Երեկ լրացավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարին: 2018թ. ապրիլի 9-ին ավարտվեցին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, ու այդ օրը հանդիսավոր երդմնակալությամբ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնեց Արմեն Սարգսյանը (նրան ԱԺ-ն ՀՀ նախագահ էր ընտրել դեռ մարտի 2-ին):
ՀՀ նախագահը ՀՀ Սահմանադրությամբ թեեւ ունի խիստ սահմանափակ, ավելի ճիշտ՝ խորհրդանշական լիազորություններ, այնուամենայնիվ, համարվում է պետության գլուխը: Բայց չնայած այդ հանգամանքին` որեւէ մեկը պաշտոնապես այդպես էլ չհիշեց ու չարժեւորեց նրա պաշտոնավարման մեկ տարին: Անգամ ինքը՝ նախագահ Արմեն Սարգսյանը, չհիշատակեց այդ մասին. ո՛չ ուղերձ հղեց, ո՛չ հայտարարությամբ հանդես եկավ: Ավելին` Արմեն Սարգսյանն այս օրերին բացակայում է երկրից. նա աշխատանքային այցով գտնվում է Պորտուգալիայում:
Տեղի ունեցածն, իհարկե, ուշագրավ է: Արմեն Սարգսյանը, չնայած իր սահմանափակ լիազորություններին, սիրում է խորհրդանշական, արարողակարգային միջոցառումներ (անգլիական պահապանողական ոճով): Ու ենթադրվում էր` իր պաշտոնավարման մեկ տարվա մասին նա որեւէ կերպ կհիշեցներ, բայց գերադասել է լռել: Տեսնես ինչո՞ւ:
Շուտով կլրանա թավշյա հեղափոխության մեկ տարին, եւ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նշանակած պաշտոնյաներից հաշվետվություններ է պահանջել՝ գործունեության այս մեկ տարվա արդյունքների մասին (իսկ ումից դեռ չի պահանջել, առաջիկա օրերին պահանջելու է): Ընդ որում, նա հանձնարարել է հաշվետվությունները ներկայացնել շատ հստակ՝ արդյունքների մասին կոնկրետ ցուցանիշներով: Միաժամանակ Փաշինյանն այդ գերատեսչությունների գործունեության արդյունքների վերաբերյալ իր աղբյուրների միջոցով է տեղեկություններ ստացել, որպեսզի հետագայում համադրի ներկայացվածն ու իր ունեցածը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` այդ հաշվետվություններն ուսումնասիրելուց հետո հնարավոր է, որ ՀՀ վարչապետը կոնկրետ անձանց վերաբերյալ որոշումներ կայացնի: Մեծ է հավանականությունը, որ առաջիկայում հնարավոր է` շատերը պաշտոնանկ արվեն, քանի որ նրանք ուղղակի տեղ են զբաղեցնում առանց կոնկրետ արդյունք ապահովելու:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Չեխիայի դատարանում վերջերս կայացել է Սերժ Սարգսյանի եղբորորդու` արդեն Ֆրանկլին Գոնսալես անունով հայտնի դարձած Նարեկ Սարգսյանին արտահանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության դիմումի քննարկումը: Նախորդ նիստը հետաձգվել էր: Օրերս եւս մեկ նիստ է տեղի ունեցել, սակայն, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Չեխիայի իրավապահները կասեցրել են արտահանձնման հարցով գործի քննությունը` նրան տեղափոխելով փախստականների ճամբար: Միաժամանակ, Չեխիայում քննվում է առանձին գործ` Սարգսյանի կողմից իրենց երկրում կեղծ անձնագիր ձեռք բերելու վերաբերյալ: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից հայտնեցին. «ՀՀ դատախազությունը չեխական կողմից պաշտոնապես չի տեղեկացվել հետախուզման մեջ գտնվող եւ Չեխիայի իրավապահ մարմինների կողմից էքստրադիցիոն կալանքի տակ գտնվող Նարեկ Սարգսյանի արտահանձնման դիմումի մերժման, նրան արգելանքից ազատելու վերաբերյալ: Ըստ այդմ, նշված անձի՝ ՀՀ իրավապահ մարմիններին հանձնման գործընթացը այս պահի դրությամբ գտնվում է ընթացքի մեջ»:
ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը կրկին հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն Պանամայում գրանցված օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործով որպես վկա հարցաքննվելու համար: Պողոսյանը վերջերս չէր ներկայացել հարցաքննության` պատճառաբանելով, որ արտերկրում է: Ավելին` նա առաջարկել էր իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, ինչը մերժվել էր, քանի որ այդպիսի ընթացակարգ օրենքով նախատեսված չէ: Վարույթն իրականացնող մարմինը Պողոսյանին կրկին հրավիրել է հարցաքննության՝ առաջարկելով հայտնել Հայաստան վերադառնալու ժամկետները: Միհրան Պողոսյանին հարցաքննության հրավիրելու գործընթացից անցել է 20 օր, եւ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՔԾ-ից հետաքրքրվեց, թե արդյոք Միհրան Պողոսյանը հարցաքննվել է, թե նախաքննական մարմինը որոշում է կայացրել նրա նկատմամբ հետախուզում հատարարելու մասին: Ի պատասխան` ՀՔԾ-ից հայտնեցին. «Միհրան Պողոսյանը հայտնել է, որ մոտ օրերս կներկայանա նախաքննական մարմին»:
ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ Է
Ատելության խոսքն ու բռնության կոչերը, որքան էլ ցավալի է արձանագրելը, մեզանում հազվադեպ հանդիպող երեւույթներ չեն: Նախկինում ականատես ենք եղել երկրի առաջին եւ երեւելի դեմքերի մակարդակով ցուցաբերված ատելության խոսքի «մաստեր կլասսների», ինչպես, օրինակ, կուսակցություններից մեկի ղեկավարին «քաղաքական չարիք» անվանելն էր կամ «չհասկացողներին բամփելու» սպառնալիքը: Ատելության խոսքի գերդոզավորված մթնոլորտը նկատելի էր նաեւ մինչեւ հեղափոխությունը եւ հետհեղախոխական շրջանում, իսկ վերջին օրերին նման խոսքի սանձազերծման առիթը ԱԺ-ում տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթը դարձավ: Սոցցանցերն ուղղակի եռում են «ազգային արժեհամակարգին անհարիր այդ երեւույթի»՝ ԼԳԲՏ համայնքի դեմ ուղղված անհանդուրժողականության քարոզով, եւ ցավալիորեն դրանում ներգրավված են ոչ միայն շարքային քաղաքացիներ, այլ նաեւ ԱԺ որոշ պատգամավորներ: Եւ մինչ «Իմ քայլն» ու ԲՀԿ-ն իրար վրա են գցում տրանսգենդերին ԱԺ հրավիրելու «շառը», երեկ ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանությունները, ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հորդորել են ՀՀ-ին դատապարտել ատելության խոսքը, ինչպես նաեւ կոչ արել իրավապահ մարմիններին ձեռնարկել անհապաղ քայլեր ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգության երաշխիքների ապահովման ուղղությամբ: Ատելության խոսքն ու բռնության քարոզն, անխոս, համընդհանուր չարիք են եւ սպանում են ժողովրդավարությունը, քաղաքական մշակույթը, սպառնում ազգային անվտանգությանը: ԵՄ-ն ատելության խոսքի կանխարգելման վարքագծի կանոններ է սահմանել խոշոր սոցիալական ցանցերի հետ, որոնք պարտավորեցնում են սոցիալական ցանցերի բոլոր հարթակներին աշխատել միասին՝ կանխարգելելու ատելության տարածումը: Որոշ եվրոպական երկրներ ունեն ատելության քարոզի դեմ մշակված նորմեր: ՀՀ-ում եւս խտրականության, ատելության խոսքի վերացման ուղղությամբ անհրաժեշտ են մի շարք բարեփոխումներ` հանրային իրազեկման արշավներ, օրենսդրական բարեփոխումներ, խտրականության մասին առանձին օրենքի ընդունում, կրթական ծրագրերի վերափոխում: Շատ կարեւոր է կանխել ատելության խոսքը հենց բանավոր փուլում, քանի որ այն հեշտությամբ կարող է վերաճել ֆիզիկական հաշվեհարդարի: Երբ այս տարի հունվարին սպանվեց Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչը, նրա կինը ամուսնու մահվան համար մեղադրեց լեհական TVP հեռուստաալիքին, որը, ըստ կնոջ, մշտապես բացասական կերպով է լուսաբանել Ադամովիչի գործունեությունը: «Ատելության լեզուն ազդել է մարդասպանի վրա, եւ նա որպես զոհ ընտրել է Պավելին: Ամուսնուս սպանել են բառերը»,- ասել էր սպանվածի կինը: