Շիրակի մարզում բողոքի նոր ալիք է հասունանում: Խնդիրը կապված է համայնքների խոշորացման հետ: Մարզում դեռ կան համայնքներ, որոնք չեն խոշորացվել, բայց խոշորացման ծրագրի մեջ են ընդգրկված: Այսինքն` համայնքների խոշորացման ծրագիրը նախատեսվում է իրականացնել այս տարվա սեպտեմբերին: Հիմա դեռ չմիավորված համայնքների բնակիչների մոտ անհանգստություն է սկսվել:
Այս տարվա հունիսին Շիրակի մարզի Անուշավան եւ Սպանդարյան գյուղերում արտահերթ ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը օրեր առաջ Անուշավան համայնքի ղեկավար Երվանդ Հակոբյանին գրություն է ուղարկել` կապված հունիսի 9-ին անցկացվելիք ՏԻՄ ընտրությունների հետ, սակայն մի քանի օրից մարզպետը կրկին գրություն է ուղարկել` տեղեկացնելով, որ չեղարկում է որոշումը: Այդ գրությանը շատ արագ հաջորդել է եւս մեկ գրություն, որով կրկին հաստատվում է, որ ՏԻՄ ընտրություններ, այնուամենայնիվ, անցկացվելու են:
Գործընթացն, իհարկե, զարմացրել է գյուղապետին, քանի որ, ի վերջո, չի հստակեցվել` ինչն է որոշումների փոփոխությունների պատճառը. «Սկզբից եկավ մարզպետի համար 60 որոշումը` հունիսի 9-ի հետ կապված: Մեկ շաբաթ հետո եկավ 65 որոշումը, որով չեղարկվում էր ընտրությունը, հետո մի քանի օրից եկավ նոր որոշում, որ ընտրությունները անցկացնում ենք. իրականում խնդիրը մեզ համար անհասկանալի է: Ինչի՞ համար են հիմա ՏԻՄ արտահերթ ընտրություններ անցկացնում, երբ մի քանի ամիս անց այս համայնքները նախատեսվում է խոշորացնել»,-ասել է Անուշավան համայնքի ղեկավար Երվանդ Հակոբյանը:
Անուշավանում ու Սպանդարյանում բնակիչները խոշորացման ծրագրի մասին լսել չեն ուզում: Աչքերի առաջ ունեն մարզի` արդեն իսկ խոշորացված համայնքների օրինակները: Ու հիմա նրանք վստահ են` խոշորացումը իրենց համայքներին ոչինչ չի տալու: Շիրակի մարզում մինչ այժմ խոշորացել են Աշոցքը, Ամասիան, Սարապատը, Արփին, ավելի ուշ` Մարմաշենը, Ախուրյանը եւ Անին: Խոշորացման արդյունքում ծրագրեր իրականացվել են, բայց համաչափ զարգացումը, կարելի է ասել, ձախողվել է:
Պատճառն այն է, որ տարբեր փնջերում ընդգրկված համայնքներում զարգացվածության աստիճանը տարբեր է, բոլոր համայնքներում զուգահեռ ծրագրեր իրականացնելը գրեթե անհնար է: Հենց այդ հանգամանքն է, որ վախեցնում է դեռեւս չխոշորացված համայնքների բնակիչներին. «Մեզ խոշորացում պետք չէ, տեսնում ենք` ինչ է կատարվում խոշորացված համայնքներում: Այդքան մարդիկ կրճատվեցին, տարբեր գյուղերի գումարները տարան միավորեցին, գյուղ կա` այսքան տարվա ընթացքում ոչինչ չի արվել, այդ գյուղում կարիք չկա՞ ծախս անելու: Ստացվում է` փողերը մեզանից հավաքելու ու տրամադրելու են հարեւան գյուղերին: Իհարկե թույլ չենք տա: Մեր գյուղը, մեր գյուղապետարանը թող առանձին լինի»,- ասաց Անուշավանի բնակիչներից մեկը:
Գյուղապետերին որեւէ իրազեկում չի եղել: Թավշյա հեղափոխությունից հետո խոստում եղել է, որ խոշորացման այլ մոդել է կիրառվելու, բայց թե ինչ մոդելի մասին է խոսքը, հայտնի չէ: Դեռ նախորդ տարի նախատեսվում էր Արթիկ քաղաքին հարակից գյուղերը միացնել Արթիկին, բայց թե այժմ ինչպես է խոշորացում կատարվելու, հայտնի չէ: «Մենք սպասում էինք խոշորացմանը: Ես կցանկանայի` ներկայացնեին խոշորացված համայնքների առավելությունները, ես էլ կխոսեի իմ համայնքի բնակիչների հետ, կբացատրեի, ես էլ կտայի իմ դրական վերաբերմունքը: Մեր համայնքը կայացած է, ենթակառույցները զարգացած են: Եթե խոշորացված համայնքում 4 հատ լուսավորության կետ են ավելացնում մեկ տարվա ընթացքում, Անուշավանում 90 տոկոս փողոցները լուսավորված են, ոռոգման ներքին ցանցը կառուցված է. սա առավելություն է: Միգուցե խնդիր ունենք ճանապարհների, դա գուցե խոշորացման արդյունքում լուծվի, բայց դա շատ չնչին խնդիր է համայնքը միավորելու համար: Ես այլ շոշափելի առավելություն չեմ տեսել»,-ավելացրեց Անուշավանի համայնքապետ Երվանդ Հակոբյանը:
Նույն լարված մթնոլորտն է Արթիկի տարածաշրջանի մյուս գյուղերում: Առավել թեժ մրցակցություն է Ազատանում եւ Հոռոմում: Թե ինչպես է կատարվելու այդ գյուղերի միավորումը, հայտնի չէ, բայց հստակ է որ գյուղերում լարվածությունը գնալով խորանում է: Իսկ վերոնշված գյուղերը` համեմատաբար զարգացած եւ խոշոր գյուղեր, այդ գյուղերի միավորումը մեծ հարված է լինելու բնակչության համար: «Ուզում են գյուղերը քանդեն, թող միավորեն, մենք այս ամենի համար չենք պահանջել իշխանափոխություն: Գնացե՛ք հարցրեք խոշորացված համայնքներին` ով է գոհ. ոչ մեկը, բոլորը դժգոհում են, քանի որ միավորումը միայն վնաս է տվել»,- նշեց Սպանդարյանի բնակիչներից մեկը:
Բնակչությանն արդեն տեղեկացրել են սեպտեմբերի 29-ին խոշորացված համայնքներում ընտրություններ անցկացնելու մասին: Բայց թե որ համայնքը որին է միանալու ու ինչ սկզբունքով, հայտնի չէ: Իսկ բնակչությանը խոստացել են, որ առաջիկայում հանրային քննարկումներ կլինեն:
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Շիրակ