
Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակներից մեկի` հացի արտադրության ծավալները գնալով աճում են. այս տարվա չորս ամիսներին աճը կազմել է 2 տոկոս։ Սա, ըստ մասնագետների, վերջին տարիների համար աննախադեպ է, քանի որ հացի արտադրության ծավալները վերջին տարիներին նվազում էին: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար-ապրիլին արտադրվել է 91 հազար 732 տոննա հաց, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 89 հազար 935 տոննա:
Կա տեսակետ, որ հացի արտադրության ծավալների անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ. ի վերջո, նախորդ տարիներին, երբ մեծ էր արտագաղթը, դրա հետեւանքով տարեկան մոտ 3 տոկոսով նվազում էին հացի արտադրության ծավալները եւս:
Իսկ հիմա, ընդհակառակը, առաջին անհրաժեշտության սննդամթերքը սպառողների թիվն ավելացել է: Բայց կա նաեւ այն տեսակետը, որ այդ ցուցանիշների ավելացումը կապված է ստվերից տնտեսվարողների դուրս գալու հետ: