ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքա՞ն արժե հանգիստը հայաստանյան հյուրանոցներում. ուշագրավ թվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամառային այս օրերին Երեւանում եւ մարզերում գործող գրեթե բոլոր հյուրանոցները լեփ-լեցուն են` չնայած դրանց ոչ այնքան մատչելի լինելուն: «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հյուրանոցներում իրականացրած հարցախույզի արդյունքում փորձեց պարզել, թե հայաստանյան հյուրանոցներում ինչպիսի գնային քաղաքականություն է տիրում:

Մասնավորապես, «Գրանդ հոթել Երեւան» հյուրանոցի այցելուների մեծամասնությունը օտարերկրացիներ են, իսկ մեր քաղաքացիները զբաղեցնում են մի մասը: Հյուրանոց հիմնականում այցելում են Ռուսաստանի Դաշնությունից, Միացյալ Նահանգներից եւ Եվրոպայից:

Ինչպես հյուրանոցի աշխատակիցը նշեց, գները հիմնականում պայմանավորված են սենյակների շքեղությամբ եւ սեզոնով:

«Մեր հյուրանոցն ունի տարբեր գնային փաթեթներ. ունենք փաթեթ, որի մեջ ներառված է միայն նախաճաշը կամ լանչն ու ընթրիքը: Հունիսի 1-ից մինչեւ 31-ը մեկ տեղանոց սենյակն արժե 96.000 ՀՀ դրամ, իսկ երկտեղանոցն արժե 114.000 ՀՀ դրամ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է գերթանկարժեք սենյակներին, ապա դրանք ներկայացնում են հետեւյալ գնային սանդղակով. փոքր լյուքս սենյակն արժե 159.000 ՀՀ դրամ, մեծ լյուքսն արժե 193.000 ՀՀ դրամ, փոքր նախագահականն արժե 394.000 ՀՀ դրամ, իսկ մեծ նախագահականն արժե 538.000 ՀՀ դրամ:

«Բոլորը գները նախատեսված են միայն մեկ օրվա համար, ներառում են նախաճաշը եւ ավելացված արժեքի հարկը: Հավելենք, որ նախորդ տարվա համեմատ գնային աճ տեղի չի ունեցել»,- նշեց հյուրանոցի աշխատակիցը:

Իսկ «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցի մենեջերը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս տարի զբոսաշրջիկները, նախորդ տարվա համեմատ, ավելի ակտիվ են: Ըստ մեր զրուցակցի` ստանդարտ համարներն արժեն 60.000 ՀՀ դրամ, իսկ դելուքսն արժե 72.000 ՀՀ դրամ: Հավելենք, որ հայաստանյան հյուրանոցների եւ հանգստի վայրերի մատուցած ծառայությունների թանկ եւ ոչ բոլորին հասու լինելու մասին շատ է խոսվել: Հատկապես դա ակնառու է դառնում, երբ եղած ծառայությունները եւ գները համեմատում ես արտերկրի հյուրանոցների մատուցած ծառայությունների արժեքի հետ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս