ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ՕՐԵՆՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 1-ից ՀՀ գազալցակայաններում բնական սեղմված գազը կվաճառվի ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով: Երեկ Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց գործադիրի կողմից առաջարկված Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Օրենքով նախատեսված կարգավորման առարկան ակցիզային հարկով հարկման նպատակով սեղմված բնական գազի իրացման ծավալները հաշվառող չափման միավորի փոփոխությունն է:

Նշենք, որ օրենքի նախագծին կողմ քվեարկեց 107 պատգամավոր, դեմ եւ ձեռնպահ քվեարկողներ չեղան: Ի դեպ, այս օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Այսինքն` մայիսի 1-ից ՀՀ գազալցակայաններում բնական սեղմված գազը կվաճառվի կիլոգրամով:
«Էքսպերտ թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ թեեւ սեղմված գազը կիլոգրամով վաճառելու համար նախատեսված սարքավորումները լրացուցիչ ծախսեր չեն առաջացնում գազալցակայանների սեփականատերերի մոտ, բայց ավելանում է հարկային բեռը: Տեղեկացնենք, որ 1 տոննա սեղմված բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափին համապատասխանող հաշվարկային մեծությունը կկազմի մոտ 34 հազար 867 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է դրույքաչափը սահմանել մի փոքր ավելի ցածր մակարդակում` 1 տոննայի հաշվով` 34 հազար դրամ:
«Տնտեսական հաշվարկներ են. «Գազպրոմ Արմենիա»-ի եւ ՊԵԿ-ի հետ գազալցակայանների հաշվարկները բավականին բարդանում են, քանի որ նրանք գազը ստանալու են խորանարդ մետրով, բայց վաճառելու են կիլոգրամով: Այն հարցը, թե ինչպես են հաշվարկ անելու, դեռեւս օդում կախված է: Այդ հաշվարկի գործընթացը բարդանում է, եւ կարելի է ասել, որ դառնում է անվերահսկելի: Չէ՞ որ գազի խտությունը տարբերվում է. փոփոխական է, մշտական չէ, օրվա տարբեր ժամերին կարող է տարբեր խտություն ունենալ, եղանակից եւս կախված կարող է այն տարբեր լինել: Նման դեպքերում ՊԵԿ-ում այս հարցերին այլ ձեւով են նայում, չեն խորանում դետալների, նրբությունների մեջ: Դե արի ու ապացուցի, որ խորանարդ ստացել եմ, կիլոգրամով վաճառում եմ, սա է ստացվել: Կաշխատեն մեկ ամիս, կտեսնեն ինչ է ստացվում, կսկսեն գինը բարձրացնել կամ կբերեն այն համապատասխան գնին, որից իրենք չեն տուժում: Հո մինուսով չե՞ն աշխատելու»,- անկեղծացավ մասնագետը` միաժամանակ նկատելով, որ այս պահին հնարավոր չէ հստակ կանխատեսել` կբարձրանա գինը, թե ոչ: Նկատենք, որ կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարել է. «Գազալցակայանների շուկայում կառավարությունը որեւէ ազդեցություն թողնող որոշում չի կայացրել, եւ թանկացումների մասին բոլոր խոսակցությունները մանիպուլյացիաներ են»: Միաժամանակ նա զգուշացրել է. «Որոշ նախկին օլիգարխներ, եթե մտածում են, որ իրենք կարողանալու են այս իրավիճակում մանիպուլյացիաների դաշտ մտնել, սխալվում են»:
Ինչեւէ, ՀՀ Սյունիքի մարզում գազալցակայանները ստանում են իրանական եւ ռուսական գազի խառնուրդ, իսկ օրենքի այս նախագիծը սկսել է իրենց մտահոգել: Օրինակ` Կապան քաղաքում գործող «Արկարգազ» գազալցակայանի տնօրեն Արթուր Բուդաղյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, զայրացավ` նշելով. «Ոչ մի նրբություն չի քննարկվել, ոչ մեկ ոչինչ չի հասկանում: Այնտեղ շատ անհաջող գրուպա է հավաքված: Իրենց հայտարարած մեծությունը սուտ է, նման բան չկա»: Նշենք, որ գիտականորեն ապացուցված է սեղմված բնական գազի 1 խորանարդ մետրի եւ 1 կիլոգրամի փոխհարաբերակցության` տեսությամբ ու գիտականորեն ընդունվող մեծությունը (1խմ = 0.717կգ):
«Բայց թող մեզ մեկը ապացուցի դա, մեզ պետք է անկախ լաբորատորիա, որը կարողանա ապացուցել, որ 0.717 կգ է 1 խմ-ն: Մենք էլ կշեռք ունենք, բայց չենք կարողանում խտություն չափել: Բայց ֆիզիկայի դասագրքում գրված է, որ զանգվածը բաժանում ես ծավալի վրա, ստանում ես խտություն: Հիմա մենք ունենք չափիչ սարքեր, որը զանգված է տալիս, եւ ունենք չափիչ սարք, որ ծավալն է տալիս: Կարո՞ղ ենք մենք դրանից խտություն իմանալ գոնե մոտավորապես, եթե ոչ ճշգրիտ: Իհարկե, կարող ենք»,- բացատրեց գազալցակայանի տնօրենը:
Նրա խոսքերով` այս թեմայի շուրջ Սյունիքի մարզի գազալցակայանների ղեկավարները այս օրերին հավաքվել են, քննարկում անցկացրել: «Մենք` Սյունիքի մարզում գործող գազալցակայանների ղեկավարներս, համաձայն չենք դրան, քանի որ մեզ մոտ խառնվում է իրանական ու ռուսական գազը, մեզ խառնուրդն են տալիս: Մենք չենք թանկացրել, բայց դա չի կոչվում, որ ճիշտ են տալիս: Քանի որ ուրիշ խտություն է ստացվում, ինչու են մեր դեպքում էլ այդպես հաշվում, ինչպես Երեւանում: Խոսքը Սյունիքի մարզի մասին է: Հիմա մեր պատերազմը հարկայինի հետ է, որովհետեւ նա նույն գումարն է ուզելու, մենք այդքան չենք ծախելու, դա է խնդիրը: Մենք էլ ենք ժողով արել մարզի տնտեսվարողներով, «Գազպրոմ Արմենիա»-ին էլ ենք դիմել, կառավարությունը տեղյակ է, բայց դեռ արձագանք չկա: Մենք իրենց բերած խտության չափին չենք հավատում»,- հայտարարեց Արթուր Բուդաղյանը:
Իսկ, ահա, Արգավանդում գազալցակայան շահագործող Էդգարը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց` խնդիրն այն է, որ գնելիս չափման միավորը խորանարդ մետրն է, իսկ վաճառելիս` կիլոգրամը. «Այսինքն` կոնկրետ գազի կալորիականության տարբերության դեպքում այստեղ տարբերությունը մեզ վրա երեւալու է: Տեսականորեն խնդիր չկա, բայց պրակտիկայում խնդիրներ կլինեն»:
Այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Գազպրոմ Արմենիա» ընկերություն, որտեղից փոխանցեցին. ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ԱԳԼՃԿ-ներին բանական գազը մատակարարում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշմամբ հաստատված սակագնով: Բաժանորդների հետ հարաբերություններում ընկերությունը բացառապես գործում է նրանց հետ կնքված պայմանագրերի շրջանակում եւ ՀԾԿՀ-ի կողմից հաստատված «Բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոնների» դրույթների համաձայն»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԸՆԿԵՐՈՋ ԿՆՈՋԸ ՆՇԱՆԱԿԵԼ Է ՏՆՕՐԵՆ
Հայաստանի առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանի մարտի 6-ի որոշմամբ` 40 հազար դրամի վարչական տուգանքի է ենթարկվել Իջեւանի թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Էլմիրա Մարտիրոսյանը: Բայց ուշագրավն այն է, որ տեսչական մարմնի ղեկավարը տուգանել է Է. Մարտիրոսյանին այն դեպքում, երբ վերջինս Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի՝ դեռեւս հունվարի 11-ի հրամանով ազատված է եղել աշխատանքից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեսչական մարմինը հունվարի 21-ին վարույթ է հարուցել` ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տավուշ» մասնաճյուղից հունվարի 17-ին տրված տեղեկության հիման վրա: Իսկ երկու օր անց տեսչական մարմինը մանկապարտեզում ստուգումներ է իրականացրել: Պարզվել է, որ նախադպրոցական կազմակերպության շենքն ապահովված չէ կենտրոնացված ջեռուցման համակարգով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մանկապարտեզի կրտսեր Ա խմբում եւ կրտսեր Բ խմբում օդի ջեմաստիճանը եղել է 15 աստիճան ցելսիուսի, միջին Ա խմբում` 17 աստիճան ցելսիուս, եւ ավագ Ա խմբում` 14 աստիճան ցելսիուս: Այս դեպքում խախտվել են առողջապահության նախարարի 2002 թ. դեկտեմբերի 20-ի համար 857 հրամանով հաստատված «Նախադպրոցական կազմակերպությունների» սանիտարական կանոնների եւ նորմերի սահմանված պահանջները: Եւ, ահա, փետրվարի 22-ին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որը գործի քննության ծանուցման հետ միասին ուղարկվել է Իջեւանի թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Էլմիրա Մարտիրոսյանին: Ըստ տեսչական մարմնի` Մարտիրոսյանին գործի քննության տեղի եւ ժամանակի մասին պատշաճ կարգով ծանուցվել է, բայց տեսչական մարմնում մարտի 6-ին կայացած վարչական իրավախախտման գործի քննությանը Մարտիրոսյանը չի ներկայացել: Այսպես, վարչական մարմինը գտել է, որ Է. Մարտիրոսյանի կողմից իրավախախտումը կատարվել է անզգուշությամբ, բայց, այնուամենայնիվ, որոշվել է Է. Մարտիրոսյանին սանիտարական նորմերի պահանջները խախտելու համար ենթարկել վարչական տույժի` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասունապատիկի չափով` 40 հազար դրամ: Այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Է. Մարտիրոսյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Անպատասխան մնացին նաեւ մանկապարտեզ կատարած մեր հեռախոսազանգերը, իսկ մանկապարտեզի աշխատակազմի ղեկավար Բորիս Թանանյանը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել: Տեղեկացնենք, որ Իջեւանի ավագանին, քաղաքապետ Վ. Ղալումյանի նախաձեռնությամբ, հունվարի 11-ին որոշել է աշխատանքից ազատել թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Է. Մարտիրոսյանին: Ըստ քաղաքապետարանի` Մարտիրոսյանն, իբր, պատշաճ ձեւով չի իրականացրել աշխատանքային պարտականությունները: Ի դեպ, նույն օրը` ավագանու նիստից հետո, քաղաքապետ Ղալումյանը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ավագանու անդամ Արտակ Խաչատրյանի կնոջը` Էլմիրա Խաչատրյանին, որը մանկապարտեզի փոխտնօրենն էր:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԻՋԵՎԱՆՈՒՄ ԲԱՆԱ՞Ն ԵՆ ԱՃԵՑՆՈՒՄ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մարտի 30-ին Երեւանում կայացած «Տավուշ» հայրենակցական միության համագումարում հայտարարել է, որ մեր հայրենակից հազարավոր ընտանիքներ ապրում են Ռուսաստանի տարբեր գյուղերում, որոնց երեխաներն այլեւս հայերեն չեն խոսում, թոռներն այլեւս հայերեն չեն գրում. սա ողբեգություն է, ոչինչ չի խնայվելու այդ մարդկանց Հայաստան վերադարձնելու համար:

Նա հայտարարել է, որ պետք է Հայաստան վերադարձնել այն հայրենակիցներին, որոնք այնքան էլ չեն ամրապնդվել արտերկրում, ոչինչ չի խնայվելու այդ մարդկանց վերադարձի համար. դա Տավուշի մարզի եւ Տավուշի մարզպետարանի առաջնահերթ խնդիրն է: Մարզպետը նշել է հայրենադարձության առաջին ծրագրի մասին, որն առնչվում է Կրասնոդարից 200-250 կմ հեռավորությամբ գտնվող մի գյուղի, ուր բնակվում են Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չինարի գյուղից 530 մարդ: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Չոբանյանն ասաց, որ այդ ծրագիրն իրականացնելու համար ստեղծվել են համապատասխան ենթակառուցվածքներ: «Հեռանկար» հաղորդման ընթացքում մարզպետ Հ. Չոբանյանը նաեւ հայտարարեց, որ Տավուշում զբոսաշրջության գարգացմանը կարող է նպաստել կլիմայական տարբեր գոտիների առկայությունը: Նա ասաց. «Մենք ունենք մերձարեւադարձային զոնա, որտեղ որ աճում է զեյթուն. նույնիսկ Իջեւանում աճեցնում են հիմա կիվի, բանան, եւ դա մասսայական բնույթ է կրում»: Մարզպետի նախաձեռնած հայրենադարձության ծրագիրը եւ Իջեւանում զանգվածաբար բանան ու կիվի աճեցնելու խոսքերը քննարկման թեմա են դարձել: Ու հիմա քաղաքացիները պնդում են, որ Չինարին որքան էլ դրախտային վայր է, նույնքան էլ դժվար հասանելի է ու վտանգավոր: Ըստ այդմ, մարդիկ թերահավատությամբ են ընդունում արտագաղթած հայրենակիցներին վերադարձնելու ծրագրի հավանականությունը: Իջեւանում զանգվածաբար բանան ու կիվի աճեցնելու վերաբերյալ տեղի բնակիչները նշում են` մի քանի հոգի զբաղվում է այդ գործով, սակայն բանանի բերքը սովորական պայմաններում չի հասունանում, ջերմոցային պայմաններում է հասունանում, հետեւաբար` այդ ամենը կազմակերպելը հեշտ չէ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս