«ՕՐԲԵԼՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՂԵԿԱՎԱՐԵԼ ՈՉ ՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից հեռացնելուց հետո Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տիրող մթնոլորտի մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է թատրոնի երաժիշտ՝ ֆագոտահար Շմավոն Գրիգորյանի հետ: Նա նշեց, որ թատրոնի ներկայացուցիչների եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից, լրատվամիջոցներում որոշ ոչ ստույգ տեղեկությունների տարածումից հետո թատրոնում ոմանք այն եզրահանգման են եկել, որ վարչապետը հրահանգելու է Օրբելյանին վերականգնել տնօրենի պաշտոնում: Անկախ ամեն հանգամանքից` երաժիշտն ակնկալում է, որ, ի վերջո, կկայացվի որոշում օրենքի շրջանակներում, եւ տնօրենի պաշտոնում կնշանակվի մեկը, որը տարիներ հետո նեղանալով չի գնա թատրոնից եւ չի սպառնա իր հետ տանել բերածը:

-Շմավո՛ն, այնպիսի տպավորություն է, որ օպերային թատրոնի անձնակազմը երկու մասի է բաժանվել՝ նրանք, որոնք կողմ են, որ Օրբելյանն ազատվի տնօրենի պաշտոնից, եւ հակառակը: Այդպե՞ս է:
-Չէի ցանկանա, որ տպավորություն ստեղծվեր, թե թատրոնը խմբերի է բաժանվել: Պարզապես մարդիկ տարբեր կերպ են մտածում, եւ դա բնական է: Կան նաեւ այնպիսիք, որոնք, որոշ լրատվամիջոցներում հրապարակվող նյութերի միայն վերնագրերը կարդալով, կարծիք են կազմում, թե վարչապետն ուր որ է հրահանգելու է վերականգնել Օրբելյանին տնօրենի պաշտոնում: Օրեցօր կարծիքները փոփոխվում են իրադարձություններին զուգընթաց: Ամեն դեպքում, ես մեծ հույսեր ունեմ, որ ինչ որոշում էլ կայացվի, օրենքի շրջանակում է լինելու: Բայց պետք է նշեմ, որ եթե նախկինում կարծում էի, թե Օրբելյանը կարող էր թատրոնում վարչական պաշտոն զբաղեցնել, այսօր այդպես չեմ մտածում: Նրա մասնագիտական, ստեղծագործական հմտությունները թատրոնի համար բավարար չեն նաեւ որպես գեղարվեստական ղեկավար: Եթե ասում են, որ թատրոնին գլխավոր դիրիժոր պետք չէ, քանի որ կա գեղարվեստական ղեկավար, ուրեմն վերջինս թատրոնի խաղացանկի գոնե 50 տոկոսը պարտավոր է ղեկավարել: Ես՝ որպես երաժիշտ, խաղացանկային ոչ մի ներկայացման ժամանակ առիթ չեմ ունեցել տեսնելու Օրբելյանին դիրիժորական վահանակին:
-Գուցե որովհետեւ երկրից դուրս է եղել, եւ դա է եղել պատճառը:
-Ոչ, երկրում է եղել, պարզապես նա չի կարող ղեկավարել ոչ մի ներկայացում: Օպերային, բալետային ներկայացում եւ համերգային կատարում ղեկավարելը շատ տարբեր բաներ են: Եթե նա համերգային արիաներ, հատվածներ է ղեկավարում, դա չի նշանակում, որ ունակ է ղեկավարելու ներկայացումն ամբողջությամբ: Եթե նա այս տարիների ընթացքում չի ղեկավարել ոչ բալետային, ոչ օպերային ներկայացում մեր թատրոնում, ուրեմն գեղղեկավարի պաշտոնը չի համապատասխանում իրեն: Նա շատ խոսեց նաեւ թատրոնին կատարած նվիրատվությունների մասին: Ինձ դուր չեկավ, որ նա ասաց, թե կգնա թատրոնից եւ իր բերած դաշնամուրները կտանի հետը… Այսինքն՝ թատրոնին նվիրում է, հետո նվերը հետ է վերցնում, տալիս է երաժշտական դպրոցի՞…
-Ի դեպ, սկզբնական շրջանում տնօրենի հավակնորդների թվում Ձեր անունն էլ էր շոշափվում: Լրատվամիջոցները գրում էին, որ Դուք մտերիմ եք մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հետ, եւ նրա միջոցով թատրոնում պաշտոն ստանալու նկրտումներ ունեք:
-Ենթադրությունները շատ են, ես դրանք շարունակում եմ հերքել: Գուցե մարդիկ այդպես են մտածում՝ հաշվի առնելով իմ ակտիվությունը, այն, որ ժամանակին եղել եմ օպերային արվեստի զարգացման հիմնադրամի տնօրեն:
-Եվ վերջում՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք իշխանական օղակներից:
-Ակնկալում եմ, որ օրենքի շրջանակում կայացվի ճիշտ որոշում, թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվի սրտացավ մեկը, ով տարիներ հետո նեղանալով չի գնա թատրոնից եւ չի սպառնա իր հետ տանել բերածը:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ԻՆՔՍ ԷԼ ԶԱՐՄԱՑԱ, ՄԵԾ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ԱՊՐԵՑԻ»

«Չեք պատկերացնի՝ թոռնիկներիս ելույթից հետո ինչ բերկրանք, ինչ աննկարագրելի ուրախություն ապրեցի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր հուզմունքը չթաքցրեց ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը:

Նշենք, որ Աշոտ Ղազարյանի թոռները` Անահիտը եւ Բորիսը, «Лучше всех» նախագծի ընթացքում օրերս հիացրել են բոլորին, այդ թվում՝ հաղորդավար Մաքսիմ Գալկինին: Նախագծի մասնակիցն այդ անգամ Աշոտ Ղազարյանի թոռն էր` 9-ամյա Բորիս Ադամյանը: Տղան հանդիսատեսին զարմացրեց իր երգելու տաղանդով: Բորիսը խոստովանել է, որ երգել սկսել է` մեծ քրոջը` Անահիտին հետեւելով: Վերջինս «Մանկական Եվրատեսիլի» եւ «Նոր ալիքի» մասնակից է եղել: Մաքսիմ Գալկինի խնդրանքով` Բորիսը կատարեց Тим Белорусский «Незабудка» երգը:
«Նրանք աղջկաս զավակներն են: Դուստրս երեք բալիկ ունի, այս երկուսը լավ երգում են, մյուսն էլ, որը աղջիկ է, լավ պարում է: Ասեմ, որ Անահիտի հետ ժամանակին պարապել է Նադեժդա Սարգսյանը: Նա մեծ ներդրում ունի թոռնիկիս երաժշտական կյանքում: Ասում էր. «Եղբորն էլ բերեք մոտս, պարապեմ, քույրիկին կանցնի»: Ի դեպ, երբ Անահիտը մասնակցում էր «Մանկական Եվրատեսիլ»-ին, մեկը Նադյային ասել էր. «Բա էլ ո՞վ պետք է «Եվրատեսիլ» գնար, եթե ոչ Աշոտի թոռը»: Հետո, երբ լսել էր Անահիտի կատարումը, գնացել, Նադյային ասել էր. «Խոսքերս հետ եմ վերցնում, այդ ի՜նչ չքնաղ է երգում այդ աղջնակը»»,-պատմեց պարոն Ղազարյանը:
Նշենք, որ Անահիտը եւ Բորիսն իրենց քավր կատարումներով պարբերաբար ներկայանում են «Ինստագրամ»-ում` հավաքելով միլիոնավոր դիտումներ: Հենց այստեղից էլ, հումորիստի խոսքով, նրանց նկատել է երաժշտական պրոդյուսեր, երգահան Մաքսիմ Ֆադեեւը եւ հրավիրել մասնակցելու նախագծին: «Ինքս էլ զարմացա, երբ իմացա, որ նրանց հրավիրել էին Ռուսաստանի «Առաջին ալիք»-ից: Ես ոչ մի բանից տեղյակ չեմ եղել: Այնքան ինքնուրույն երեխաներ են… Աղջկաս ընտանիքն արդեն մի քանի տարի է՝ Սոչիում է ապրում, թոռնիկներս Ռուսաստանի քաղաքացի են, այնտեղ են դպրոց գնում, թեեւ հրաշալի կարդում եւ գրում են հայերեն: Եթե Աստծո կամքն է, թող երգի ուղով շարունակեն իրենց ճանապարհը»,-եզրափակեց պարոն Ղազարյանը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ. ԵՐԿՐՈՐԴ ՕՐ

Այսօր կկայանա Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի խաղային երկրորդ օրը: Երեւանի ժամանակով 23:00-ին երկու հրաշալի դիմակայություն է սպասվում:
«Այաքս»-«Յուվենտուս»
Մադրիդի «Ռեալին» պայքարից դուրս «շպրտած» հոլանդացիները «Յոհան Կրոյֆ Արենայում» ուժերը կչափեն իտալական հայտնի «Յուվենտուսի» հետ: Այս խաղին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Կրիշտիանու Ռոնալդուն, որն արդեն ապաքինվել է ազդրային վնասվածքից: Հանդիպման ֆավորիտը թուրինցիներն են, սակայն «հոլանդական մեքենան» արդեն ապացուցել է, որ իրենց հետ հեշտ լինել չի կարող: «Յուվեն» ունի ֆավորիտ լինելու մի շարք պատճառներ, որոնցից գլխավորը անհատական վարպետների ներկայությունն է` գլխավորությամբ Ռոնալդուի: Չպետք է աչքաթող անել նաեւ այն, որ սեւ-սպիտակները տեսել են, թե ինչպես է «Այաքսը» հաղթահարում «Ռեալի» արգելքը, եւ դա նրանց կտա լրացուցիչ զգոնություն:
Անչափ հետաքրքիր դիմակայություն է սպասվում, որը կարելի է անվանել փորձի եւ երիտասարդության երկրորդ առերեսումը: Առաջին հանդիպման ժամանակ ուժեղ էին երիտասարդները, այսինքն՝ «Այաքսը», եւ հետաքրքիր է, թե այդ ամենի շուրջ հիմա ինչ է մտածում թուրինյան «Յուվենտուսը»:
«Մանչեստեր Յունայթեդ»-«Բարսելոնա»
Օրվա գլխավոր հանդիպումը կկայանա Երազանքների թատրոնում` «Օլդ Տրաֆորդում». պատմության ամենահետաքրքիր զույգերից մեկը կհանդիպի հերթական անգամ: Մանչեստրյան ակումբը, անհավատալի ձեւով հաղթահարելով փարիզյան հանրահայտ ակումբին՝ ՊՍԺ-ին, այս փուլում հանդիպել է կատալոնական գրանդին: Թղթի վրա ֆավորիտը «բլաուգրանան» է, սակայն նույն իրավիճակն էր նաեւ ՄՅՈՒ-ՊՍԺ խաղից առաջ: «Բարսելոնան» ունի Մեսսի` այն մեծագույն փաստը, որը կարող է վճռորոշ դառնալ այս դիմակայությունում: Բոլորն այս դիմակայությունում հավատում են կատալոնացիներին, բայց մանկունյանցիները ունեն աներեւակայելի կամային ուժ, որն էլ հենց առաջ է մղում Սուլշերի տղաներին: Նորվեգացու գալուց հետո շատ բան է փոխվել անգլիական ակումբի կազմում, բայց սա այն խաղերից է, որտեղ երբեք չի կարելի առանձնացնել առաջատարի. սա պատմական հերթական առճակատումն է:
Երկու թիմերն էլ խաղին մոտենում են առանց լուրջ կորուստների, երկուսն էլ կարոտ են Չեմպիոնների Լիգայի գավաթին, եւ երկուսն էլ պատրաստ են ամենաանհնարինին` մյուս փուլում հայտնվելու համար:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս