Պատգամավորն առաջարկում է գրավատների և փոխանակման կետերի համար նախատեսվող պետտուրքի չափը իջեցնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր, ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն առաջարկում է գրավատների, փոխանակման կետերի համար Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով նախատեսվող պետտուրքի չափը իջեցնել, բանկերի պետտուրքը՝ բարձրացնել:

«Փոփոխությունների առաջարկվող փաթեթով ստացվում է, որ հիմնական բեռն ընկնում է գրավատների և փոխանակման կետերի վրա, բանկերի բեռը ևս ավելանում է, սակայն ոչ այդ չափով: Առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը վերջին 10 տարվա կտրվածքով 361 մլրդ դրամից հասել է 3.2 տրիլիոնի: Ունիվերսալ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի ծավալը 53 մլրդ դրամից հասել է 368 մլրդ դրամի, իսկ գրավատների կողմից տրամադրվածների ծավալը մինչ 2012-ը աճել է, հասել 15.1 մլրդ դրամ, որից հետո վերջին տարիներին պակասել է, տատանվում է 8 մլրդ դրամի սահմաններում:

Հիմա, այսինքն` այդ ոլորտը չի կարողանում դիմադրել շուկային: Հասկանում եմ, որ վերահսկողության հետ կապված խնդիրներ էլ կան, սակայն դրանք չեն կարող լինել հարկային փոփոխությունների գլխավոր գործոնը: Այս փոփոխությունների արդյունքում մենք ունենալու ենք ընդամենը այդ շուկայում կենտրոնացվածության խորացում և դրամական հոսքերի տեղաշարժ այդ հատվածից դեպի բանկային հատված: Մենք առաջարկում ենք եղած նախնական տարբերակի վրա առևտրային բանկերի պետտուրքը, մասնաճյուղերի պետտուրքը բարձրացնել, փոխանակման կետերի և գրավատների համար մի փոքր իջեցնել »,-ասաց Թունյանը:

Պատգամավորն առաջարկում է բանկերի մասնաճյուղերի համար սահմանել 750 հազար դրամ պետտուրք, գրավատների համար պետտուրքը դարձնել 1.5 մլն դրամ, հետո՝ 2 մլն դրամ: Փոխանակման կետերի համար Բաբկեն Թունյանն առաջարկում է առաջին տարում սահմանել 500 հազար դրամ, հետո՝ 1 մլն դրամ պետտուրք:




Լրահոս