Տեւական ժամանակ է` Արտաշատի քաղաքապետարանի աշխատանքը պարալիզացված է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավագանու 5 անդամներ` Արթուր Գալստյանը, Արտակ Աշիկյանը, Կամո Խաչատրյանը, Արման Դերմոյանը, Հերմոն Ավետիսյանը, մայիսի 3-ին հրաժարականի դիմում են ներկայացրել:
Նշենք, որ Արտաշատի ավագանու թվով 15 անդամները (օրենքով նախատեսված 15-ից) ընտրվել են 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ավագանու անդամների ընտրության արդյունքում: Բայց մայիսի 3-ի դրությամբ ավագանու անդամների թվաքանակը կազմում էր 12, քանի որ նրանցից 5-ը հրաժարականի դիմում էին ներկայացրել: Այժմ Արտաշատի համայնքի ավագանին ունի 7 անդամ, որն օրենքով սահմանված թվաքանակի կեսից պակաս է, ինչի պատճառով անհնարին է դարձել Արտաշատի ավագանու նիստերի հետագա անցկացումը:
«ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արտաշատի բնակիչները ավագանի կընտրեն սեպտեմբերի 29-ին:
Ի դեպ, տեղեկացնենք, որ նախորդ տարվա ընթացքում Արտաշատի քաղաքապետարանի աշխատանքը տեւական ժամանակ պարալիզացված մնաց: Համայնքի ավագանու 12 անդամներից 9-ը չէին մասնակցում ավագանու նիստերին եւ բոյկոտում էին: Նրանք պահանջում էին ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հրաժարականը: Իհարկե, հետո Արտաշատի քաղաքապետը կարողացավ ավագանու անդամների հետ ընդհանուր հայտարարի գալ, եւ նրանք սկսեցին նորմալ նիստեր անցկացնել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս տարեսկզբին ավագանու անդամները քաղաքապետին նեղն էին գցել իրենց նոր պահանջներով: Համայնքի ավագանու անդամներն այս ընթացքում «պարտադրում էին» քաղաքապետին կրճատել իր երկու տեղակալներին եւ երկու խորհրդականներին: Բացի այս, համայնքի ավագանու անդամները քննարկում էին քաղաքապետարանում կրթության եւ սոցիալական բաժինները միացնելու հարցը:
Ավագանու անդամների եւ քաղաքապետի հետ մենամարտում, կարծես թե, հաղթեց քաղաքապետը:
Սյունէ Համբարձումյան