Ինչպես հայտնի է` դեռեւս ապրիլի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցություններին՝ «Բարգավաճ Հայաստանին» ու «Լուսավոր Հայաստանին», առաջարկել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընդգրկվելու համար ներկայացուցիչներ առաջադրել: Այդպիսի հայտարարություն նա արել էր խորհրդարանում` պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:
Եվ նրա այդ հայտարարությունից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն օրենսդրական նախագիծ է ներկայացրել: Մասնավորապես, մայիսի 2-ին, Ազգային ժողովի կայքում մուտք է արվել Բագրատյանի նախագծերը` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, որի համաձայն` 7 անդամից 3-ը պետք է առաջադրի ընդդիմությունը եւ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին» օրենքում, որտեղ էլ 5 անդամներից 2-ը պետք է լինեն ընդդիմադիր խմբակցություններից:
Եվ հետաքրքիր է, որ դրանից օրեր անց` մայիսի 8-ին, արդեն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն էր համանման նախագիծ ներկայացրել, սակայն ավելի փոքր թվով անդամներ առաջադրելու հնարավորություն տալով ընդդիմադիր խմբակցություններին: Եվ քանի որ երկու նախագծերն էլ նույն հարցին էին առնչվում, արդեն մայիսի 30-ին կառավարության նիստում գործադիրը մերժեց Սերգեյ Բագրատյանին` առաջարկելով օրենսդրական նախաձեռնությունները քննարկել միաժամանակ»:
Եվ ահա, երեկ ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստում պետք է քննարկվեր Արարատ Միրզոյանի եւ Սերգեյ Բագրատյանի նախագծերը: Սակայն հերթը դրանց չհասավ եւ որոշում կայացվեց նիստը շարունակել երկուշաբթի, իսկ պատճառն այս դեպքում զուտ տեխնիկական էր, քանի որ օրակարգը բավական երկար էր: Սակայն որքան էլ նախագծերի հետաձգման հարցը տեխնիկական էր, սակայն մինչ այդ հետաքրքիր նախապատմություն է առկա:
Մասնավորապես, նիստի ընդմիջման ժամանակ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ փոխնախագահ Աննա Կարապետյանը, որը նաեւ Բագրատյանի նախագծի հարցով հարակից զեկուցողն է, միջանցքում ԲՀԿ-ական պատգամավորին փորձում էին համոզել հանել օրակարգից նախագիծը, քննարկել միայն Արարատ Միրզոյանինը, որի ժամանակ Բագրատյանն իր նախագիծը կներկայացնի որպես առաջարկ: Սակայն Բագրատյանը համաձայն չէր իշխանական պատգամավորների հետ եւ մինչեւ վերջ պնդում էր, որ իր նախագիծը պետք է անպայման քննարկվի` թեկուզ մերժման հեռանկարով: Պատգամավորներն իրենց զրույցը շարունակեցին արդեն Վարդանյանի աշխատասենյակում եւ որոշում կայացվեց այդ հարցերը քննարկել երկուշաբթի` միաժամանակ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը չհերքեց, որ ըստ էության իշխանական խմբակցության պատգամավորներն իսկապես նրան համոզում էին հետ վեցրնել նախագիծը եւ միայն թողնել Արարատ Միրզոյանինը, սակայն ինքը չի համաձայնել: Ըստ էության, պատգամավորի համար նաեւ զարմանալի էր, թե ինչու է ԱԺ նախագահը համանման նախագիծ ներկայացրել` իր ներկայացնելուց հետո:
«Նմանադիպ նախագիծ ներկայացրել է նաեւ Արարատ Միրզոյանը եւ խնդիր է դրված այդ նախագծերը համադրել կամ հակադրել: Ես խնդիր եմ տեսնում բովանդակության մեջ նախագծերի, քանի որ Արարատ Միրզոյանի նախագծում նվազեցված է ընդդիմության դերը», – նկատեց Բագրատյանը: ԲՀԿ պատգամավորը հիշեցրեց, որ ինքն այդ հարցը տվել է Նիկոլ Փաշինյանին արդեն վարչապետ եղած ժամանակ, սակայն նախկինում, երբ դեռ վարչապետը «Ելք» խմբակցության պատգամավորն էր, եւս քննարկումներ են ունեցել նման նախագիծ ունենալու վերաբերյալ, սակայն հասկացել են, որ նախկին իշխանությունները դա կմերժեն: Եվ հիմա Բագրատյանը զարմանալի է համարում, որ Արարատ Միրզոյանի կողմից եւս նման նախագիծ կա: Նա այդ մասին ասել է նաեւ երեկ` իշխանական խմբակցության պատգամավորներին:
«Եթե նա նման ցանկություն ուներ Արարատ Միրզոյանը, կարող էր այդ փոփոխությունները վաղուց առաջարկել: Ինձ ներկայացրեցին, որ «Իմ քայլը» խմբակցությունում եւս նման հարց քննարկվել է, սակայն ես չէի կարող իմանալ այդ մասին, իսկ իրենք լսեցին իմ հարցապնդումը եւ բնականաբար ես պնդեցի, որ իմ նախագիծն առաջնահերթություն ունենա: Իշխանության ներկայացուցիչների մոտեցումը սկզբից ճիշտ չէր, իրենք առաջարկում էին իմ նախագիծը հետ կանչել, բայց ես ասացի, որ դա արդարացի չէ», – հավելեց Բագրատյանը, ասելով, որ ի վերջո որոշվեց դա համատեղ քննարկել երկուշաբթի:
Մեկնաբանությունների համար դիմեցինք նաեւ հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանին` հետաքրքրվելով, թե ինչ խնդիր է առաջացել Սերգեյ Բագրատյանի նախագծի հետ կապված, սակայն Կարապետյանը վստահեցրեց, թե որեւէ խնդիր չի եղել եւ քննարկումների հետաձգումը միայն կապված է օրակարգի հագեցվածության հետ:
Նաիրա Հովհաննիսյան