք, որ վերջին շրջանում Էդգար Խուրշուդյանի գլխին մութ ամպեր են կուտակվել: Բանն այն է, որ վերջերս նկատելի լարվել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ Էդգար Խուրշուդյանի հարաբերությունները: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Արսեն Թորոսյանը «ջանքեր է գործադրում» Խուրշությանին պաշտոնանկ անելու ուղղությամբ: Նրանք հարմար առիթը բաց չեն թողնում իրար կծոտելու, վիրավորելու: Ընդ որում` դա նրանք անում են բացահայտ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս