ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր են գործարարին դրդել ինքնասպանության գնալ` ցած նետվելով Դավիթաշենի կամրջից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի նոյեմբերի 11-ին` Ժամը 09:45-ի սահմաններում, մի քաղաքացի Դավիթաշեն կամրջից ինքնասպանություն է գործել` իրեն ցած նետելով: Ըստ մամուլի հրապարակումների`ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել էն, որ մահացածը Երեւանի բնակիչ 39-ամյա Արմեն Հովհաննիսյանն է, որը նախկինում գործարար է եղել եւ ծայրահեղ այդ քայլին դիմել է ֆինանսական խնդիրների պատճառով:

Տպավորությունն այնպիսին է, որ այս ինքնասպանությունը մյուս դեպքերի նման պետք է մնար չբացահայտված, թե ինչու այս կամ այն երիտասարդ անձը ինքնասպան եղավ: Երիտասարդ գործարարի ինքնասպանությունը, սակայն, բավականին խորը արմատներ ունի, քանի որ 39-ամյա երիտասարդին իրականում դրդել են գնալ այդ քայլին:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արմեն Հովհաննիսյանի ինքնասպանության գործով երկու անձ հայտնվել են մեղադրյալի աթոռին:

Մասնավորապես, նախաքննական մարմինը Վյաչեսլավ Ասրյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա Միխաիլ Շամիրյանի հետ միասին սպառնալիքի ու անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով Արմեն Հովհաննիսյանին անզգուշությամբ հասցրել է ինքնասպանության. Հովհաննիսյանը 2017թ. նոյեմբերի 11-ին Երեւան քաղաքի Դավթաշենի կամրջից նետվելու միջոցով ինքնասպան է եղել:

Միխայիլ Շամիրյանին եւս մեղադրանք է առաջադրվել, որ նա Վյաչեսլավ Ասրյանի հետ միասին, սպառնալիքի ու անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով Արմեն Հովհաննիսյանին անզգուշությամբ հասցրել է ինքնասպանության: Երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը:
Ի դեպ, այս քրեական գործը քննելու է «Սասնա ծռեր»-ի գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս