Օրեր առաջ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարել է, որ պիլոտային ծրագիր է մշակել, համաձայն որի` այս տարի թույլատրելու են Սեւանա լճից 150 տոննա սիգ արդյունագործական նպատակով որսալ:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ:
-Պարո՛ն Սանոսյան, ո՞ւմ կողմից է վերահսկվելու սիգի որսը:
-Գլխավոր վերահսկող կառույցը «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ն է, իսկ բնապահպանական խախտումներն արձանագրողը բնապահպանական տեսչական մարմինն է: Քանի որ այդ ամբողջ գործառույթը մեր մարզում է, մենք` որպես աջակցող գործընկեր ենք հանդես գալիս, որպես այդպիսին վերահսկողի դերակատարում մենք չունենք: Այդ ծրագիրը` 150 տոննայի հետ կապված, պիլոտային է, քանի որ մենք ունենք լճում ձկան քանակի որոշակի աճ: Այդ միջոցով ուզում ենք մեր գործընկերների հետ համատեղ կարգավորել ձկան որսը:
-Այնուամենայնիվ, պարո՛ն Սանոսյան, ինչպե՞ս եք պատկերացնում գործընթացը. արդյոք «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տեսուչը ձկնորսի հետ նավակով լճում պտտվելու եւ կշռելո՞ւ է բռնած ձուկն ու արձանագրելու թվերը: Ինչպե՞ս է դա իրականացվելու:
-Նախ` պետք է մարդիկ գնան դիմեն Բնապահպանության նախարարություն եւ որոշակի չափաքանակներով ստանան թույլտվություն: Կգույքագրվեն նրանց ձկնորսական միջոցները, լողամիջոցները, եւ նրանց համար կսահմանվի հատուկ մուտքի եւ ելքի տեղեր, թե որտեղից պետք է մտնեն լիճ, որտեղից դուրս գան, որպեսզի դուրս գալուց ազգային պարկի աշխատողը կարողանա ֆիքսել, թե քանի կիլոգրամ կամ քանի տոննա ձուկ են դուրս բերել:
-Բացառո՞ւմ եք, որ հանցավոր համաձայնության կգան ձկնորսն ու տեսուչը: Կոռուպցիոն գործարքներից խուսափելու համար ո՞վ է վերահսկելու ե՛ւ տեսուչին, ե՛ւ ձկնորսին:
-Քանի որ Սեւանա լճի եւ ձկնորսության խնդիրները շատ ավելի բազմազան են, հաճախ դրան խառնվում է նաեւ ոստիկանությունը, այնպես որ, կփորձենք բոլորով կարգավորել: Բայց ինձ համար կարեւոր է այն, որ ձկնորսներն իրենք են ուզում կարգավորվի ոլորտը, ինչ որ իմաստով ձկնորսներն իրենք մեկմեկու կվերահսկեն, եւ ոլորտը կկարգավորվի:
-Պարո՛ն Սանոսյան, արդյոք տեղյա՞կ եք, որ, չնայած սիգի որսի արգելքին, Սեւանում սիգի պահածո է արտադրվել, ապա արտահանվել:
-Դա մեր տիրույթում չէ, բայց տեղյակ եմ:
-Իսկ ո՞ր ընկերության կողմից է արտադրվել:
-Մանրամասներին չեմ տիրապետում: Բայց ինչքան գիտեմ, ե՛ւ մարզում կա նման բան, ե՛ւ մարզից դուրս:
-Այսինքն` սիգի պահածո՞ են անարգել արտադրում եւ արտահանում:
-Նույնիսկ խանութներում է վաճառվում: Դա պետք է բերել օրինական դաշտ, թող մարդիկ օրինական ճանապարհով ձուկը որսան, կուզեն կպահածոյացնեն, կուզեն այլ մեթոդով կվաճառեն:
-Սեւանա լճում խեցգետնի պաշարները զգալի նվազել են: Ի՞նչ է արվում խեցգետնի պաշարների վերականգնման համար:
-Գրեթե ոչինչ չի արվում մեկ շատ պարզ պատճառով` խեցգետինը մեր Սեւանա լճի էնդեմիկ տեսակներից չի համարվում: Այն այնտեղ հայտնվել է պատահական սկզբունքով եւ կենսաբանական առումով լճին պետք չէ: Այսինքն` իր այնտեղ լինել-չլինելը բնապահպանական, կենսաբանական առումով այդքան կարեւոր չէ: Այ, ուրիշ բան, որ կողակի եւ բեղլուի պաշարներն է պետք վերականգնել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան