Օրերս Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով կոչ էր արել բոյկոտել Մանվել Գրիգորյանի մերձավորներին պատկանող սրճարանի աշխատանքը՝ չգնելով նույնիսկ մեկ շիշ ջուր։ Ինչ արդյունք է տվել քաղաքապետի այս ակցիան: Հաշվի առնելով այն, որ սրճարանը գտնվում է քաղաքապետարանի ուղիղ դեմ-դիմաց: ArmLur.am-ն այս և այլ հարցերի շուրջ զրուցել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ.
– Տիկին Գասպարյան, մարդիկ գնո՞ւմ են սրճարան, թե՞ հետեւել են ձեր բոյկոտին:
– Սրճարանը դեռ չի գործարկվել, պարզապես կահավորվել է, այդ բոյկոտը շատ քննադատվեց, անգամ դա կապվեց իմ պաշտոնական լիազորությունները չարաշահելու հետ: Իրականում ես իմ պաշտոնն օգտագործելով ցուցում, հանձնարարական պարտադիր կատարմամաբ, որևիցե մեկին չեմ տվել, դա կոչ էր, որն ըստ էության բնակիչն ազատ է հետևելու կամ չհետևելու: Այս պահին դրա կարիքը կարծես, թե չկա, նաև դա ինքնաբերաբար միգուցե բնակիչների կողմից լիներ:
– Իսկ շահագործման թույլտվություն ունի՞ այդ սրճարանը, տվե՞լ եք արդյոք այն: Մենք տեղեկություն ունենք, որ սրճարանը գործում եւ եւ դուք արդեն լիցենզիան տվել եք նրան՝ տարեկան:
– Սրճարանում որոշակի գործունեություն ծավալելու համար քաղաքապետարանի թույլտվությունն է պետք: Լիցենզիա դեռևս չի տրամադրվել, չեն դիմել դրա համար: Դիմելու դեպքում նոր քննարկվելու է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դիանա Գասպարյանը հայտնել էր, որ պայմանագիրը հնարավոր չէ ժամկետից վաղ լուծել, և քաղաքապետարանը հնարավորություն ունի միայն փոփոխել վարձավճարի չափը, և եթե վարձակալը անհամաձայնություն հայտնի, ապա այդ դեպքում՝ միակողմանի լուծել պայմանագիրը։ Այդ նպատակով Էջմիածնի քաղաքապետարանը որոշել է սահմանել նոր վարձավճար՝ տարեկան մոտ 7 միլիոն դրամ, եւ այս մասին արդեն ծանուցվել են սրճարանի վարձակալները։
Բայց չնայած քաղաքապետի խոսքերին, ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս պահին ազատազրկված Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող սրճարանն իրականում սկսել է աշխատել: Ու Դիաննա Գասպարյանի բոյկոտի կոչերն էլ լսելի չեն քաղաքացիների համար, քանի որ մեր տեսախցիկը ֆիքսեց, որ մարդիկ օգտվում են սրճարանից, մատուցողներն էլ՝ սպասարկում են:
Լիդա Եղիազարյան