Կանայք կարող են ներդրում ունենալ կամուրջներ կառուցելու և ամրացնելու գործում. արգենտինացի գործարար կանանց պատվիրակությունը՝ նախագահականում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են Արգենտինայի գործարար կանանց «Pollera Pantalon» նախաձեռնության անդամները, ովքեր ճանաչողական այցով Հայաստանում են:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ողջունել են հյուրերին՝ հույս հայտնելով, որ կարճատև այցի շրջանակում նրանց կհաջողվի հնարավորինս շատ բան տեսնել և իմանալ Հայաստանի մասին:

Նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի պատմությունը, վերջին տարիների ընթացքում մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններն ու զարգացումները: Խոսելով ողջ աշխարհով մեկ սփռված հայերի մասին՝ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Սփյուռքը Հայաստանի ուժն է, քանի որ ժամանակակից աշխարհում մեծագույն ու կարևորագույն արժեքը մարդն է:

Հանդիպումն այնուհետև շարունակել է Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը, ով խոսել է հայ իրականության մեջ կնոջ դերի մասին: Նա ընդգծել է, որ կանայք շատ հաճախ ավելի զարգացած կառավարչական հմտություններ են ունենում, սակայն բնությունից տրված համեստության պատճառով երբեմն լռում են ու չեն բարձրաձայնում այդ մասին: «Որպես մայր՝ մենք կարևոր ենք, քանի որ ընտանիքում ամեն բան տեղի է ունենում մոր շուրջ: Հայ կանայք տաղանդավոր են, ուժեղ են, սակայն շատ հաճախ այդ ուժը պահում են ներսում, մինչդեռ հարկավոր է ցույց տալ այն»,- նշել է Նունե Սարգսյանը՝ կարևոր համարելով նաև կանանց մեկ այլ՝ հավասարակշռող դերը:

Նա նկատել է նաև, որ կանայք կարող են մեծ ներդրում ունենալ կամուրջներ կառուցելու կամ կամուրջներն ամրացնելու գործում՝ նշելով, որ Հայաստանն ու Արգենտինան բարեկամական ջերմ հարաբերություններ ունեն, սակայն դրանք կարելի է ամրապնդել նաև նոր նախագծերով ու համագործակցության ծրագրերով:

Արգենտինայից ժամանած կանայք, ովքեր ներգրավված են գործարարության տարբեր ոլորտներում, ներկայացրել են իրենց աշխատանքն ու ցանկություն հայտնել հետագայում տարբեր ուղղություններով զարգացնել փոխգործակցությունը Հայաստանի հետ:




Լրահոս