Չարենցավան քաղաքում կայացավ մինչեւ 14 տարեկանների Հայաստանի Բ ենթախմբի առաջնութան եզրափակիչը: Վճռորոշ խաղում միմյանց ուժերը չափեցին Վարդենիսի «Անդրանիկ 05»-ը եւ Իջեւանի «ՆԻԿԱՐՄ 01» ակումբները:Խաղն ավարտվեց վարդենիսցիների ջախջախիչ առավելությամբ`6:0: «Անդրանիկի» կազմում երեքական անգամ աչքի ընկան Նարեկ Թովմասյանը եւ Զավեն Սարգսյանը:
Այսպիսով`այս հաղթանակի շնորհիվ Վարդենիսի ակումբը Բ1 ենթախմբից տեղափոխվեց Ա խումբ:
Հավելենք, որ «Անդրանիկը» կիսաեզրափակչում 4:2 հաշվով պարտության էր մատնել Վանաձորի ֆուտբոլի դպրոցին, իսկ «ՆԻԿԱՐՄ 01»-ը հաղթելով 2:1 հաշվով շրջանցել էր «Դավալու 05»-ի արգելքը:
Հատկնաշական է շեշտել, որ մանկապատանեկան առաջնության Բ1 ենթախմբում կայացած 18 տուրերում անհավանական քանակությամբ գոլերի հեղինակ էր դարձել «Անդրանիկի» հարձակվող Նարեկ Թովմասյանը` 38 գոլ: Նա նաեւ աչքի ընկավ կիսաեզրափակչում 2 անգամ եւ եզրափակչում 3 անգամ:
Էդմոն Մարտիրոսյան