ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է, ԲԱՅՑ ՔԱՅԼԵՐ ՉԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ տնտեսական հեղափոխության համար դեռեւս որեւէ նախադրյալ ստեղծված չէ Հայաստանում, ավելին` այս տեմպերով շարունակելու դեպքում ՀՀ-ում 100 տարի կտեւի այդ հեղափոխության իրականացումը:

-Պարո՛ն Գրիգորյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է տնտեսական հեղափոխության մասին: Ըստ Ձեզ` այդ հեղափոխությունը կարելի՞ է համարել սկսված, Դուք զգո՞ւմ եք այդ հեղափոխության շունչը:
-Տնտեսական հեղափոխության վերաբերյալ պատկերացումները տարբեր են, հատկապես վերջին շրջանում թեման շատ է շոշափվում: Գիտե՞ք, ես համոզված կարող եմ լինել` արդյոք սկսվել է տնտեսական հեղափոխություն, եթե ինքս ականատես լինեմ այն օրենսդրական խոշոր փաթեթային փոփոխություններին, որոնք կարող են խթանիչ հանդիսանալ ներդրումային բումի, որոնք տնտեսվարողների մոտ կարող են առաջացնել շահագրգռվածություն ավելի մեծացնելու, ավելի ընդլայնելու իրենց բիզնեսները: Այսինքն` որտեղ կարող ենք տեսնել մի իրավիճակ, որ ձեռներեցությամբ զբաղվելն արդեն օգտավետ գործ է, այդ բոլորը ենթադրում են օրենսդրական լուրջ փոփոխություններ: Մենք տնտեսական հեղափոխության քողի տակ հաճախ լսում ենք տարբեր վերլուծաբաններից, քաղաքական գործիչներից, թե կառավարության անդամներից, որ քաղաքական հեղափոխությունն արեցինք, վերջացրեցինք, հիմա էլ անցնում ենք տնտեսական հեղափոխության, բայց նույնիսկ չկա այն իրազեկումը, թե որտեղից ենք սկսելու. այսպես կոչված, տնտեսական հեղափոխությունը: Եթե մենք ներդրումային միջավայրը չդարձնենք բարենպաստ ու չստեղծենք մի իրավիճակ, որտեղ դրսից` տարածաշրջանի առումով նաեւ վերցրած, բարենպաստ կլինի, մենք որեւէ բանի մասին չենք կարող իրատեսորեն խոսել: Մենք գլոբալ առումով բիզնեսով զբաղվելը կամ ներդրումային միջավայր ստեղծելու առումով ունենք շատ խնդիրներ, որոնք պետք է հաղթահարենք:
-Այսինքն` կարծում եք` ՀՀ-ում ներդրումներ չե՞ն անելու:
-Ցանկացած ներդրում ենթադրում է նաեւ շահույթ ստանալ, ցանկացած ներդրող մտածում է` ինչպիսի պայմաններ կստեղծի Հայաստանի Հանրապետությունը, որտեղ ինքն իրեն, այսպես ասած, լավ կզգա: Եթե մենք ենթակառուցվածքներով, խթանիչ գործոններով կարողանանք նպաստել, այդ ժամանակ էլ մենք կկարողանանք խոսել ներդրումային բումի մասին: Ինքս երկար ժամանակ մտածել եմ` ինչ կարող է մեզ տալ տնտեսական հեղափոխությունը. կառավարությունն իր ծրագրում նշում է 7 տոկոս տնտեսական աճ կամ 5 տոկոս տնտեսական աճ, բայց մենք այս տեմպերով եթե շարժվենք, ապա մեզ մոտ 100 տարի է պետք, որպեսզի մենք կարողանանք հասնել եվրոպական կենսամակարդակի: Կամ չգիտեմ, ավելի շատ չեմ ասում, որ մոտ 50 տարի է մեզ պետք հասնելու ՌԴ-ի կենսամակարդակին: Եթե ուսումնասիրենք տարբեր երկրների տնտեսական փորձը, որտեղ չի օգտագործվել տնտեսական հեղափոխություն տերմինը, այլ գործ են կատարել, օրինակ` հարեւան պետություն Վրաստանը, ապա կհասկանանք, թե որն է տնտեսական հեղափոխությունը: Տարիներ առաջ ձեռնամուխ եղան օրենսդրական լուրջ փոփոխության, բարենպաստ պայմանների ստեղծմանը, որի արդյունքում իրականում այդ պետությունում տեղի ունեցավ ներդրումային բում: Մեզ հարկավոր է, որպեսզի ուսումնասիրենք այդ փորձը:
-Բայց իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ տնտեսական հեղափոխությունն արդեն իր արդյունքներ տալիս է. ՀՀ-ում ներդրումներ են սկսել արվել, գործարաններ են բացվում, մարդիկ արտադրամասեր են ստեղծում: Դուք չե՞ք կիսում նրանց դիրքորոշումը:
-Ես է՛լ, Դուք է՛լ համոզված ենք, որ փոքր տնտեսվարող սուբյեկտներ միշտ էլ լինելու են, բայց դա չի նշանակում, որ դրա շնորհիվ կարող է Հայաստանում տնտեսական հեղափոխություն լինել: Հայաստանում էլ կարող են տարբեր փոքրիկ արտադրություններ հիմնվել, ձեւավորվել, բայց իրական հեղափոխական քայլ տնտեսությունում կլինի, եթե կառավարությունն ընդհանուր փաթեթ ներկայացնի, որտեղ որ ներդրողները իրենք պետք է շահագրգիռ լինեն: Չգիտեմ, ինչ-որ հարկերից ազատեն, տան հողատարածքներ, որոնք մենք ունենք, ցանկացող անձին, գոնե կարճաժամկետ նրան ազատել հողի հարկից, գույքահարկից, իսկ երբ որ նրա հիմնած բիզնեսը կաշխատի, կզարգանա, այդ ժամանակ էլ կարելի կլինի ինչ-որ հարկային բեռի մասին խոսել: Սա կարող է ներդրումներ բերել Հայաստանին ու զարգացնել տնտեսությունը:
-Հանրությունը քննադատում է ՊԵԿ-ին այն բանի համար, որ ՀՀ-ում միակ արտահանող «Սպայկա» ընկերության ղեկավարին կալանավորելու որոշում ներկայացրեց: Ըստ Ձեզ` կարելի՞ էր այլ ելք գտնել այդ հարցի հետ կապված. նշվում է, որ իշխանությունները «ճնշում» են գործարարներին:
-Ես այս հարցին մի քիչ զգուշորեն կմոտենամ, քանի որ այստեղ գործընթացը վերաբերում է նաեւ իրավական նորմերի խախտմանը: Բավարար ինֆորմացիա ես չունեմ, որպեսզի կարողանամ գնահատական տալ, առավել եւս` իրավական գնահատական տալ: Ինձ թվում է` քննության ընթացքում կբացահայտվի այն, ինչ կատարվել է: Իհարկե, ցավալի է, որ այսպիսի իրավիճակում է հայտնվել նման խոշոր ընկերությունը, բայց համոզված եմ, որ երկու կողմերն էլ գնահատում են այս իրավիճակը, եւ, իմ կարծիքով, պետք է, որ նրանց ամենօրյա գործունեությանը չխոչընդոտեն: Մնացած հարցերին կտրվեն պատասխաններ, երբ կավարտվի քննությունը:

 

 

 

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵԿ ՏԱՐԻՆ

Մեկ տարի առաջ` ապրիլի 9-ին, ավարտվեցին Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները, եւ ՀՀ նախագահի պաշտոնը (նոր Սահմանադրությամբ` սիմվոլիկ պաշտոնը) ստանձնեց Արմեն Սարգսյանը: Միայն թե հետաքրքիր է փաստը, որ ՀՀ Սահմանադրությամբ պետության գլուխը համարվող պաշտոնյայի պաշտոնավարման մեկ տարին այդպես էլ չի նշվում. այդ օրը մի տեսակ աննկատ անցավ, իսկ ինքը՝ Սարգսյանն էլ ՀՀ-ում չէ. աշխատանքային այցով մեկնել է երկրից:

Սարգսյանի խորհրդական Թեւան Պողոսյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե, ի վերջո, ինչ կարողացավ Հայաստանի համար անել Արմեն Սարգսյանը: Թ. Պողոսյանն ասաց, որ այժմ էլ նախագահը աշխատանքային գործուղման է, ինչն էլ նշանակում է, որ նախագահը աշխատում է:
«Ինչ արել է նախագահը, դա եղել է հանրային. արվածի մասին միշտ էլ տեղեկատվություն տրամադրվել է` օգտագործելով նաեւ սոցիալական ցանցերի բոլոր հնարավորությունները, արել է իր բոլոր պարտականությունների կատարումը, ինչը լիազորված է ՀՀ Սահմանադրությամբ»,-հայտարարեց Թ. Պողոսյանը:
Արմեն Սարգսյանի խորհրդականի կարծիքով` նախագահը աշխարհով մեկ ներկայացրել է Հայաստանը: Հարցին, որ մշտապես նշվել է, թե Արմեն Սարգսյանը ՀՀ իշխանություններից անկախ քաղաքականություն է վարում իր նախագահության ողջ ժամանակահատվածում, Թ. Պողոսյանն ասաց, որ համամիտ չէ այդ տեսակետի հետ: «Արվում է այն, ինչ Սահմանադրությամբ լիազորություն է տրված: Ինքնուրույն քաղաքականություն չկա. այն, ինչ նախագահի լիազորությունն է, արվել է դա: Առաջնորդվել է այդ լիազորություններով, որը բխում է Հայաստանի շահերից: Ինքը որեւէ քաղաքական կուսակցության ուղղվածություն չունի, իսկ ինչը արվում է, արվում է իր լիազորությունների շրջանակում»,-նշեց Թեւան Պողոսյանը:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ՀԱՅՏՆԻՆԵՐԸ
Մի քանի օր է` համացանցում ակտիվ քննարկվում է ԱԺ ամբիոնից տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի հայտնի ելույթը։ Նշենք, որ ելույթ ունեցողը «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահն է, եւ նա ԱԺ Մարդու իրավունքների ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումներին մասնակցելու հայտ էր ներկայացրել հենց այդ հասարակական կազմակերպության անունից։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպությունը գործում է 2016թ.-ից եւ հայտնի է որպես ԼԳԲՏ անձանց իրավունքներով զբաղվող կառույց։ Ավելին՝ կազմակերպությունը 2016 թվականից համագործակցում է ՀՀ արդարադատության նախարարության քաղացիական կացության ակտերի գրանցման բաժնի հետ, եւ դրա արդյունքում հեշտացվել է բազմաթիվ տրանսգենդեր անձանց անվանափոխության գործընթացը։ Ասել է թե` պետական կառույցների համար որեւէ դժվարություն չէր ներկայացնում այս հասարակական կազմակերպության գործունեության բնույթի մասին տեղեկատվություն իմանալը` ընդամենն այդ կազմակերպության անունը փնտրելով google որոնողական համակարգում: Այնպես որ, այդ կազմակերպությունը շատ հայտնի է, ու պետական կառույցները եթե մի փոքր ջանք գործադրեին, կարող էին իմանալ լսումներին հայտ ներկայացրած կազմակերպության մասին, հաշվարկել ԱԺ-ում նրանց հնարավոր քայլերը:

 

 

ՍՈՑՓԱԹԵԹԻ ՎՃԱՐՈՒՄՆ ՈՒՇԱՑՎԵԼ Է
«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել ոստիկանության մի խումբ աշխատողներ, որոնք պնդում են՝ այս տարվա սոցփաթեթի իրենց հասանելիք գումարը չեն ստացել, մինչդեռ անցած տարի այդ գումարը փոխանցվել է փետրվարին: Խոսքը պետության կողմից տրամադրվող սոցիալական փաթեթի ծառայության 132 հազար դրամի գումարի մասին է։ Այս խնդրի առնչությամբ դիմեցինք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից հորդորեցին դիմել իրենց գործատուներին՝ հասկանալու համար, թե ինչու է ուշացել վճարումը. «Մարտի 7-ին կառավարությունը որոշում է կայացրել, ինչից հետո նոր գումարները փոխանցվել են։ Ձգձգվել է այդ գործընթացը։ Անցած տարի փետրվարին փոխանցված էր լինում, որովհետեւ որոշումը կայացված էր լինում։ Այս տարի ուշ է կայացվել այդ որոշումը»։ Իսկ, ահա, ՀՀ ոստիկանությունից հայտնեցին հետեւյալը. «Այս ապրիլի 1-ից մինչեւ 8-ը ընկած ժամանակահատվածում ապահովվել է ըստ առանձին կառուցվածքային ստորաբաժանումների համապատասխան ծախսերի նախահաշիվների կազմման, ստուգման, հաստատման, էլեկտրոնային վճարային համակարգ մուտքագրման, պարտավորությունների ձեւավորման, այլ նախապատրաստական աշխատանքների կատարումը եւ ապրիլի 8-ի դրությամբ՝ 1-ին եռամսյակի 83.7% վճարումների իրականացումը։ Մինչեւ ընթացիկ շաբաթվա ավարտը 100%-ով կապահովվեն առաջին եռամսյակի վճարումները, եւ տվյալ ծրագրային հատկացումների կատարման գործընթացը կմտնի բնականոն ընթացքի մեջ»:




Լրահոս