Լուրջ տեղաշարժ ակնկալել չենք կարող. Դավիթ Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ վաղը՝ հունիսի 20-ին, նախատեսվում է Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը: ArmLur.am-ն այս և այլ հարցերի շուրջ զրուցել է Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

«Այդ հանդիպումները շատ կարևոր են և′ խաղաղության պահպանման տեսանկյունից և′ բանակցային գործընթացի երկխոսության շարունակականության ապահովման տեսանկյունից: Ցանկացած նման հանդիպում մենք միշտ արժևորում ենք, որովհետև այլընտրանք բանակցային գործընթացի չկա»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Մեր զրուցակցի խոսքով՝  դեռևս նման հանդիպումները հարցին վերջնական կարգավորման չեն հանգեցնում. «Դրան դեռ շատ ժամանակ ունենք: Պաշտոնական Ստեփանակերտը չի մասնակցում բանակցային գործընթացին լիարժեք ձևով, ինչն այն կարևոր հանգամանքներից է, որ համապարփակ կարգավորումը, փաստորեն, անհնարին է դառնում, և մենք միշտ բարձրաձայնել ենք, որ անհրաժեշտ է վերականգնել պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք մասնակցությունը, և քանի այս մասնակցությունը լիարժեք չէ, բնական է` լուրջ տեղաշարժ ակնկալել չենք կարող»:

Դավիթ Բաբայանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի հայատյաց դիքորոշման շնորհիվ որևէ առաջընթաց չկա պաշտոնական Ստեփանակակերտը  բանակցային փուլ ընդգրկվելու մասին:

Նշենք, որ Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է շաբաթվա վերջին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ նախատեսվող հանդիպմանը:

Պաշտոնյան մասնավորապես գրել է. «Անհամբերությամբ սպասում եմ շաբաթվա վերջին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը, որպեսզի խրախուսեմ նրանց միջև երկխոսության շարունակումը: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հարցի առաջխաղացմանը»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս