ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԾՐԱԳԻՐ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ՝ ԹԱՔՈՒՆ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հաճախ է անդրադառնում արցախյան հակամարտության կարգավորման հարցում հայտնի մադրիդյան սկզբունքներին եւ ընդգծում դրանք պարզաբանելու հարցը։ Նման հայտարարությամբ նա առաջին անգամ հանդես էր եկել Ստեփանակերտում Արցախի եւ Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, իսկ ապրիլի 7-ին այդ մասին կրկին նշեց արդեն Երկրապահ կամավորականների միության արտահերթ համագումարում ելույթ ունենալիս։

«Անհրաժեշտ է հստակ պարզաբանում ստանալ՝ ի՞նչ կարող են նշանակել Մադրիդյան սկզբունքները գործնականում, ի՞նչ հնարավոր ելքերի կարող են հանգեցնել այդ սկզբունքների արդյունքում շրջանակում ընթացող բանակցությունները: Եվ ուզում եմ ասել, որ Վիեննայում այդ հարցի հստակ պատասխանը չեմ ստացել, եւ միայն այն բանից հետո, երբ կստանամ այդ հարցի շատ հստակ պատասխանը, մենք հստակ կհայտարարենք` որքանով են ընդունելի եւ որքանով են անընդունելի այդ սկզբունքները մեզ համար, եւ, ընդհանրապես, ընդունելի են, թե ընդունելի չեն»։
Նշենք, որ Մադրիդյան սկզբունքները Հայաստանին եւ Ադրբեջանին առաջարկվել են 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում, իսկ թարմացված տարբերակի մի մասն էլ հրապարակվել է 2009 թվականի հուլիսի 10-ին։ Հիմնական սկզբունքների մեջ է մտնում, օրինակ, նախկին ԼՂԻՄ շրջապատող տարածքների հանձնումն Ադրբեջանին, ներքին տեղահանված փախստականների՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունքը, միջանկյալ կարգավիճակ եւ այլն։
Սակայն շատ հետաքրքիր գործընթացներ են եղել մինչ մադրիդյան սկզբունքների հրապարակումը։ Խոսքը վերաբերում է հատկապես այդ սկզբունքների շուրջ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին, դիրքորոշումներին եւ Վիկիլիքսի գաղտնազերծմանը։ Նախ` գաղտնիք չէ, որ ՀՀ առաջին նախագահը մշտապես բացասաբար է արտահայտվել մադրիդյան սկզբունքների մասին եւ երբեք չի թաքցրել այդ մասին։ Եվ հետաքրքիր է, որ շատ դեպքերում առաջին նախագահի խոսքերն այլ բան են ասում, գաղտնազերծված փաստաթղթերը՝ այլ։ Նախ` նշենք, որ 2017 թվականի մարտի 22-ին հարցազրույց տալով «Օրակարգից դուրս» հաղորդաշարին` Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որեւէ ծրագիր նա չի առաջարկել։
«Բոլոր առաջարկները, որ մինչեւ հիմա հնչել են, եղել են ոչ թե մեր առաջարկները կամ Ադրբեջանի կամ Ղարաբաղի, այլ միջազգային այդ կառույցների առաջարկները մեզ` հակամարտող կողմերին: Հարցը կոնկրետ է դրված. կա մի կարգավորման պլան` այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքների հիման վրա, որն արդեն բանակցվում է` 2007-ից սկսած»,- ասել էր առաջին նախագահը, իսկ դեռեւս 2017 թվականի վերջերին, երբ նա ակտիվացել էր եւ վերադարձել քաղաքականություն, առիթը բաց չէր թողնում քննադատելու այդ սկզբունքները։
Եվ, ահա, Վիկիլիքսի հոդվածը, որը հրապարակվել է 2007 թվականի հոկտեմբերի 17-ին, պատմում է այն մասին, թե ինչպես է առաջին նախագահը Մինսկի խմբի բանակցող Մեթյու Բրայզային փորձել փոխանցել իր դիտարկումները, սակայն` գաղտնիությունը պահելու պայմանով։
«Նկատի ունենալով նախագահ Քոչարյանի առաջիկա հեռանալը պաշտոնից` Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ Մինսկի խմբի համանախագահները պետք է փաստաթուղթ կազմեն՝ ֆիքսելու բանակցությունների վիճակը: Նա չցանկացավ, որ սա արձանագրվի որպես իր գաղափար, սակայն հույս ուներ, որ Բրայզան սա մյուս համանախագահներին կներկայացնի որպես իր սեփական նախաձեռնություն»,- ասվում է հոդվածում:
Հոդվածում նշվում է, թե առաջին նախագահը նշել է, որ պետք է լինի որեւէ ֆորմալ փաստաթուղթ, որը կարձանագրեր, թե ինչի էր հաջողվել հասնել ԼՂ բանակցություններում։ «Նա գտնում էր, որ Մինսկի խմբի համանախագահների համար դա անելու լավագույն ճանապարհը գուցե այն էր, որ կազմեր ֆորմալ փաստաթուղթ, որը երկու կողմերին կառաջարկեր արդեն իսկ արդյունավետորեն համաձայնեցված, բոլոր տարրերը ընդգրկող լուծման ծրագիր: Երկու կողմերը կընդունեին առաջարկը, թե ոչ (եւ ենթադրություն կար, որ այս փուլում նրանք չէին ընդունի), նման փաստաթղթի առկայությունը կվավերագրեր Քոչարյանի կառավարման ավարտին բանակցությունների գագաթնակետը/կուլմինացիան: Սա օգտակար արդյունք կունենար այն առումով, որ կամրագրեր արդեն իսկ համաձայնեցված կետերը, եւ հաջորդ նախագահը կկարողանար աստիճանաբար բանակցությունները վեր բարձրացնել այնտեղից, որտեղ դրանք թողնվել էին: Նա կարեւոր էր համարում, որ սա լիներ համանախագահների պաշտոնական փաստաթղթի տեսքով: Նա անհանգիստ էր, որ առաջարկը չներկայացվեր որպես իր գաղափար, եւ խնդրեց, որ այդ փաստը գաղտնի պահվի: Փոխարենը նա առաջարկում էր, որ Բրայզան իր ռուս եւ ֆրանսիացի գործընկերներին ներկայացնի այն որպես իր սեփական գաղափար, եւ որ երեք համանախագահներն այնուհետեւ ներկայացնեն այն երկու կողմերին` որպես համանախագահների համատեղ նախաձեռնություն», – շարունակում է հոդվածագիրը։
Եվ, որպես ամփոփում, հոդվածագիրը նկատում է, որ կան որոշ քաղաքական նպատակներ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից։ Փաստորեն, հրապարակավ քննադատում է, բայց տակից ասում է` այնպես անենք, որ ընդունվի: Իսկ թե որն է իրական նպատակը, այդպես էլ անհայտ է:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ
Դատական համակարգում ներքին տարաձայնությունները շարունակվում են: «ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից ոմանք համակարգիչ եւ տպիչ չունեն աշխատելու համար: Ավելին` դատավորն այդ խնդրի հետ կապված դեռ նախորդ տարի դիմել է ինչպես մարզային դատարանի աշխատակազմին, այնպես էլ դատական դեպարտամենտ: Խոստացվել է, որ հունվարին խնդիրները լուծված կլինեն, սակայն արդեն ապրիլ ամիսն է, իսկ դատավորը մնացել է առանց տեխնիկական միջոցների: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանի հետ: Վերջինս հայտնեց, որ բոլոր տեխնիկական միջոցներով ապահովված են եւ նման խնդիր չունեն: Մինչդեռ դատավորները, որոնց անունները հարգելի պատճառներով չենք հրապարակում, դիմում են մեզ եւ խնդրում օգնել իրենց, քանի որ ղեկավարները մատը մատին չեն տալիս տարրական պայմաններով ապահովելու համար:

 

 

ԿԱՌԱՋԱԴՐՎԻ՞
Քաղաքական շրջանակներում համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը միգուցե փորձի առաջադրվել 2020 թվականին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններում: Ըստ նույն աղբյուրների` այդ խոսակցություններին տեղյակ են Արցախում ու, կարծես թե, դեմ չեն, որ Ռ. Քոչարյանը իր թեկնածությունն առաջադրի: Նշվում է նաեւ, որ նախագահ ընտրվելու դեպքում ՀՀ իշխանությունները կարող են կանգնել իրավական կազուսի առաջ, քանի որ Արցախի նախագահն անձեռնմխելի է, եւ այդ դեպքում քննարկվելու է՝ կարող է արդյոք նա ՀՀ-ում կալանքի տակ պահվել, թե, այնուամենայնիվ, ստիպված են լինելու ազատել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է տեղեկությունը ճշտել Ռ. Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից, ով ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց տեղեկությունը: «Ես առաջին անգամ եմ լսում նման տեղեկություն»,- եզրափակեց Վ. Սողոմոնյանը:

 

 

ՆՈՐԸ
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կազմում հաշվեքննության եւ աուդիտի հարցերի ենթահանձնաժողով կստեղծվի։ Նման առաջարկով հանդես է եկել հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը։ Այդպիսի մի կառույց գործում է նաեւ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում, որը կոչվում է հանձնաժողովին կից գիտափորձագիտական խորհուրդ։ Մասնավորապես, Մանե Թանդիլյանի առաջարկած ենթահանձնաժողովը նախագահելու է Տիգրան Ուլիխանյանը, իսկ անդամներն են լինելու Արթուր Գրիգորյանը, Երջանիկ Հակոբյանը եւ Եղիշե Սողոմոնյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ենթահանձնաժողովը ստեղծվում է` «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ԱԺ ներկայացվող ՀՊ ընթացիկ եզրակացությունների քննարկման համար:

 

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
Ֆեյսբուքյան «Դուխով Հայաստան» ֆեյք համակարգող անձը կալանավորվել է: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը։ Նա նշեց, որ հարուցվել է քրգործ Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Այդ անձի նկատմամբ, դատարանի որոշմամբ, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ՔՕ-ի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սահմանում է հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելը։ ԱԱԾ-ն առայժմ չի բացահայտում կեղծ օգտատիրոջ անձը:

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊՐՈՎՈԿԱՑԻԱ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է օրերս ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձություններին: Նախ` վարչապետն այն քաղաքական սադրանք է որակել, ապա ավելացրել. «Այն պահվածքը, որը ցուցաբերում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը, դա ընդհանրապես կասկածի տակ է դնում մարդու իրավունքների վիճակը, եւ այս պրովոկացիայի կազմակերպման արդյունքում, կարծում եմ, որ ԲՀԿ-ն պետք է մտածի` ընդհանրապես Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում իրենց ներկայացրած հանձնաժողովի նախագահն արդյոք մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է եւ ինքը համապատասխանո՞ւմ է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ լինելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշներին, թե՞ ամբողջ խնդիրը նա է, որ կազմակերպել պրովոկացիա, սա քաղաքական պրովոկացիա է, եւ թիրախներն ուղղել «Իմ քայլը» խմբակցության դեմ»:

 

 

ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԵՆ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձագանքել է ՀՀ կառավարության՝ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործին եւ նամակով դիմել պաշտպանական կողմին: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը. «Նամակն այսօր ենք ստացել, ուղարկել են կառավարության դիրքորոշումը»: Պաշտպանը նշեց, որ ուսումնասիրման համար իրենց տրվել է եռօրյա ժամկետ, դրանից հետո պետք է ներկայացնեն իրենց առարկություններն ու առաջարկները: «Ուզում եմ փաստել, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է, բայց ցավում եմ, որ այս հարցը Հայաստանի տիրույթից դուրս եկավ եւ գտնվում է Եվրոպական դատարանի տիրույթում, եւ պետությունը, ունենալով պոզիտիվ պարտավորություն, պատասխան է տալու դրա համար»,-ասաց նա։

 

 

ԿՏԵՂԱՓՈԽՎԻ՞ ՄԱՔՍԱՏՈՒՆԸ
«ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարեցի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ»,-սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ նա երեկ վաղ առավոտյան այցելել էր Նորագավիթի ավտոմաքսատուն:




Լրահոս