«Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն արձագանքել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այն հայտարարությանը, թե պետք է փակել Արա Վարդանյանի էջը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել էր․ «Արա Վարդանյանի քայլի հետևանքով 2018-ին Համահայկական հիմնադրամը ծանր շրջան ապրեց։ Արա Վարդանյանի էջը փակելու ենք, դնենք մի կողմ»։
Ի պատասխան Արա Վարդանյանը նշեց․ «Արա Վարդանյանի էջը ոչ դուք էք բացել, ոչ էլ դուք կարաք փակեք։ Արա Վարդանյանն ամեն ինչին իր կյանքում հասել է աշխատանքով։ Այն փաստը, որ ինձ 4 անգամ անընդմեջ միաձայն ընտրել են Հիմնադրամի տնօրեն երեւի թե նշանակում է, որ լավ եմ աշխատել։ Այն փաստը, որ իմ ղեկավարման 10 տարիների ընթացքում չի եղել որեւէ բողոք, կրկին երեւի թե նշանակում է, որ լավ եմ աշխատել։ Սխալվել եմ թե ոչ, կերեւա դատարանում։ Ես ոչ փախչում եմ արդարադատությունից, ոչ էլ խոչընդոտում։ Եթե սխալվել եմ, ապա, անշուշտ, պատասխան կտամ։ Բայց մեկ բան հստակ է՝ ես ունեմ անցած ճանապարհ եւ հայրենիքիս համար ծառայել եմ օր ու գիշեր, ինչով եւ հպարտ եմ… Արա Վարդանյանի էջը փակելու տեղը, ձեր երկրում Սահմանադրական կարգը պահպանեք, որ ձեր փակվող էջը շատ ցավալի չլինի»։
Արա Վարդանյանը հրաժարական է տվել անցյալ տարվա հուլիսի 10-ին, այն բանից հետո, երբ իրավապահները բացահայտել էին, որ նա խաղադրույքներ է կատարել հիմնադրամի հանգանակություններից ստացված գումարներից: Վարդանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) նախատեսված արարք կատարելու համար։ Խափանման միջոց է ընտրված գրավը:
Այս գրառմամբ սակայն Արա Վարդանյանը ցույց տվեց, որ իսկապես նրա էջը փակել է պետք, երբ իր խոսքում օգտագործում է ոչ թե մեր երկիր, այլ ձեր երկիր բառերը։ Այսինքն, Հայաստանն իր հայրենիքը չէ՞։